copy image url
Միտք Ներքին 2 տարի առաջ - 18:30 29-07-2022

Համընդհանուր քամություն

Ողջ ճշմարտությունն ասելը, այն էլ հրապարակավ, բոլորովին էլ քաջություն չէ, այլ քամություն։ Ռուսները դա «хамство» են անվանում։ Նկատի ունեն Նոյի կրտսեր որդի Քամի արարքը։ Իր աճեցրած խաղողից իր ձեռքով քամած գինուց Նոյը լավ արբել ու խոնջացած քնել էր` ակամա մերկացնելով քղանցքների թաքցրածը։ Իսկ Քամը մտավ այնտեղ, ուր չպետք է լիներ, տեսավ այն, ինչ չպետք է տեսներ։ Նա ոչ միայն տեսավ, դիտեց իր հոր մերկությունը, այլ նաև շտապեց այդ մասին պատմել զույգ եղբայրներին։

Քամին արգահատեցին ոչ միայն անպատկառության, հորն անզգամորեն ծաղրելու նպատակով «ճշմարտությունը» հայտնելու, այլ նաև անխոհեմության, շրջահայացության պակասի համար։ Մենք դրան հիմա «խամություն» ենք ասում. այսինքն` կանխակալ ներողմտությամբ արարքը վերագրում ենք անփորձությանը, միամտությանը։ Ինչևէ. բայց Նոյը Քամին ու նրա սերունդին անիծեց` քամյան բոլոր ժողովուրդներին դատապարտելով հավետ ծառայական խավ լինելու ճակատագրին։

Քամը գուցե և Նոյից հետո եղած աշխարհի առաջին լրագրողը, ռեպորտյորն է, բայց ըստ էության՝ նա ոչ մի ճշմարտություն էլ չի ասել, այլ անարգել է իր ծնողին, արհամարհել է մշակութային տաբուն, ծաղրել է անվերապահը, ոչնչացրել, ջնջել է որդիական սերը։ Իսկ բարձրագույն բարոյականության արժեհամակարգում առանց սիրո բոլոր ճշմարտությունները նույն սուտն են։ Հիմա մեր լրագրության մեջ սուտն է գերակա, քանի որ սերը բացակայում է գրեթե միշտ, ու գրեթե միշտ լրագրողը շատ էժան ծառայող է, ոչ թե ճշմարտությունն առանց չարության հայտնող մունետիկ։

Ճշմարտության մեջ միշտ նաև մեծ ցավ կա թաքնված. և ո՛չ բոլորը պետք է տեսնեն ու իմանան այն։ Հիմա հեշտությամբ մերկացող ու անամոթ մեր դարում ոմանց ականջին, գուցե, խորթ հնչի, բայց ո՛չ բոլորին է հաճելի` մերկանալ բոլորի առաջ։ Առավել ևս տհաճ է, երբ քամավարի, խամությամբ արդարանալով, առանց անձի իրավունքների հետ հաշվի նստելու մերկացնում են։ Մինչդեռ. ճշմարտությունը պետք է անհրաժեշտություն լինի, ոչ թե դառնա զենք, գործիք, անձի արժանիքները նվաստացնելու ու սեփական արատները պարտակելու և անպատիժ մնալու հնարանք։

Հանրային խոսք ասողը, հավատացած եմ, պետք է հայտնի իր իմացած ճշմարտության միայն այն մասը, որը պետք է, որ հանրությանն իմանա. և ոչ թե այն, ինչն իմանալու ոչ մի անհրաժեշտություն ու կարիք չկա, բայց ինչը բոլորն ուզում են իմանալ` ուրիշի բանալու անցքից ներս նայելով։ Մինչդեռ հիմա հանրությանը ցույց են տալիս ավելին, քան կա բանալու անցքի հետևում. նրա գլուխն են խոթում սուտը, հնարածը, սադրածը, մտավոր քաոս ու թյուրիմացություն առաջացնողը։ Սա հանրային քամությունն է` գործունեության, ստրկամիտ ու էժան ծառայության մեջ։

