Ռուսաստանը պաշտոնապես, բազմիցս ու տարբեր շեշադրումներով պնդել է, որ Ուկրաինայում իրագործվող հատուկ ռազմական օպերացիան ժամանակային սահմանափակումներ չունի և կավարտվի միայն այն ժամանակ, երբ հետապնդված բոլոր խնդիրները էֆեկտիվորեն լուծվեն։ Նպատակները ևս ի սկզբանե հայտնի են. Ուկրաինան պետք է դենացիֆիկացվի ու դեմիլիտարիզացվի։ Այսինքն՝ այս երկիրը պետք է դադարի լինել ԱՄՆ-ի, ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի հակառուսական ռազմական ու էթնիկ պլացդարմը կամ կդադարի լինել։ Սա Ուկրաինայի պետականության և բնակչության համար գոյաբանական ընտրության խնդիր է։
Ռուսաստանի համար, ըստ էության, սա եղբայրական սլավոն, մալոռուս ժողովրդի հետ քաղաքացիական պատերազմ է, որը կարող է այն հրահրողների «ջանքերով» վերածվել հայրենական պատերազմի։ Այսպես կլինի ամենայն հավանականությամբ, եթե հավաքական արևմուտքը շարունակի «Ռուսաստանին պետք է հաղթել մարտի դաշտում» այսօրվա գլոբալ ռազմավարությունը և պատերազմի մեջ ներքաշի նախ նախկին խորհրդային բոլոր պետություններին, հետո նաև նախկին սոցիալիստական ճամբարի երկրներին։ Իսկ դա արդեն վաղուց ու հիմա լոկալ, հիբրիդային, անուղղակի ագրեսիաների միջոցով ընթացող երրորդ համաշխարհային պատերազմի ռազմական փուլը կլինի։ Եվ այն անխուսափելիորեն կավարտվի աշխարհի նոր վերաբաժանմամբ ու նոր, բոլորովին այլ աշխարհակարգի հաստատումով։ Միանգամայն հասկանալի է, որ Հայաստանը, որքան էլ ուզի, չի կարող, և ոչ ոք չի թողնի, որ անմասն մնա այս իրադարձություններից։ Եվ ընդհանրապես որևէ երկրի չի թույլատրվի չկողմնորոշվել, հստակ դիրքորոշում չունենալ, մնալ չեզոք կամ կոմպլեմենտար ու բազմավեկտոր։
Իսկ ըստ էության՝ մենք արդեն մասնակից ենք այս պրոցեսներին, թեև վերջին տասնամյակում գրեթե բոլոր սկզբունքային, աշխարհաքաղաքական ընտրությունները կատարել ենք նախորդին հակասելով։ Ունենալով մեր սահմանները պաշտպանող, նաև Արցախի ինքնությունը պահպանող ռազմավարական դաշնակից Ռուսաստանին, մենք ինչ-որ մի պահի այլ հուն մտանք, ու միայն վերջին քայլն էր մնում, որ մտնեինք Եվրատնտեսական գոտի։ Շատ արագ` օրերի ընթացքում, ինչ-որ բան փոխվեց, փոխվեց նաև ամենաբարձր ատյանում կայացված որոշումը, և մենք դարձանք Եվրասիական տնտեսական միության անդամ։ Հետո այդ իշխանությունը, որ ՀՀՇ-ի նման թեև չէր ասում` «մեր դեմ խաղ չկա», բայց հավակնում էր դեռ երկար մնալ պետության ղեկին, հանկարծ փոխեց նախագահական կառավարման համակարգը պառլամենտականով, նոր նախագահ ներմուծեց Մեծ Բրիտանիայից ու թողեց, որ իրեն մերժեն։
