Երևանի կոլորիտային շինությունները շարունակում են մասնավոր սեփականության զոհը դառնալ։ Այս անգամ հերթը Ավանում գտնվող Քարի ուսումնասիրման եւ մշակման ինստիտուտինն է կամ ավելի հայտնի՝ Քարի ու սիլիկատների ինստիտուտինը։

Բանն այն է, որ այն տարիներ առաջ համարվել է Երևանում հայտնի շենք և առանձնահատուկ է եղել նրանով, որ հիմնական պատի սալիկապատումը իրականացվել է խճանկարի տեսքով։ Սակայն մասնավոր սեփականություն հանդիսացող այս շենքն այժմ քանդում են: Տարիներ շարունակ պետգույքի բալանսում գտնված շենքը հայտնվել է վթարային իրավիճակում ու հիմա այն գնած ՏՏ ընկերությունը, ըստ
Oragir.news-ին հասած տեղեկությունների, սկսել է ամրացնել այն, որից հետո, հին տեսքը պահպանելով, ռեստավրացնելու է այն, և այս գեղեցիկ ու տասնյակ տարիներով անտերության մատնված շենքը դառնալու է ՏՏ ընկերության գրասենյակներից մեկը:
Oragir.news-ը թեմայի վերաբերյալ զրուցել է Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի հետ, ով զրույցում ասաց, որ տեղյակ չէ, թե որ շինության մասին է խոսքը, հիշեցնելուց հետո պատասխանեց. «Ես ճիշտն ասած տեղյակ չեմ։ Եթե նման բան են արել, դա անթուլատրելի է։ Որովհետև սեփականատերերեը կարծում են, որ իրենց ամեն ինչ կարելի է։ Եթե նման բան գործ չէ առքուվաճառքի ու սեփականաշնորհման գործընթացում, ապա իրենց թվում է, որ իրենց ամեն ինչ կարելի է։ Մինչև սեփականաշնորհելը ամեն ինչ պետք է գրված լինի, որովհետև դա համարվում է մշակութի արժեքներից մեկը, համենայն դեպքս, ողջ են այն մարդիկ, ովքեր դա կառուցել են, մի քանի հոգի կան, որ մնացել են, նման մոտեցումն անթույլատրելի է։ Նրանք պետք է հարցում անեն, տեղյակ պահեն, որովհետև միշտ էլ կարելի է դրանք փոփոխել, եթե դրանք իրենց խանգարում է։ Բայց ամենաթողության ժամանակ նման բաներ լինում են։ Դա շատ վատ բան է։ Սկսած ավելի հին ժամանակներից, սկսած օդանավակայանից, Բունիաթյանի շենքից՝ մենք ահազանգում ենք, որ նման բաներ չի կարելի։ Դա այնքան ակնհայտ է, որ նույնիսկ չի կարելի զգուշացնել, նրանք դա արդեն պետք է իմանան։ Պետության կողմից որևիցե մեկը մինչև հիմա որևէ պատիժ չի ստացել, դրա համար բոլորի ձեռքերը բացվել է, և դա ցավոք շարունակական բնույթ է կրում` 1991 թվականից սկսած։ Անկախություն բառը սխալ հասկացվեց, այն հասկացվեց ամենաթողություն։ Եթե մի երկու անգամ էլ այսպիսի անկախություն անենք, մեր հանրապետությունից բան չի մնա»։

Կապ հաստատեցինք նաև քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանի հետ՝ հարցնելով, թե շենքը մասնավո՞ր է, թե՞ պետական, ինչին պատասխանեց. «Մասնավոր է, բայց քաղաքապետարանի հետ կապ ունի այնքանով, որ պարտավորվել է ճակատային խճանկարները նույնությամբ վերականգնել»։