Երևան +15°
copy image url
Միտք Ներքին 1 ամիս առաջ - 13:45 21-03-2024

Ընտրության առջև կանգնած երկիրը

Դեպի ու՞ր է շարժվում փաշինյանական Հայաստանը։
Պատմական փորձը բազմիցս ցույց է տվել, որ Հայաստանը ղեկավարող անձինք հաճախ ընդունել են այնպիսի որոշումներ, որոնք աղետալի հետևանքներ են թողել հայ ժողովրդի համար։

Մեր օրերում նույնպես տեղի են ունենում գործընթացներ, որոնք խախտում են գոյություն ունեցող հարաբերությունների համակարգը՝ փոխարենը խոստացվող նոր կապերով, փաստորեն, չերաշխավորելով առկա խնդիրների լուծումը, գուցե դեռ մի բան էլ ավելի՝ է՛լ ավելի խորացնելով սպառնալիքները։

Օրինակ, Հայաստանի տարածքում տեղակայված է ռուսական 102-րդ բազան, իսկ Հայաստանի սահմանների պաշտպանությունն իրականացնում են ռուսական սահմանապահները։ Այնինչ, Փաշինյանի օրոք Հայաստանը միտումնավոր թեքվում է դեպի Արևմուտք, քանի որ, գուցե, նրան «համոզել» են, որ հիմա՛ է դրա ժամանակը, որովհետև Ռուսաստանը թուլացած վիճակում է։

Այսպես, պաշտոնական Երևանը «սառեցնում է» ՀԱՊԿ-ում իր գործունեությունը, ընդունում է ԵՄ դիտորդական առաքելության վավերացման մասին ակտ, «պայմանավորվում» է Զվարթնոց օդանավակայանից առաջիկա ամիսներին ռուսական սահմանապահները հանելու մասին, ինչպես նաև, ըստ տեղեկությունների, ապրիլ ամսում ԱՄՆ և ԵՄ կողմից Հայաստանին անվտանգության երաշխիքների տրամադրման առումով ձգտում է ստորագրել համաձայնագիր․․․ Սա միայն ամենացայտուն հակառուսական գործողություններն են, մինչդեռ չերևացող մասը շատ ավելին է։

Ինչպես կարծում են որոշ վերլուծաբաններ, օրինակ, պուտինյան «ՆԱՏՕ»-ի՝ ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի գործողություններն իրականում ունեն հակառուսական նպատակադրություն։ Զվարթնոցից ռուս սահմանապահների հանումը փորձագիտական համայնքի որոշ անդամներ բացատրում են կոնկրետ նպատակով՝ Ռուսաստանի հետ հակամարտող Ուկրաինայից Հայաստան բերել ջոկատներ, այստեղ մարզել նրանց և հետագայում տեղափոխել ճակատ։ ԵՄ դիտորդական առաքելության վերաբերյալ տիրապետող կարծիք կա, որ «եվրադիտորդներն» առաջին հերթին լրտեսում են ՀՀ տարածքում գտնվող ռուսական զորամասերի, ինչպես նաև սահմանամերձ իրանական զինուժի շարժերը։ Ինչ վերաբերում է Արևմուտքի «քավորությամբ» անվտանգային երաշխիքների տրամադրման փորձերին, ապա օրինակ է բերվում Ուկրաինայի և Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի միջև երկկողմ համաձայնագրերը, որոնք կնքվեցին ընթացիկ տարվա սկզբին, սակայն ըստ էության, դրանից Ուկրաինայի վիճակը ռազմաճակատում ոչնչով չլավացավ, ավելին՝ ռուսական բանակը նորանոր տարածքներ է գրավում, իսկ Հայաստանի պարագայում նման փաստաթղթի ստորագրումը կարող է հարավկովկասյան տարածաշրջանում հարուցել իրադարձությունների կտրուկ զարգացում՝ անկանխատեսելի (իսկ իրականում՝ կանխատեսելի վատ – խմբ․) հետևանքներով։

Այսպիսով, ու՞մ հովանավորությունն է օգտակար կամ՝ քիչ վնասակար Հայաստանի համար։ Ռուսաստանի նկատմամբ ՀՀ գործող իշխանություններն ուղղակի կամ անուղղակի տարածող խոսույթով կարողացել են հասարակության մեջ ավելի ու ավելի մեծացող անվստահություն սերմանել։ Եվ դա, ցավոք, իր տակ իրական հիմքեր ունի․ 2020 թվականի նոյեմբերից գտնվելով արցախյան համակարտության գոտում՝ ռուս զինվորականները ոչ մի կերպ չեն խոչընդոտել, որ հետագա 3 տարում Արցախը հայտնվի մահացու օղակի մեջ և, ի վերջո, հայաթափվի։ Այս իրողությունները հակառուս շրջանակները հմտորեն խաղարկում են ցայսօր, և ինչ էլ խոսեն Լավրովը կամ իր աշխատակցուհին՝ փաստը մնում է փաստ․ տարածաշրջան մտած ռուսական կոնտինգենտը չի ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը, որից, ի դեպ, ժամանակին փաստորեն հրաժարվել էր փաշինյանական Հայաստանի Հանրապետությունը։

Արցախի կորուստն, այսպիսով, համարվում է հակառուսական խոսույթի առանցքային թեմա, այսինքն՝ ռուսական հովանավորության մերժման հիմք, ինչը, սակայն, բոլորովին չի խանգարում երկարաձգել հայ-ռուսական դաշնակցային պայմանագրերի ժամկետը։ Մյուս կողմից, Հայաստանը ձգտում է վերադասավորել արտաքին քաղաքականության ուղղությունները՝ դրանց առաջնահերթությունները տալով Արևմուտքի հետ հարաբերություններին։ Սակայն Հայաստանը ղեկավարողները պետք է գնահատեն իրենց ներուժը և որոշեն՝ կարո՞ղ են շարժվել «և՛, և՛» սկզբունքով, թե՞, այնուամենայնիվ, անցյալից քաջ հայտնի «կա՛մ, կա՛մ»-ը նաև հիմա է տիրապետող։

Հատկապես հիմա՝ անդրկուլիսյան խարդավանքների երկարամյա փուլին հաջորդած զինված առճակատման այս ընթացքում, գլոբալ ոչ մի ուժի կենտրոն ո՛չ ժամանակ ունի, ո՛չ տրամադրություն՝ զբաղվելու ինչ-որ երկարատև խաղերով։

Կկարողանա՞ն եվրոպական առաջնորդների պայմանական աջակցության խոստումները պաշտպանել Հայաստանին մինչև ատամները զինված և հարձակման պատրաստ ադրբեջանա-թուրքական տանդեմից՝ մեծ հարց է, որի պատասխանը, ցավոք, բացասական իմաստ ունի։ Ըստ այդմ, արդարացվա՞ծ է, արդյոք, Ռուսաստանից երես թեքելը՝ հաշվի առնելով հայ-ռուսական երեքդարյա հարաբերությունների առավելությունները և թերությունները, պետք է որոշի ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ հայ ժողովուրդը։

Տիգրան Աթանեսյան