Մերժողները շատ արագ իրենց հանձնված պետությունը վերածեցին «անդրկովկասյան Ուկրաինայի», երկրի բնակչությունը պառակտեցին թշնամության աստիճանի, ատելություն սեմանեցին, ստեղծեցին քաղաքացիական պատերազմ սադրելու համար բոլոր անհրաժեշտ պայմանները և դարավոր թշնամի հարևանների հետ պատերազմ հրահրեցին, անտեսեցին ռազմավարական դաշնակցի բազում առաջարկները ու անվերապահ կապիտուլյացիայի ձևով հանձնեցին Արցախը։ Հիմա մենք ներքին տոտալ ճգնաժամի ու իշխանական հոգեվարքի փուլն ենք ապրում, որը կարող է պայթել քաղաքացիական պատերազմի տեսքով, եթե այլ կերպ իշխանափոխություն չլինի։ Իսկ արտաքին քաղաքական իմաստով կանգնած ենք ուրիշների պատերազմական թատերաբեմ դառնալու վտանգին դեմ հանդիման։
Այն ամենը, ինչ հիմնականում Լեհաստանի ձեռքերով ու Մերձբալթյան երկրներն օգտագործելու միջոցով Մեծ Բրիտանիան արեց Ուկրաինայում, նույնը հիմա անում է Հայաստանում Թուրքիայի միջոցով ու Ադրբեջանի ձեռքերով։ Հավաքական արևմուտքին Ռուսաստանի դեմ հարավում պատերազմի պլացդարմ է պետք, և մենք ուղղակի կարող ենք զոհ գնալ այս օտար ցանկություններին։ Իսկ սա նշանակում է, որ մեր երկրում ևս Ռուսաստանին խիստ անհրաժեշտ է ունենալ կա՛մ կանխատեսելի, հավատարիմ դաշնակից, կա՛մ էֆեկտիվորեն լուծել Հայաստանը դեմիլիտարիզացնելու խնդիրը։ Իհարկե, մենք, բարեբախտաբար, չունենք դենացիֆիկացվելու խնդիր, նաև արևմուտքն էլ գիտի, որ Հայաստանում «պատերազմ Ռուսաստանի դեմ մինչև վերջին հայը» բանաձևը ոչ մի առումով հնարավոր չէ։ Մինչդեռ մենք ունենք այլ խնդիր։
Դա մեր թավշյա ու երկդիմի, անկանխատեսելի իշխանությունն է, որ մինչև վերջին հայը զոհաբերելու համար կարող է դարձյալ դիմել իր համախոհ Թուրքիայի օգնությանը ու նոր պատերազմ հրահրել։ Ստեղծվելիք քաոսում էլ ՆԱՏՕ-ին արագ անդամակցելու «ուկրաինական կամ զելեսնկիական» պահանջը հրապարակ նետել և ապահովել Հայաստանը ուրիշների պատերազմի ռազմադաշտի վերածելու միջոցով ոչնչացնելու իր առաջադրանքը։ Հետևաբար մենք ևս հիմա մեր պետականությունը պահպանելու և երկրի բնակչության անվտանգությունը ապահովելու գոյաբանական ընտրության առջև ենք։ Մեզ համար ևս առարկայանում են և՛ արհեստականորեն հրահրված քաղաքացիական պատերազմին դիմագրավելու, և՛ նոր պարտադրված հայրենական պատերազմ մղելու վտանգը։
Մեր համար նախապատրաստվող աշխարհաքաղաքական ծագման այս մեծ վտանգների մասին են հենց հուշում մեկը մյուսի հետևից ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Իրանի գլխավոր հետախույզների հրապարակային, գրեթե բացահայտ նախազգուշական այցելությունները և մեզ անհայտ մնացող այլ շահագրգիռ կողմերի խորհրդավոր ու ծածուկ հանդիպումները։ Մենք դարձյալ ճակատագրական ընտրության առջև ենք։ Իսկ մեր փոխարեն կարող է ընտրություն կատարել նա, ով մեր հավաքական կամքն արտահայտողը չէ, այլ օտարի ու թշնամու կամակատարն է։ Մինչդեռ այսօրվա մեր ընտրությունից է կախված, թե ինչպես կմասնակցենք աշխարհի վերաբաժանման ընթացող փուլին, նոր ու բոլորովին այլ աշխարհակարգում մենք ինչ տեղ ու դեր կունենանք կամ կունենա՞նք տեղ ու դեր։
-
Գևորգ Հարությունյան
-
փիլիսոփա
-