copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 21:52 18-07-2022

«Միջանցահովիկի» վտանգի մասին

Փիլիսոփայության մեջ գոյություն ունեցող տեսություններից մեկի համաձայն՝ եթե մարդն ի զորու է ինչ-որ բան փոխել, ուրեմն պիտի փոխի, իսկ եթե դա ակնհայտորեն նրա ուժերից վեր է, ապա այդ կապակցությամբ անհարկի տվայտվելը միանգամայն անիմաստ է դառնում… Անվիճարկելի այս իրողությունն ուղղակիորեն վերաբերում է նաև մեզ՝ փակուղում հայտնված, պատեպատ զարկվող հայերիս: Առկա վիճակը փոքրիշատե մեղմելու, տրամաբանական սայթաքումները հետագայում բացառելու համար էլ պիտի լինենք մաքսիմալ անկեղծ ու պատասխանենք ճակատային մի քանի հարցի:

Մենք ի զորո՞ւ ենք առանց վիզներս ծռելու, առանց հայացքներս Ռուսաստանին հառելու միայնակ պայքարել թուրքերի դեմ: Կիսատ-պռատ 2-3 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանը կարո՞ղ է ինքնուրույն՝ թեկուզ հանուն ազնիվ նպատակի, անմեղ զոհերի հիշատակի ու պապերի թափած արյան՝ պայքարի դուրս գալ ՆԱՏՕ-ում զորությամբ երկրորդը համարվող, սառը պատերազմի ժամանակահատվածում էլ ԽՍՀՄ դեմ պայքարի պատրվակով ահռելի զինական արսենալ կուտակած 80 միլիոնանոց Թուրքիայի դեմ: Լինենք անկեղծ ու մի կողմ թողնելով ցանկությունն իրողության հետ շփոթելու գայթակղությունը՝ պատասխանենք՝ կարո՞ղ ենք, թե՞ ոչ հարցին: Պարզից էլ պարզ է, որ չենք կարող: Իսկ արցախյան վերջին պատերազմում գլխովին ջախջախված Հայաստանն ի զորո՞ւ է սեփական ուժերով ետ բերել Արցախի կորսված 8500 քառակուսի կիլոմետրանոց հատվածը՝ պատմական Շուշին, չնաշխարհիկ ու գեղատեսիլ Հադրութը և վերականգնել մինչպատերազմական ստատուս-քվոն: Ըստ իս՝ միանշանակ ոչ՝ հաշվի առնելով հայոց բանակի ներկայիս կարողունակությունն ու մեր ժողովրդին պատուհասած բարոյահոգեբանական կոլապսը, որից դուրս գալ այդպես էլ չենք կարողանում:

Այդ դեպքում ո՞րն է ելքը՝ ստեղծված իրավիճակից: Միամիտ կլինի կարծելը, թե Ռուսաստանն է լինելու մեր ցավերի դարման-բալասանը, «Հայ Դատ»-ի շահերի պաշտպանն ու մեզ «ներկայացած» բաղձալի փրկօղակը: Ավաղ, մենք Ռուսաստանի համար միշտ էլ եղել և մնում ենք մանրադրամ, նեղ օրվա վճարամիջոց: 44-օրյա պատերազմն ու դրան հաջորդած զարգացումները վերահաստատեցին կասկածներն առ այն, որ Հայաստանի ռազմավարական դաշնակիցն այնքան էլ դաշնակից չէ, ինչպես միամտորեն կարծում էինք մենք: Ասենք, Ռուսաստանն էլ այդ կապակցությամբ արդարանալու առանձնակի ցանկություն չդրսևորեց: Գուցեև ցավալի է ընդունելը, բայց Ռուսաստանի համար Հայաստանն այլևս «կարդացված գիրք» է, հանգամանքների փոփոխության դեպքում էլ՝ գռմռացող, փշի-փշիի կարոտ Ադրբեջանին փարատելու, նրա անհագուրդ ախորժակը մասամբ հագեցնելու միջոց: «Dog Food», այսինքն…

Այդ դեպքում ինչու ենք մենք սրտնեղում սեփական շահերով պայմանավորված՝ ոչ հայանպաստ վարք դրսևորող Ռուսաստանից, ում համար՝ ձևավորվելիք միութենական հանրապետության կազմում Ադրբեջանին տեսնելը երկնագույն երազանք է մնում: Երազանք, որին Ռուսաստանը շարունակելու է հասնել՝ անգամ ռազմավարական դաշնակից Հայաստանին Ադրբեջանի ոտքերի տակ մատաղ անելու գնով…Սա է դառը իրողությունը: Հայաստանի երբեմնի ռազմավարական դաշնակիցը քաղաքականության մեջ հաճախ վկայաբերվող՝ «Չկան հավերժական թշնամիներ ու բարեկամներ, այլ կան հավերժական շահեր» ալիբի հիշեցնող աքսիոմատիկ «ճշմարտության», և ի լրումն սրա հիշատակվող ՝ «Ինչ արտոնված է Զևսին, չի կարելի եզին…» զգուշացում-հիշեցման միջոցով է փորձում հիմնավորել իր կողմից ձեռնարկվող ու դեռևս ձեռնարկվելիք քայլերի տրամաբանությունը:

Որքան էլ ցավալի լինի խոստովանելը, բայց մենք սկսել ենք նմանվել մատաղացու այն գառանը, որին «վերջնարարից» առաջ քարաղ են դեմ տալիս… Ուրեմն ինչ է անհրաժեշտ անել, ինչ վարք դրսևորել, որը չի վիրավորի մեր սեփական արժանապատվությունն, ու չի վնասի փրկության ծրագրին: Ըստ իս՝ այս պարագայում առաջնային կարևորություն է ձեռք բերում՝ առկա իրավիճակը կարելվույնս ճիշտ գնահատելու, առաջնայինը երկրորդականից զատելու կարողությունն ու պետական կիսամեռ ենթակառուցվածքների վերագործարկումը: Աշխարհաքաղաքական սրընթաց ու անկանխատեսելի զարգացումների պարունակած վտանգների ականազերծման նպատակով հարկ է մեկտեղել բոլոր ուժերը՝ այս կամ այն բևեռին տրվելիք անվերապահ նախապատվությունը դիտարկելով ազգակործան: Հայաստանի ապագային առնչվող ուզած որոշման շուրջ անհրաժեշտ է ծավալել շարունակական՝ բովանդակային առումով թափանցիկ քննարկում՝ հաշվի առնելով նրա շահեկան ու անշահավետ բոլոր նիստերը: Անհրաժեշտ է այդ քննարկումների մասնակիցը դարձնել նաև Սփյուռքի ներկայացուցիչներին՝ օգտագործելով նրանց ունեցած կշիռն ու հեղինակությունը: Հաշվի առնելով արտերկրից Հայաստան ժամանող տարաբնույթ պաշտոնյաների այցերի ինտենսիվությունը՝ կարելի է ենթադրել, որ մենք լուրջ զարգացումների շեմին ենք հայտնվել: Ու քանի որ խոսքը վերաբերում է բոլորիս ապագային, ապա թե՛ իշխանության իրազեկ օղակների, թե՛ «այսբերգի» ստորջրյա հատվածին ծանոթ, վերլուծության շնորհով օժտված քաղաքագիտական շրջանակների ծանուցումը ժողովրդին պիտի դառնա պարբերական: Թե չէ տպավորություն է ստեղծվում, որ մենք անգամ ի զորու չենք ընկալել՝ մենք սովա՞ծ ենք, թե՞ մեր քունն է ուղղակի տանում…

Ամենից շատ դիտված