Երևան +17°
copy image url
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 18:45 08-08-2022

Երբ ասում են՝ տները չվառեք, որ 10 մլն դրամ ստանաք, կարո՞ղ են այլ կասկածներ առաջանալ, որ այդ տներն արդեն ծախել են թուրքերին․ Հովհաննես Իշխանյան

Քրիստինե Հովհաննիսյան

Լրագրող

Հրապարակախոս Հովհաննես Իշխանյանը արդեն 3 օր է՝ Բերձորում ու Աղավոյում է։

Oragir.news-ի հետ զրույցում Իշխանյանն ասաց, որ ակնհայտ է, որ տեղի բնակիչները չեն ուզում լքել իրենց հայրենիքը ու դեռ հույս ունեն, որ մի որևէ շրջադարձ կլինի։

«Բերձորում մարդկանց եմ հանդիպել, որ ասում են՝ մինչև վերջ մնալու ենք։ Մարդկանց պետք է հաշվի առնել, Հայաստանի, Արցախի, Սփյուռքի բոլոր գործիչները՝ թե՛ հասարակական, թե՛ քաղաքական, թե՛ հոգևոր այրերը պետք է լուծումներ գտնեն, որպեսզի որևէ դեպքում թուրք ցեղասպանները հերթական տեղահանմանը չենթարկեն հայերին։

Ընդ որում՝ այս անգամ իրենք հայերին աքսորում են հենց հայերի ձեռքով, ոչ թե իրենց զինվորներն են գալիս ու հայերին հեռացնում, այլ հայկական ազգանուն ունեցող նախարարներին ուղարկում են մեր գյուղեր, որպեսզի նրանց փող առաջարկեն, որ մարդիկ իրենց տները լքեն։ Սա աննախադեպ իրավիճակ է, երբ մի ազգի ներկայացուցիչը իր ազգի մեկ այլ ներկայացուցչի աքսորում է»։

Իշխանյանը նշեց, որ դեպքերի է ծանոթ, երբ մարդկանց սպառնացել են, հոգեբանական ճնշումների են ենթարկել հենց արցախցի նախարարները։

«Օրինակ՝ Աղավնոյի գյուղապետը պատմում է այն մասին, թե ինչպես են Խծաբերդի իրադարձություններ ժամանակ իրեն սպառնացել, ասել, որ պետք է լքի գյուղը, բայց ինքը չի լքել, որովհետև Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նշվում էր, որ զորքերը կանգնում են այնտեղ, որտեղ կանգնած են, ու այդ պայմանավորվածությունը խախտելով՝ իրեն ասում էին՝ գնա, սպառնում էին, թե հիմա կգան, կվերացնեն։ Մինչդեռ որևէ տեղ ամրագրված չէ, որ հայերը պետք է ենթարկվեն էթնիկ զտման, այսինքն՝ բնակավայրեր տալու մասին որևէ տեղ խոսք չկա»։

Դիտարկմանը, թե Արայիկ Հարությունյանն, օրինակ, ասում էր՝ Աղավնոյի համար պետք է պայքարեն, Իշխանյանն ասաց, որ Արցախի իշխանությունները հիմա ոչ մի բանի համար չեն կարող պայքարել։

«Նախ՝ իրենք 44 օր ստի մեջ են պահել ժողովրդին, իրենք են հասցրել նրան, որ այդ ահաբեկչությունը հայ ժողովրդի դեմ եղավ։ Իսկ հիմա շարունակում են կառավարել ու «կզած» բանակցությունների գնալ։ Հիմա պայքարը պետք է լինի քաղաքացիների, «Դիմադրության» շարժման անդամների կողմից։

Նորմալ է, որ Արայիկ Հարությունյանը պետք է ասի, որ չենք կարող պահել, հիմա այս պարագայոմ լսել Արայիկ Հարությունյանին ու մտածել, որ ոչինչ հնարավոր չի, կործանարար է մեզ համար, որովհետև եթե լսենք այդ մարդկանց, ապա տալու ենք Բերձորը, թշնամին գալու է նստի Տեղ գյուղի բերանի վրա, ու Սյունիքից բան պոկելու հարց է առաջանալու։

Մինչդեռ եթե հիմա այս գյուղը կամք է դրսևորում ու ցույց է տալիս օրինակ, որ կարելի է պահել, այդ օրինակները կարող են ճյուղավորվել, ու առաջանան այլ օրինակներ։ Այսինքն՝ Արայիկ Հարությունյանի խոսքերը պետք է անտեսվի»։

Անդրադառնալով պատերազմով սպառնալիքներին՝ Իշխանյանն ասաց, որ այնտեղ ռուս խաղաղապահներ կան, որոնք պարտավորված են պաշտպանել խաղաղությունը, ու եթե Ադրբեջանը փորձի հարվածել, ապա ռուս խաղաղապահները պարտավորված են խոչընդոտել դրան․ «Մյուս կողմից էլ, եթե պետք է անընդհատ պատերազմով սպառնան, ապա պետք է հաշվի առնեն, որ եթե պատերազմ չսկսվի, մենք հայրենքի ենք կորցնելու»։