Բոլոր ժամանակների դասականը կարծում էր, որ «ճշմարտության բերանը պետք է փակ լինի», բայց նաև համոզված էր, որ «ճշմարտությունը դարեդար կանցնի, սերնդեսերունդ, մինչև վերջնագույն օրը աշխարհի»։ Ճշմարտությունն ասելը նշանակում է քիչ խոսել ու ասել գլխավորը, բաց նաև նշանակում է, որ լսողը քիչ ասածից պետք է շատ հասկանա։ Ճշմարտությունը լսել իմացողի ու հասկանալ կարողացողի համար է։ Մնացածին բավարարում է ցանկալի ու հարմար սուտը։

Այսօրյա մեր կյանքի քամության օրինակներն են զուգարանային ու սեռական թեմաներով «հումորը», կենցաղային «դեղին» քաղքենիամիտ լուրերը, քաղաքական մտածողությունից զուրկ քաղաքական վերլուծությունները, կյանքի հետ ընդհանուր եզր չունեցող տնտեսական գնահատականները, իշխանական գործունեության ու միջոցառումների մասին վարդագույն ակնոցներով կամ հավկուրությամբ արված ռեպորտաժները։ Դրանց մեջ սեր չկա, հումորը բացակա է, բովանդակությունը զուրկ է իմաստից, գիտելիքի վակուումը ու հավակնոտության սնանկությունը մրցում են իրար հետ։ Մինչդեռ սեփական մերկության մասին ոչ ոք չի գրում։

Փոխարենը առատ են անամոթությունից, վատ դաստիարակությունից կամ դրա պակասից, անկրթությունից, սիրո բոլոր դրսևորումների բացակայությունից բխող իմաստակային, քամականության, խամության մակերեսային կուտակումները։ Հիմա լրագրող է նա, ով ուզում է լուր հայտնել հանրությանը. կարողություններն ու կարելիությունները այլևս ոչինչ են։ Այո՛, «բարի լուր հայտնող» դռնեդուռ ընկած եհովականների ու աղանդավորական այլ շրջիկ խմբերի նման, որոնց անելիքից ու ասելիքից նախ և առաջ բացառել են բարությունն ու սերը։

Հիմա ավելի շատ ու առավել հաճախ է բարձրաձայն ասվում այն, ինչ շատ մարդիկ ամաչում ու անթույլատրելի, առողջ մտքի համար ներքուստ վիրավորական են համարում նույնիսկ մտածել։ Իսկ ճշմարտությունը այսքան ստի մեջ կորչում է կամ արդեն չկա։ Քամությունը դարձել է կենսաձը։ Այսպես է, քանի որ սեր չկա մարդու, ազգի, պետության, հայրենիքի, ապագայի նկատմամբ։

Իսկ այսպես է, որ դժվարությունն զգալի չլինի, այս ամենը թուրքին տալը հեշտ լինի։
adv_banner

Ամենից շատ դիտված

21:30 Հովիկ Աղազարյանը միասեռակա՞ն է. Տարոն Չախոյանի «սենսացիոն բացահայտումը»
22:10 Շինություն, ավտոմեքենա, 3 մլն կանխիկ, 2 մլն եկամուտ․ Աննա Հակոբյանի գյումրեցի ազգականի ունեցվածքը
23:12 Շենգավիթի թանկ ու անշուք տոնածառը. բնակիչների վերաբերմունքը
12:25 Գլխիվայր շրջված մեքենայում եղել են արցախցի 17 և 18 տարեկան տղաներ. մանրամասներ
21:59 Իրենց հարուցած գործերը ինձ չեն կաշկանդում, ես միայն վերին Երուսաղեմից եմ կաշկանդվում. Վարդան Ղուկասյան
18:00 Աշխարհագրության ֆակուլտետ՝ առանց աշխարհագրության քննության․ ուսանող չկա
22:16 18+. մերկ լուսանկարներ Չարենցի թանգարանում. ով է էրոտիկ ցուցադրության հեղինակը
21:28 Բերման են ենթարկվել քրեական պատմություններով հայտնի Արտյոմ Կանևսկոն և նրան ուղեկցողները. shamshyan.com
16:30 Հովիկ Աղազարյանի նմանը ընդհանրապես պետք է տեղ չգտներ Ազգային ժողովում. հարցում
17:18 Վեշով չբարձրանա՛ք. վիճաբանություն՝ Երևան-Դիլիջան տրանսպորտում