Երևան +10°
copy image url
Խոսք Ներքին 1 տարի առաջ - 14:29 06-08-2022

Դոլարի փոխարժեքի անկման արդյունքում ՏՏ ընկերությունները կարող են վնասներ կրել ու քայլեր ձեռնարկել իրենց բիզնեսը Հայաստանից դուրս բերելու համար․ Թադևոս Ավետիսյան

Դոլարի արժեզրկումը դրամի նկատմամբ շարունակվում է, այսօր առևտրային բանկերը առքի առավելագույն գին են սահմանել 408 դրամը, իսկ վաճառքի՝ 420 դրամը։ Հատկանշական է, որ օրեր առաջ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել էր, որ կա «կարմիր գիծ», որից ներքև դրամի արժևորումն արդեն ցավոտ հարված է հասցնելու մեր տնտեսությանը․ այդ կարմիր գիծը 1 դոլարի համար 450 դրամն է։ Նույն օրը ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 9.5%:

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն Oragir.news-ի հետ զրույցում ընդգծեց, որ մեր գերատեսչությունների անպատասխանատու և չհամադրված աշխատանքը նոր չէ այս իշխանությունների օրոք և ոչ միայն դրա հետևաքները կրում է մեր տնտեսությունը, այլև դրա արդյուքնում սոցիալական բացասական հետևանքներն են խորանում։

«Իրականում Կենտրոնական բանկը իրականացնում է դրամավարկային քաղաքականություն և սահմանադրորեն պատասխանատու է գնաճի զսպման կամ ավելի ճիշտ՝ դրա հավասարակշռման համար։ ԿԲ-ն փաստացի ունի գնաճի վրա ազդելու վերաֆինասավորման տոկոսադրույթի գործիքը, որով փորձում է արժևորել, բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ արժևորելով Հայաստանի դրամը, ակնկալելով, որ դրա արդյունքում պետք է լինի որոշակի գնաճի զսպում։ Այսինքն՝ իհարկե, լավ օրից չէ, որ ԿԲ-ն որդեգրել է այդ կոշտ փողի քաղաքականությունը։ Վերաֆինանասավորման տոկոսադրույքի հերթական բարձրացումը բերել է նաև նրան, որ տնտեսությունը տուժում է, այսինքն՝ պարտքով փողը թանկանում է, և դա այն դեպքում, երբ տնտեսությունը զարգացման այս փուլում ավելի մեծ անհրաժեշտություն ունի պարտքով փողի ներգրավման։ Այսինքն՝ սա փաստացի հակառակ էֆեկտն է ունենում տնտեսական զարգացման վրա»։

Տնտեսագետ պատգամավորի դիտարկմամբ՝ երկրորդ կարևոր հարցն այն է, որ ամենամեծ հարվածը ստանում են մեր երկրի արտահանման ճյուղերը, փաստացի ստացվում է՝ ո չ միայնարտահանումն է կրճատվելու, այլև տեղական արտադրանքը փոխարինվում է ներմուծվածով։ «Այսինքն՝ ներմուծված ապրանքները դառնում են ավելի մրցակցային և տեղական արտադրողները, որ մրցակցում են ներմուծված ապրանքների հետ, ունենում են բացասական արդյունք»։

Նա ընդգծեց, որ դոլարի արժեզրկման հետևանքով մեծ կորուստներ է կրում նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, որի արձագանքները արդեն ստանում ենք։ «Նման պարագայում ՏՏ ոլորտի ընկերությունները կարող են ոչ միայն շահույթով չաշխատել, այլև ստանալ վնասներ, ինչի արդյունքում կարող են քայլեր ձեռնարկել իրենց բիզնեսը Հայաստանից դուրս բերելու համար։ Սա մեզ համար մեծ հարված կլինի, որովհետև ՏՏ ոլորտն ամենադինամիկ զարգացողներից է աշխարհում, նաև Հայաստանում, քանի որ այն Հայաստանի տնտեսության կարևոր բաղադրիչն է։ Այս իմաստով՝ էկոնոմիկայի նախարարը իրականում մասնակիորեն օբյեկտիվ է»։

Նա ընդգծեց, որ աշխարհում գնաճի ահագնացող պայմաներում փորձում են տնտեսությունը չկաշկանդել։ Օրինակ՝ ՌԴ-ում վերաֆինանսավորման տոկոսադրույքը վերջին փուլում 4-5 անգամ նվազեցվել է, որի արդյուքնում հիմա ՌԴ-ում այն ավելի ցածր է, քան Հայաստանում։ Թեև Ռուսաստանը գտնվում է պատերազմական փուլում և սանկցիաների ներքո է, այդուհանդերձ փորձում է մասքիմալ պայմաններ ապահովել՝ կայուն տնտեսական աճի համար։

«Դա ստացվում է։ ՌԴ տնտեսությունը արագ վերականգնվում է, հետաքրքրքկան են նաև միջազգային կազմակերպությունների գնահատականենրը ՌԴ տնտեսության վերականգնման վերաբերյալ։ Մինչդեռ մենք, հակառակը, այն իրավիճակում ենք, երբ կա գնաճ, մարդկանց իրական եկամուտները նվազում են, և ամենամեծ հարվածը ստանում են աշխատող աղքատները, ծայրահեղ աղքատները և միայնակ կենսաթոշակառուները։ 2020 թ․-ից հետո մենք ունենք թռիչքաձև գնաճ, բայց չունենք նվազագույն աշխատավարձի բարձրացում, հիմնական կենսաթոշակի չափը չի ավելացել, անապահովության նպաստի չափը նույնպես անփոփոխ է։

Այստեղ, սակայն, պետք է ասել, որ ամեն ինչ չէ, որ պետք է թողնել ԿԲ-ի վրա, որպեսզի ԿԲ-ն և՛ գնաճ կառավարի, և՛ տնտեսություն խթանի, և՛ սոցիալական խնդիրներ լուծի, այդ դեպքում ինչի՞ համար են կառավարությունը և տասնյակ նախարարները։ Այստեղ յուրաքանչյուրն իր գործը պետք է անի, որ հակակշիռները բերեն նվազագույն կորուստների և տնտեսական զարգացման համար պայմաններ ապահովեն, մինչդեռ մենք տեսնում ենք, որ միայն խոսակցություններ են, մեկը մյուսի վրա գնդակ է գլորում, որից ո՛չ տնտեսությունն է օգտվում, ո՛չ էլ սոցիալական հարցեր են լուծվում»։