Այսուհետ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին հաստատ ողջ քաղաքը կճանաչի ու կհիշի, Հրաչյա Սարգսյանին քաղաքացիները մի լավ «կհիշեն» առավոտյան՝ ժամը 7-ին։ Բանն այն է, որ Սարգսյանը մայրաքաղաքի աքլորի դերն է ստանձնել, և որոշել է առավոտյան՝ ժամը 7-ին, արթնացնել երևանցիներին։ Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ես վստահ եմ՝ քաղաքը պիտի շուտ արթնանա, աշխատանքային օրը պիտի վաղ սկսվի: Այսուհետ առավոտյան 07:00 -ից յուրաքանչյուր ժամը մեկ Երևանի քաղաքապետարանի աշտարակային ժամացույցից լսվող երաժշտությունը կհնչի նաև միաժամանակ 12 վարչական շրջաններում»,- գրել է քաղաքապետը։
Սա, ըստ ամենայնի, Փաշինյան ընտանիքի «քիչ կերեք»-ի շարունակությունն է, երբ Փաշինյան ամուսինները Ամանորին ժողովրդին հորդորում էին քիչ ուտել, հետո էլ հանգստյան օրերը կրճատեցին, որ «ժող ջանը» մի քանի օր ավել բանի։ Հիմա Հրաչյա Սարգսյանն էլ որոշել է առավոտյան ժամը 7-ից աշխատեցնել Երևանի 1 մլն-ից ավել վարչապետներին, ու թքած, թե մեկը, օրինակ, գիշերը 3-ին է ավարտում իր աշխատանքը։
Փաստորեն իշխանությունները նույնիսկ մարդկանց կենցաղ են մտնում, սեփական առօրյան ու սեփական կյանքը նույնիսկ կարգավորել չկարողանալով՝ փորձում են այլոց առօրյան ու այլոց կյանքը կազմակերպել։ Այսպիսով Երևանի «պադյոմը» Հրաչյա Սարգսյանի ճիտին պարտքն է, կամ, ինչպես կասեր Ջհանգիրյանը, քաղաքապետի վզին դրած է։ Բայց ինչո՞ւ միայն քաղաքապետը պիտի կանոնակարգի բոլորիս կյանքը, որոշի, թե ով երբ քնի, երբ արթնանա, պետք է դրան նաև մյուս պաշտոնյաներն էլ մասնակցություն ունենան։
Հրաչյա Սարգսյանի «ծուղրուղուից» հետո, զորամասի օրվա կարգացուցակի համաձայն, պետք է հաջորդի ֆիզիկական պատրաստությունը՝ «ֆիզզարյադկան» կամ, բանակային տերմինաբանությամբ՝ «ֆիզոն», որը պիտի հեռուստատեսությամբ ու մայրաքաղաքում տեղադրված էկրանների միջոցով իրականացնի ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը․ չէ՞ որ սպորտը նրա կուրացիայի ներքո է։ Ժամը 13-ը քաղաքացու ճաշի ժամն է, այդ ժամին Նիկոլ Փաշինյանը վարչական շրջաններում տեղադրված բարձրախոսների միջոցով կհայտարարի․ «Եկել է քաղաքացու ճաշի ժամանակը, քաղաքացու ճաշի ժամանակը»։ Երեկոյան՝ ժամը 19։00-ի սահմաններում, քաղաքացին հոգնած կգա տուն։ Ի՞նչ պիտի անի, իհարկե, պիտի ուտելու բան պատրաստի։ Հենց հատուկ այդ նպատակով 19։30-ին Հանրայինի եթերում կհեռարձակվի «Կերակրատաշտը» հաղորդաշարը, որի ժամանակ իշխանական պատգամավորները քաղաքացուն կբացատրեն, թե ինչից ինչքան է պետք ուտել, որ չբռնվե․․․, որ չչաղանան։ Քաղաքացին պետք նաև տեղեկացված լինի, այդ իսկ պատճառով 21։00-ին կհեռարձակվի «Այսպիսի միսիպիսի հոյակապ Tv»-ի լուրերի գլխավոր թողարկումը, որից հետո՝ «Բարի գիշեր, դմբոներ» հաղորդումը Քեռի Աղազարյանի մեկնաբանությամբ։ Դե ինչ, բարի գիշեր, քնեք, քանի չեն հանձնել։