ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը և փաստաբան, նախկին զինդատախազ Հակոբ Մարտիրոսյանը բողոք են ներկայացրել Վճռաբեկ դատարան, որով բողոքարկել են Վերքաննիչ քրեական դատարանի կողմից Նիկոլ Փաշինյանի կողմից առերևույթ պետական դավաճանություն կատարելու դեպքի առթիվ դատախազության անգործության գործով կայացրած որոշումը։
Oragir.news-ի հետ զրույցում փաստաբան Մարտիրոսյանը, անդրադառնալով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Բիշարյանի նախագահությամբ կայացված որոշմանը, որով դատավորը անփոփոխ էր թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը, ասաց, որ Վերքաննիչ դատարանի որոշումը բացարձակապես անհիմն էր։
«Եթե Կարեն Բիշարյան անուն-ազգանունը մի տեղ կա, այդտեղ չի կարող արդարադատություն լինել։ Արդեն բացարձակապես դատական համակարգից որևէ ակնկալիք, որևէ սպասելիք չունեմ, որ կարող է պատահի՝ որևէ հարց լուծվի։ Եթե Վճռաբեկ դատարանը ցանկանա մեկ տոկոս օբյեկտիվ դատական ակտ կայացնել, պետք է վարույթ ընդունի մեր բողոքը, բայց որպեսզի ինքը չմտնի այդ գլխացավանքի մեջ, մեծ է հավանականությունը, որ բողոքը հետ է վերադարձվելու։ Այսինքն՝ սրանով այդ խնդիրը տանելու են փակուղի։ Բայց մեր գործողությունները Վճռաբեկ բողոքով չեն սահմանափակվելու, մենք դիմելու ենք Եվրոպական դատարան։
Սակայն այդպես չէ, որ դիմելու ենք ու նստելու ենք, սպասենք վճռի։ Ես կոչ եմ անում բոլորին ձայն բարձրացնել։ Ոչ թե ձայն բարձրացնել ի պաշտպանություն մեր բողոքի, այլ ուշադրություն դարձնել այն խնդրին, որ դատախազությունը պնդում է, որ ճիշտ է արել, որ մեր ներկայացրած բողոքը կցել են Մովսես Հակոբյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործին։ Մենք պնդում ենք, որ դատախազությունը նման լիազորություն չունի։ Բանը նրանում է, որ մենք հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել Նիկոլ Փաշինայանի և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով նախատեսված պետական դավաճանություն կատարելու փաստի առթիվ, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի կողմից 309-րդ հոդվածով նախատեսված առերևույթ հանցագործություն կատարելու մարմին։
Դատախազությունը հանցագործության մասին հաղորումը ուղարկել է Մովսես Հակոբյանի հայտարարության հիման հարուցված քրեական գործին կցելու։ Մինչդեռ «ուղարկել» կամ «կցել» որևէ գործի Քրեական դատավարության օրենսգիրքը որևէ հոդվածով կամ կարգավորմամբ չունի։ Դատախազության օրենքով չնապատեսված որևէ գործողության իրականացում դիտվում է որպես անգործություն։ Դատախազությունը կարող էր կամ քրեական գործ հարուցելը մերժել, քրեական գործ հարուցել կամ ուղարկել գործը համապատասխան մարմնին՝ քննություն կատարելու համար»։
Փաստաբանը Հայաստանում գործող փաստաբանների ու իրավաբանների ուշադրությունն է հրավիրում խնդրին և առաջարկում բոլորին կարծիքն հայտնել, թե արդյոք դատարանը ճիշտ է վարվել՝ մերժելով իրենց բողոքը։
«Մեր բոլորի խնդիրը պետք է լինի՝ պարզել, թե 4000-ի մոտ զոհերի և 12 հազարին մոտ վիրավորների հարցում պետական դավաճանություն կատարող սուբյեկտ կա՞, թե՞ չկա։ Դա կարող է որոշվել միայն այս բողոքով, որովհետև մյուս բողոքներով պետական դավաճանության մասին հաղորդումը հանցակազմի բացակայնությամբ մերժվում է»։
Փաստաբանը նաև նշեց, որ իրենց բողոքի էությունը և առկա խնդիրը նաև Մոսկվայի քրեական դատավարության ամբիոնում մասնագիտական քննարկման է ներկայացրել․ «Այնտեղի պրոֆեսորադասախոսական կազմը զարմացել էր, որ նման հարց առհասարակ կարող է առաջանալ, քանի որ ակնհայտ է, որ քրեական հետապնդման մարմինը սխալ է թույլ տվել։
Ավելի քան 1000 տոկոսով վստահ եմ, որ մեր դիրքորոշումը ճիշտ է․ ակնհայտ ապօրինի որոշում է կայացվել։
Գիտեք՝ դատարանում, երբ Բիշարյանին հարցրինք, որ նախկինում դատական նիստերը հաճախակի նշանակվի, որովհետև այս գործընթացը տուժողների հարազատներին աննկարագրելի հոգեկան տառապանք է պատճառում, դատական նիստին Բիշարյանն ասում էր ծանրաբեռնված էր, բայց երբ հայտնի դարձավ, որ Վճռաբեկ դատարանի դատավոր է գնալու, մեր հարցին՝ հնարավո՞ր է, որ դրանով պայմանավորված կաշկանդված լինեք և ոչ օբյեկտիվ դատական ակտ կայացնեք, նա պատասխանեց՝ ոչ։ Չնայած դրան, նման ապօրինություններ թույլ տալով, այդ դատավորը դարձավ Վճռաբեկ դատարանի դատավոր»։