Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 16:56 24-07-2022

Երբ «բուձիլնիկ» աշխատելն ավելի հեշտ է, քան քաղաքապետ լինելը․ լավագույն որոշումը փչացնելու մաստեր կլասս

Weekend-ի պոզիտիվը այս անգամ ապահովեց Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։ Նա, ըստ ամենայնի, եւս որոշել էր ետ չմնալ գործընկերներից՝ որեւէ բան բլթցնելու կամ «հեղափոխական» քայլ անելու գործում, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից եւ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից ինչո՞վ է պակաս, որ ամիսներ շարունակ իրենց էքսցենտրիկ հայտարարություններով եւ քայլերով մեդիայում գլխագրեր են զարդարում։

Հիմա Հրաչյա Սարգսյանը ազդարարեց իր ֆեյսբուքյան էջում․ «Ես վստահ եմ՝ քաղաքը պիտի շուտ արթնանա, աշխատանքային օրը պիտի վաղ սկսվի: Այսուհետ առավոտյան 07:00 -ից յուրաքանչյուր ժամը մեկ Երևանի քաղաքապետարանի աշտարակային ժամացույցից լսվող երաժշտությունն կհնչի նաև միաժամանակ 12 վարչական շրջաններում»։

Պատկերացնում եք չէ՞ այս գրառումից հետո սրամտության ինչ մրցույթ սկսվեց սոցցանցերում։ Հումորը մի կողմ դնելով հանդերձ՝ կցանկանայինք խորամուխ լինել այս հայտարարության մեջ։ Նախ, քաղաքը, երկիրը, հիմնարկը չեն ղեկավարում վստահությամբ, համոզմունքներով, ամեն մի որոշման հիմքում պետք է լուրջ վերլուծություններ, քննարկումներ լինեն, հաշվարկվեն որոշման հետեւանքները, ակնկալվելիք արդյունքները, ռիսկերը, իրագործման մեխանիզմները, պատասխաատվության ձեւերը եւ այլն։ Հիմա ճիշտ կլիներ քաղաքապետը մինչեւ իրեն մայրաքաղաքի աքլոր կարգելը հանրային օրակարգ բերեր այս թեման՝ ներկայացնելով իր տեսլականը, թե ինչ խնդիրներ կլուծվեն այսպիսով, օրինակ՝ երթեւեկության բեռնաթափում եւ այլն, հանրային քննարկումներից հետո, այսպես ասած թեման եփելու արդյունքում նոր միայն մտածեր որոշման մասին։

Ի դեպ, ճիշտ կլինի պահանջել Հրաչյա Սարգսյանից հրապարակել որոշումը, ինչպես նաեւ պարզել, թե մայրաքաղաքի 1մլն բնակչությանը արթնացնելու համար ինչքա՞ն գումար են ծախսելու բյուջեից։ Երկրորդ հարցը՝ իրականում Երեւանում այսօր այնքան չլուծված խնդիրներ կան՝ սկսած տրանսպորտից, կանգառներից, անբարեկարգ փողոցներից, մայթերից, այգիներից վերջացրած քաղաքի աղավաղված տեսք, փոշի, աղբահանություն, վերելակներ, ապօրինի շինարարություն, կեսգիշերային հրավառություններ եւ այլն։

Հիմա այս խնդիրները շատ ավելի առաջնահերթ են եւ լուծման ենթակա, քան մայրաքաղաքի բնակիչներին վաղ արթնացնելը, որը ընդհանրապես քաղաքապետի լիազորությունների դաշտում չէ, ավելին՝ հայտնի չէ, թե այս որոշմամբ ինչ խնդիր է լուծվում։ Բայց քանի որ քաղաքապետարանի լիազորությունների դաշտում առկա խնդիրների լուծումը բարդ է, Հրաչյա Սարգսյանն էլ որոշել է նման էքսցենտրիկ քայլեր անել, կարեւորը՝ քննարկումների թիրախ դառնալն է։ Երրորդ խնդիրը, որը հիմնականում քաղաքապետի ստատուսի դեմ ընդզվելու հիմք է։ Մարդիկ արդարացիորեն պնդում են, թե ով է թույլ տվել քաղաքապետին մտնել իր անկողին, «բուձիլնիկի» դեր ստանձնել, ներխուժել անձնական կյանք, ոտնահարել հանգստի իրավունքը, վնաս հասցնել առողջությանը։ Չէ՞ որ կան մարդիկ, ովքեր աշխատում են գիշերը, կան մեծահասակներ, երեխաներ, որոնց ամենեւին էլ պետք չէ, որ քաղաքապետը արթնացնի։

Վերջիվերջո, ամեն մարդ ինքն է որոշում երբ արթնանա ու սկսի աշխատել, որքանո՞վ է գիտականորեն ապացուցված, թե բոլոր մարդկանց դեպքում առավոտյան վաղ արթնանալը ճիշտ է եւ արդյունավետ, «գիշերային» մարդիկ սիրում են աշխատել մութն ընկնելուց հետո։

