Լուրջ ու խորքային մտորումների տեղիք պետք է տա այլևս իրականություն դարձած զավեշտը, որ իր թավշյա իշխանության օրոք էլ դեռ ինքնահաստատվելու խնդիր ունեցող մի «սամոդուռի» քմահաճույքով հայ մարդուն կարող են «անցանկալի անձ» պիտակը կպցնել ու արգելել նրա մուտքը Հայրենիք։ Մինչդեռ տվյալ դեպքում սա քաղաքական ընդդիմախոսի դեմ ոչ թե քաղաքական գործիքներով պայքարելու, այլ շուստրիությամբ ու խորամանկությամբ քաղաքական պայքարից խուսափելու, սեփական սնանկությունը և պարտությունը հաստատելու փաստագրումն է։ Վաղուց է հայտնի, որ շուստրիությունը ու խորամանկությունը միայն հիմարներն են խելքի նշան ընկալում։
Ըստ էության՝ մեր երկրում օտարի ու թշնամու նշանակած դրածո վարչակալի թրքահպատակությունը ու օտարահաճությունը այնտեղ է հասել, որ նա, ի դեմս ՀՅԴ Բյուրոյի անդամի, արգելում է սեփական Հայրենիքում իր ավանդական հայանպաստ աշխատանքը շարունակել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների (CCAF) համակարգող խորհրդի նախագահին։ Այսինքն՝ սա կարող է նաև լինել հայոց ողջ Սփյուռքի ու սփյուռքյան կազմակերպությունների դեմ Հայաստանի դռները փակելու փորձ, իսկ հանդուրժվելու դեպքում` դառնալ նախադեպ։ Ստացվում է, որ մեր երկրի արտգործնախարարը կարո՛ղ է լինել թուրքերի ու էլի որոշ թշնամական կառույցների գործակալ «օմեգան», մեր երկիրը կարո՛ղ է ղեկավարել բրիտանական MI-6-ի ու էլի մի քանի հատուկ ծառայությունների թրքահպատակ գործակալ «խմբագիրը», իսկ սրանց դեմ բողոքի ցույց կազմակերպող ավանդական սփյուռքահայ գործիչը չի կարող լինել Հայաստանում ճիշտ այնպես, ինչպես չի կարող լինել Թուրքիայում, ու ճիշտ այն պատճառով, որը սահմանել է Թուրքիան։
Այս ու շարք այլ թավշյա աննախադեպ իրողություններ, (ինչպիսին, օրինակ, հենց այսօր թավշյա ռեժիմի ու դրածո վարչակալի սկզբունքային ընդդիմախոս Արմեն Գրիգորյանին կալանքի միջոցով նպատակամղված սպանելու փաստն է), հանրագումարի բերելու և ընդհանրացնելու դեպքում կարելի է միանշանակ եզրահանգել, որ մեր երկրում չորս տարի առաջ իշխանություն ստացած «հիգերորդ շարասյան» առաջնորդը, հետևողականորեն ու մեթոդաբար կատարելով իր հանձն առած առաջադրանքը, անում է ամենաաներևակայելի, ամենաանթույլատրելի ու ամենաանհնարին ապօրինությունն ու խելագարությունները, ջնջում է հնարավոր բոլոր տաբուները, սահմանադրական կարգն ու օրենքները, որպեսզի որոշի մեր ժողովրդի իներտության, հանդուրժողականության, անտարբերության չափը։ Իսկ մենք մեզ այս իրավիճակում պետք է առնվազն խոստովանենք, որ քանի դեռ օտարի դրածոյին փոխարինողի անունը ժողովրդին հայտնի չէ, ընդդիմությունը քանի դեռ ընդունելի ու վստահելի առաջնորդ չունի, քանի դեռ ժողովրդի մեծամասնությունը արթնացել, բայց չգիտի` ինչ պետք է անի վաղը, քանի դեռ մեր բոլոր կարմիր գծերը նկարված են կանաչ ու կարմիր ջրաներկով, եղած վատը վատթարով է փոխվելու։
Միշտ համոզված եմ եղել, որ Հայաստանը ու հայությունը չունի քաղաքական էքսպերեմենտների ռեսուրս, քանի որ եթե էքսպերեմենտը չստացվի կամ սխալվի, կարող է ոչնչանալ։ Մինչդեռ «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի»-ից հետո հասկացա, որ մեզ չեն էլ թողնի էքսպերեմենտներ անել, այլ մեր վրա են էքսպերեմենտներ անում։ Այսինքն՝ նախկին բոլոր իշխանությունները, ամենայն հավանականության, եղել են այսպիսի հարկադրանքների պայմաններում, բայց ինչ-որ հնարքներով կարողացել են էքսպերեմենտը հետաձգել, անկարելի դարձնել, կանխել։ Եվ ի վերջո, էքսպերեմենտատորները բերեցին իրենց «լաբորանտին» ու նրա միջոցով արդեն չորս տարի ամեն ինչ փորձարկում են մեր երկրում ու մեզ վրա։ Մինչև երբ փորձերը կշարունակվեն ու երբ կընդհատվեն, համոզված եմ, մեզանի՛ց է կախված։
-
Գևորգ Հարությունյան
-
փիլիսոփա
-