«Էսքան մարդ զոհվեց այդ հողը պահելու համար, ընդ որում՝ ես չեմ խոսում միայն 44-օրյայի մասին, հիմա այդ մարդկանց հանդեպ մենք որևէ պատասխանատվության զգացում չունե՞նք։ Ոչ մեկը չի ուզում, որ պատերազմ սկսվի, որովհետև հիմա նրանք ավելի ուժեղ են, բայց դիվանագիտական հարցերում էլ անընդհատ սխալներ ենք թույլ տալիս։ Ադրբեջանը չի կանգնել իր տեղում, անընդհատ առաջ է գալիս, Թուրքիան ներխուժել է եռակողմ հարաբերությունների մեջ, մեր գերիները վերադարձված չեն։ Այսինքն՝ բոլոր կետերն արված չեն, բայց մեզնից պահանջում են ավելին, քան հայտարարության մեջ կա։

Սա հենց այն մասին է, որ բանակցողները պետք է փոխվեն, բայց բանակցողներն էլ կփոխվեն այն պարագայում, երբ «Դիմադրրության» շարժումը մի քիչ կամք դրսևորի։
Հիմա եթե գյուղը որոշի դիմադրել, ի՞նչ է անելու «Դիմադրության» շարժումը»։

Դիտարկմանը, թե «Դիմադրության» շարժումից ասում են, որ այս պահին քաղաքական կոնսուլտացիաների մեջ են, նա պատասանեց, որ առաջարկում է, որ շարժման անդամները գան Աղավնոյի բնակիչների հետ խոսելու․ «Տուն առ տուն մտնեն, հասկանան մարդկանց ցանկությունները, կարիքները, տրամադրվածությունը, հետո այդ հավաքած ինֆորմացիայից վերլուծություն անեն ու միտքը պահեն նրա վրա, որ գյուղը պետք է պահել, ոչ թե խոչընդոտներ փնտրեն։ Ադրբեջանն էլ կարող էր խոչընդոտ տեսնել ու ասեր, դե Արցախը վերցրել են, էլ ոչ մի բան չենք կարող անել։

Այսինքն՝ այդ կոնսուլտացիաների ժամանակ իրենք իրար համոզում են, որ հնարավոր չէ որևէ գործողություն կատարել։ Այդ կոնսուլտացիաները այստեղ նաև ռուս խաղաղապահների հետ պետք է արվի։ Մինչդեռ այստեղ մարդկանց վախեցրել են, ասել են թուրքական սպեցնազը կմտնի, եթե դուրս չգանք․ Թուրքիան ի՞նչ գործ ունի եռակողմ հարաբերությունների մեջ։ Քաղաքական կոնսուլտացիաների ժամանակ այդ հարցը բարձրացնո՞ւմ են։ Հարցնո՞ւմ են՝ արդյոք դա ճիշտ է, որովհետև դա կարող է սուտ լինել։ Այդ ինֆորմացիան էլ Արցախի իշխանություններն են տալիս։ Իսկ եթե սուտ չէ, ուրեմն Թուքիային պետք է հանել այստեղից դիվանագիտական ճանապարհով»։

Նա ընդգծեց, որ թե՛ իշխանությունները, թե՛ ընդդիմությունը միտքն աշխատացնում են տեղահանելու ուղղությամբ, մադկանց էլ սպառնում են, թե տները չվառեք, հակառակ դեպքում 10 մլն դրամն էլ չենք տա։

«Ինչ պիտի անեն մարդիկ այդ 10 մլն դրամով։ Այսինքն՝ այստեղ կարող են, չէ՞, այլ կասկածներ լինեն․ օրինակ՝ որ այդ տներն արդեն ծախել են թուրքերի վրա։ Դա շանտաժ է, չէ՞, ինչու, օրինակ, հիմա ընդդիմության պատգամավորները չեն փորձում պարզել, թե այդ ինչ շանտաժ է։ Մինչդեռ այս ամենը բացահայտելով էլ հենց հնարավոր է ժողովրդին կոնսոլիդացնել։

Ես նամակներ եմ ստանում թե՛ Սփյուռքից, թե՛ Հայաստանից, որ իրենք գյուղի կողքին են, ասեք՝ ինչ կարող ենք անել։ Հնարավո՞ր է մարդկային ռեսուրսը մոբիլիզացնել քաղաքական կոնսուլտացիաների փոխարեն։ Ի վերջո, իրենք ունեն պատգամավորական մանդատ, ու դրանով իրենք կարող են տարբեր դռներ բացել։ Մյուս կողմից էլ կա կասկած, որ սա արվում է Թուրքիայի ընտրություններին ընդառաջ, Էրդողանը կարող է ասել, որ մտել է գյուղ ու ահաբեկիչներ է վերացրել, բայց եթե պատգամավորներն այստեղ լինեն, իրենց ներկայությամբ էրդողանը կարո՞ղ է ասել, որ ահաբեկիչներ է վերացրել, չէ՞ որ նրանք ճանաչված պետության ճանաչված պատգամավորներ են»,- շեշտեց Իշխանյանը։

Ամենից շատ դիտված