Չորրորդ խնդիրը՝ իսկ ի՞նչ երաժշտություն է հնչելու, ո՞վ է ընտրելու, եւ տեխնիկապես հնարավոր է անջատել քաղաքի գլխավոր «բուդիլնիկի» ձայնը, օրինակ՝ գուցե պատուհանները փակելով ձայնը չենք լսի, թեեւ այս շոգին դա վատ հետեւանքներ կարող է ունենալ։ Կամ գուցե ձայնը լսելի կլինի միայն հարակից շենքերի բնակիչների համար, ոչ ամբողջ վարչական շրջանում, սա էլ է քննարկման հարց։

Վերջիվերջո, եթե որեւէ մեկի անդորրը խաթարվի Հրաչյա Սարգսյանի աքլորականչից, առողջությանը վնաս հասցվի, ինչպե՞ս կարող է պայքարել այս որոշման դեմ։ Օրինակ՝ վարչական դատարան դիմել, թե օգնության կանչել «Դիմադրության» շարժմանը եւ քաղաքապետարանի շենքը նորից գրավել։ Ի դեպ, Սարգսյանի էքսցենտրիկ հայտարարության արձագանքներից ամենատխուրը մարդկանց կասկածներն են, թե «ժողովուրդ, կամաց-կամաց պատրաստում են նամազ անելու»։

Եւ հինգերորդ հարցը, իրականում վաղ արթնանալը հիանալի է, դա մշակույթ է, որը արմատավորելը բարդ է, մեծ դիմադրության է հանդիպում, բայց շատ արդյունավետ է։ Պատահական չէ՞, որ աշխարհի բազմաթիվ զարգացած երկրներում մարդիկ շատ վաղ են արթնանում, աշխատանքային ժամը շուտ է սկսվում, օրգանիզմը հարմարվում է, կյանքի ռիթմը փոխվում է, ձեռքի հետ էլ՝ երթեւեկության ծանրաբեռնվածության հարցն է լուծում։

Վաղ արթնանալը, իհարկե, չի վերաբերում առողջական խնդիր ունեցողներին եւ/կամ քրոնիկ «լուսնոտներին», գիշերը աշխատողներին։ Բայց նրանք հասարակության մի փոքր հատվածն են կազմում, իսկ մնացածիս դեպքում վաղ արթնանալու մշակույթը պետք է արմատավորել։ Բայց դա ժամանակավոր քաղաքապետ աշխատող Հրաչյա Սարգսյանի ուժերից վեր է, Ավինյանի տեղապահ աշխատողը լավ կլինի իր իրավասության շրջանակում խնդիրները լուծի։ Պետք է հանրային օրակարգ բերել այս հարցը, քննարկումներ կազմակերպել, վերլուծություն կատարել, թե ինչ խնդիրներ կլուծվեն վաղ արթնանալով, ցույց տալ դրա անձնական եւ անանձնական ոլորտում օգուտները, իսկ վերջնարդյունքում որոշում կայացնել փոխել աշխատանքային ժամը՝ իհարկե բարդ հարմարվող օրգանիզմների համար ադապտացիոն շրջան, այլ հնարավորություններ նախատեսելով։

Վստահաբար՝ մեր համաքաղաքացիները դեմ չեն լինի շուտ արթնանալ եւ աշխատանքի գնալ, եթե իմանան, որ տրանսպորտը նորմալ կաշխատի, կեղտոտ փողոցներում միայն քաղցած շներ չեն տեսնի, վերջիվերջո շուտ աշխատանքի գնալով նաեւ շուտ կվերադառնան տուն եւ ավելի շատ ժամանակ կհատկացնեն ընտանիքին, անձնական կյանքին։ Քնել մենք դեռ կհասցնենք մյուս աշխարհում, այնպես որ շուտ արթնանալը ճիշտ է, բայց մայրաքաղաքի «ինքնաբուձիլնիկ» կարգված Սարգսյանը ճիշտ կլինի իր գործերով զբաղվի, այլապես ՔՊ-ում կարող են կասկածել, թե իր այս քայլով Սարգսյանը լատենտ ընդդիմադիր է, լծվել է լաոներին զարթնացնելու գործին։ Սա հերթական օրինակն է, թե ինչպես ամենաճիշտ գաղափարը, լավագույն որոշումը ապիկար իշխանությունը կարող է փչացնել «վատ կատարմամբ»։

Ամենից շատ դիտված

13:11 Երևանում՝ տան հյուրասենյակում, հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. shamshyan.com
08:52 Տավուշցի ոստիկանները չեն ենթարկվել հրամաններին
21:49 Տավուշով չեն ավարտվելու զիջումները․ սա սպառնալիք է մեր պետականությանը. քահանա
13:00 Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը՝ դավաճանությո՞ւն․ դատախազության պատասխանը
20:48 Երևանում բախվել են թիվ 18 և թիվ 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր. shamshyan.com
07:12 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. Ժողովուրդ
12:32 Անբարոյականի պես ստեր եք խոսում. ՔՊ-ականի ելույթի ժամանակ ԱԺ-ում կրքերը թեժացան
22:41 Աղերսում եմ ձեզ, չթուլանաք․ Շուշան Պետրոսյան
16:00 Խանութ էր գնում․ վրաերթի ենթարկված 9-ամյա տղային վաղը կհուղարկավորեն
23:28 Պետք է մեծ պարիսպներ սարքենք, որ Փաշինյանին չտեսնենք. հարցում` վարչապետի պատասխանի հետքերով