Երևան +17°
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 14:46 27-07-2022

Որոշ ուժեր փորձում էին Վրաստանին պատերազմի մեջ ներքաշել. Բիձինա Իվանիշվիլի

Չնայած ահռելի դժվարություններին, իշխող թիմն անվրեպ է գործել, ճիշտ ու սկզբունքային դիրք է գրավել, և հիմնական դժվարությունը՝ պատերազմի վտանգի առաջին փուլն, արդեն հաղթահարված է, ասվում է Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հայտարարության մեջ:

Նրա խոսքով, «այդ ջանքերի շնորհիվ Վրաստանին պատերազմի մեջ ներքաշելու անմիջական սպառնալիքն այժմ առավելագույնս չեզոքացվել է»։

Իվանիշվիլին բացատրում է, որ «որոշ ուժեր ակտիվորեն փորձել են Վրաստանին պատերազմի մեջ ներքաշել, և նրանց այդ ցանկությունն ու նպատակը, ցավոք, այսօր էլ արդիական են»։

«Արդեն մեկուկես տարի է, ինչ ես հանրությանը հայտնել եմ քաղաքականությունից հեռանալու իմ մտադրության մասին, և այդ ժամանակվանից ես լիովին հետևում և հետևելու եմ իմ որոշմանը։ Այս ընթացքում ես միայն մեկ հրապարակային հայտարարություն եմ արել, և միայն այն բանի համար, որ որևէ մեկը չշահարկի իմ անունը։ Ես չէի ուզում, որ ոչ միայն ես, այլ նույնիսկ իմ գործոնը որևէ ազդեցություն ունենա քաղաքական գործընթացների վրա, և հենց սա է եղել ու կա իմ՝ հանրային տարածքից լիակատար հեռավորություն պահելու պատճառը։

Միևնույն ժամանակ, որպես այս երկրի զավակ, ես բնականաբար, ամենայն ուշադրությամբ հետևում եմ Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին։ Տարածաշրջանում ստեղծված բարդ քաղաքական իրավիճակի ֆոնին Վրաստանն ու երկրի իշխող թիմը վերջին ամիսներին ստիպված են եղել շատ ցավոտ գործընթացների միջով անցնել։ Վրաստանի և նրա իշխանությունների համար իրավիճակը հատկապես բարդացնում էր այն հանգամանքը, որ որոշակի ուժեր ակտիվորեն փորձում էին Վրաստանին ներքաշել պատերազմի մեջ, և այդ ցանկությունն ու նպատակը, ցավոք, այսօր էլ արդիական են։

Ուզում եմ նշել, որ մինչև ուկրաինական պատերազմի ավարտը որոշակի ռիսկեր դեռևս մնում են, և թե՛ իշխանությունները, թե՛ հասարակությունը պետք է հնարավորինս զգույշ լինեն, որպեսզի Վրաստանը վերջնականապես խուսափի ճակատագրական պատերազմից։

Միևնույն ժամանակ, այսօր, երբ պատերազմի անմիջական վտանգն արդեն հնարավորինս չեզոքացվել է, կարծում եմ, որ իշխող թիմը հնարավորություն ունի ուշադրությունը բևեռել մեկ այլ կարևոր առաջնահերթության վրա և աշխատել, որպեսզի Վրաստանի հարաբերությունները ռազմավարական գործընկերի՝ ԱՄՆ-ի և Եվրամիության հետ չտուժեն։

Ինչ վերաբերում է շվեյցարական բանկի հետ կապված իմ անձնական խնդրին. այն այսօր էլ արդիական է և կարծում եմ, որ անմիջական կապ ունի Վրաստանում ընթացող գործընթացների հետ։ Սակայն, հաշվի առնելով, որ Վրաստանը գործնականում հաղթահարել է բարդ իրավիճակը և պատերազմի անմիջական վտանգն անցել է, գերադասում եմ շվեյցարական բանկի հետ հարաբերությունները թողնել իմ անձնական տիրույթում ու այն անհարկի չպարտադրել հասարակությանը։ Եվ կարևոր չէ, թե ինչի համար պետք է ծախսեի շվեյցարական բանկի կողմից սառեցված միջոցները՝ անձնական նպատակներով, թե հանրային կարիքների համար։ Ամեն դեպքում նախընտրում եմ, որ հասարակությունը բանկի հետ կապված խնդիրը համարի իմ անձնականը։ Այս գործով մանրամասն պարզաբանումներ տրել է իմ փաստաբանը և հետագայում էլ կտա։

Ինձ համար գլխավորն այն է, որ Վրաստանը վերջնականապես և պատշաճ կերպով դուրս գա դժվարին իրավիճակից և պահպանի խաղաղությունը, իսկ իմ անձնական հարցերով կզբաղվեմ ինքս և չեմ փորձի ծանրաբեռնել հասարակությանը։

Եվ վերջում, քանի որ քննարկվում է նաև Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո ԱՄՆ դեսպանի հետ իմ հանդիպման թեման, կցանկանայի պարզաբանել, որ նման հանդիպում իսկապես տեղի է ունեցել դեսպանի խնդրանքով, մարտի 21-ին և տևել է մոտ երեք ժամ»,- ասվում է Բիձինա Իվանիշվիլիի հայտարարության մեջ, հաղորդում է InterpressNews-ը:




Ձեզ գուցե հետաքրքրի