copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 18:08 18-07-2022

Այն խաչը, որը հոգևորականի կողմից օրհնվել կամ օծվել է, ոչ ոք իրավունք չունի հանել․ Վրթանես սրբազան

Կորյուն Սիմոնյան

Լրագրող

Այն խաչերը, որոնք Հայ առաքելական եկեղեցու հոգևորականների կողմից օրհնվել կամ օծվել են, ոչ ոք իրավունք չունի հանել։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, «Մայր Աթոռից ավելի առաքելական գտնվելով», խոսել է Հանրապետության տարբեր հատվածներում բնակիչների կողմից տեղադրված խաչերի մասին։ «ՀՀ-ում տարերային կամ նույնիսկ, կարելի է ասել, խուճապային տեմպերով ինչ-որ խաչեր են հայտնվում անընդհատ․ մի տեղ պլաստմասից, մի տեղ երկաթից, մի տեղ հին կահույքի կտորներից, մի տեղ շինարարության ավելցուկից սարքում են, և ինձ համար ակնհայտ է, թե ինչ է կատարվում, և հանձնարարական եմ տվել։ Նախկինում մի քանի անգամ առիթ ունեցել եմ խոսելու այդ մասին, որպեսզի մենք ուսումնասիրենք և գնահատական տանք դրա վերաբերյալ։ Քաղաքաշինությունը պետական գործառույթ է, ինձ համար քաղաքաշինությունը մտածողության ձևերի կազմավորման կարևորագույն ինստիտուտ է։ Պրոցեսը միշտ չէ, որ քրիստոնեության հետ կապ ունի, և վստահ չեմ, որ նախաձեռնության հեղինակներին որ ասես՝ Կտակարանից կամ Աստվածաշնչից որևէ բան պատմի, կկարողանա պատմել։ Անկախ սրանից՝ մենք պետք է հասկանանք, թե ինչ է կատարվում, և շատ դեպքերում կարող եմ ուղղակի ասել, որ դա ոչ միայն կապ չունի քրիստոնեության, հավատի հետ, այլև վարկաբերկում է և՛ քրիստոնեությունը, և՛ հավատը, և՛ քաղաքաշինությունը»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։

Մեր հարցին, թե ինչպես է որպես հոգևորական վերաբերվում այս հայտարարությանը, Վրթանես սրբազանը պատասխանեց․ «Այն խաչերը, որոնք հոգևորականի կողմից օրհնված են, և ծիսական արարողությամբ հաստատված են, անշուշտ, դրանց ընդհանրապես իրավունք չունեն կպնել, և կան խաչեր, որոնք օծված են եպիսկոպոսի կողմից, ապա օծված խաչերը՝ առավել ևս։ Ինչպես հուղարկավորության ժամանակ քահանան խաչակնքում է հանգուցյալի գերեզմանը, ասում, որ ոչ ոք իրավունք չունի այն բացելու, այնպես էլ այն խաչերը, այն խաչքարերը, որոնք տեղադրվել են և եկեղեցական կանոններով հաստատվել են, ապա, անշուշտ, մարդը իրավունք չունի որոշում կայացնելու և հանելու։ Սա՝ եկեղեցական տեսանկյունից, և ես կարծում եմ, որ նման որոշումը ընկալելի չէ քրիստոնյայի համար»։

Սրբազանին հարցրինք՝ իսկ նյութը, որից պատրաստված է խաչը, որևէ նշանակություն ունի՞՝ նկատի ունենալով, որ Փաշինյանը շեշտում էր նաև այդ նյութը՝ մետաղ, փայտ և այլն։ «Եկեղեցական տեսանկյունից նյութը չէ էականը, այլ թե ինչ գործողություն է կատարվել այդ նյութի հետ։ Էական չէ՝ նյութը ոսկի է, քար է, թե փայտ, եթե եկեղեցականը այն օրհնել է, օծել է, ապա այն հոգևոր կոթող է դառնում, աղոթքի վայր է դառնում, իսկ եթե ամեն մարդ իր համար դրել է, ապա դա արդեն ուրիշ մոտեցում է»,- պատասխանեց Վրթանես սրբազանը։