Քանի որ քայլ արածների իշխանության գալուց հետո ամենայն ազգայինն ու հայը, հայկականը ամեն կերպ «ջնջվում են», Ազգային վիճակագրական կոմիտեից էլ ԱԶԳԱՅԻՆԸ հանել են և նախկինում ազգային վիճակագրական, հիմա արդեն վիճակագրական կոմիտեն հրապարակել է սպառողական գների ինդեքսը ՀՀ-ում 2021թ․-ի հունվար-դեկտեմբեր ամսիներին։ Սա այն է, ինչը հնարավորություն է տալիս համեմատել ու հասկանալ, թե որքանով է թանկացել մեր կյանքը վերջին մեկ տարում։
Թանկանալը դեռ չի նշանակում, որ այդ ընթացքում մենք սկսել ենք ավելի վատ ապրել, քան նախկինում, որովհետև հանրապետության կառավարությունը, տնտեսության պատասխանատու էկոնոմիկայի նախարար Քերոբյանի դեմքով բացատրեց, որ եթե կյանքը թանկացել է, չի նշանակում, որ վատացել է, ընդհակառակը՝ լավացել է։ Հետևաբար 2020-2021թթ․ սննդամթերքի գների համադրումով փորձենք հասկանալ, թե որքանով ենք ավելի լավ ապրում։ Համաձայն գործող կառավարության տրամաբանության, իհարկե։
Մինչև գնաճին վերաբերող հրապարակմանն ու համեմատություններին անցնելը՝ նշենք, որ արդեն այս հունվարին ամենակարևոր սննդատեսակներից մսի գինը դեկտեմբերի նկատմամբ բավականին բարձրացել է, որին դեռ կանդրադառնանք։
Գանք վիճակագրությանը․ համաձայն ներկայացվածի, 2021թ․-ի դեկտեմբերի տվյալներով, հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի ավելի քան 13%-ոց գնաճ։ Մարդու սննդակարգում առավելապես օգտագործվում է 20-25 անուն սննդամթերք․ հացամթերք, բանջարեղեն, կաթնամթերք, մսամթերք, ձկնեղեն, ձու, բանջարեղեն, միրգ և այլն։ Նշենք, որ բոլոր սննդամթերքներն, առանց բացառության թանկացել են։ Պարզապես տարբեր չափերով։
Ահավասիկ․ ալյուր-հացաբուլկեղեն-ձավարեղենի գները բարձրացել են միջինում 10-13․2%-ով։ Սննդում շատ օգտագործվողներից բրնձի գինը՝ 13․4%-ով, մակարոնեղենը, որ ամենաքիչ թանկացածներից է՝ 9․5%-ով։
Մսամթերքը միջինում թանկացել է 7․5%-ով, մինչդեռ խոզի միսը՝ գրեթե 40%-ով։ Տավարի մսի գինը բարձրացել է ընդամենը 2%-ով, բայց տարվա միջինով ավելի քան 10%-անոց գնաճ է արձանագրվել։ Եվ որ «հետաքրքիր» է, վերջին տարիներին հանրապետությունը ոչխարի մսի առումով ինքնաբավ է, ինչ-որ տեղ էլ առաջարկն ավելին է, քան պահանջարկը, բայց այս դեպքում էլ 6-7 տոկոսանոց գնաճ կա։ Թռչնամսի գինը նախորդ տարվա դեկտեմբեր ամսվա համեմատությամբ աճել է ավելի քան 5%-ով, մինչդեռ տարվա կտրվածքով ցուցանիշները համեմատելիս ստացվում է ավելի քան 15 տոկոսանոց գնաճ։
Ձուկն ու ծովամթերքը (եթե վերջինը ներկրվում է, ապա ձուկը հիմնականում տեղական արտադրության է) թանկացել են միջինում 30-35%-ով։
Կաթնամթերքի գինն ավելացել է 12%-ով, պանրինն ու ձվինը՝ գրեթե 13%-ով։ Բուսական յուղերի գներն ավելացել են 13, սննդային յուղերինը՝ 21, կարագինը՝ 11 և ճարպերինը՝ 15 տոկոսով։
Մարդու սննդում ամենամեծ քանակությամբ օգտագործվողներից են բանջարեղենն ու կարտոֆիլը։ Բանջարեղենը միջինում թանկացել է 40%-ով, կարտոֆիլը՝ ավելի քան 76%-ով։ Պակաս չափով չի օգտագործվում նաև շաքարը, որի գինը բարձրացել է գրեթե 20%-ով։
Անտրամաբանական է, բայց փաստ․ բարձրացել է նաև մրգի գինը և դա այն դեպքում, որ տասնյակ հազարավոր տոննաներով միրգ չի իրացվում ու սրա մի մասը բառացիորեն թափվում է։
Նույն կերպ թանացել են նաև սպիրտային խմիչքները, ծխախոտը, բայց քանի որ սրանք առաջին անհրաժեշտության ապրանքներ չեն, չենք ներկայացնում։ Ավելի քան 12-13%-ով թանկացել են նաև հագուստն ու կոշկեղենը, որ առաջին անհրաժեշտության ապրանքներ են, բայց սահմանափակվում ենք միայն սննդով։
Ներկայացված պատկերը տագնապահարույց է։ Պետությունն, ի դեմս ԿԲ-ի պետք է իր գործիքակազմն օգտագործի տարվա ընթացքում 4%-ից ավել գնաճ թույլ չտալու համար։ Թիվը պատահական ընտրված չէ։ Սա այն օպտիմալ թիվն է, որի պարագայում բնակչության եկամուտների ու կենսամակարդակի վրա գնաճը էապես չի ազդի։ Մինչդեռ ունենք պատկեր, երբ փաստացի միայն առաջին անհրաժեշտության սննդի գնաճը միջինում կազմում է շուրջ 12-15%։ Իսկ թոշակի ու նվազագույն աշխատավարձի փոփոխություն չի արձանագրվել։ Մինչդեռ երկրի բնակչության ավելի քան 70%-ի եկամուտների 70-80%-ը ուղղվում է սննդին ու սպասարկումներին՝ գազի, լույսի, ջրի վարձավճարներին։ 2022թ․-ին, հենց այս օրերին գազի, էլեկտրաէներգիայի, ջրի վարձավճարները ևս թանկանում ու թանկանալու են (թոշակներն ու նվազագույն աշխատավարձը՝ ոչ)։ Կհետևի, որ թե՛ սննդամթերքը, թե՛ առաջին անհրաժեշտության մյուս ապրանքները շղթայական ռեակցիայով թանկանալու են։ Ի վերջո, ցանկացած արտադրություն կազմակերպելու համար առանց սրանց անհնարին է։
Մյուս կողմից, արդեն հունվարին տավարի մսի գնաճ է արձանագրվել և ոլորտի ճանաչված մասնագետների գնահատմամբ մսի գնաճի մի նոր ալիք էլ սպասվում է մարտ-ապրիլին։ Նույնը ձվի ու թռչնամսի պարագայում։ Շատ ավելի վատ է լինելու բանջարեղենի դեպքում։ Մինչ վարչապետը զբաղված է Թուրքիայի առաջ դռները բացելու քարոզով ու գործնական քայլերով, բանջար մշակող գյուղացին արդեն կամուկացի մեջ է, «իսկ եթե լոլիկ կամ կարտոֆիլ տնկի ու Թուրքիայի սահմանները բացվեն»։ Ի՞նչ է լինելու իր ու իր մշակածի հետ, չի պատկերացնում։ Փաստացի երկրի տնտեսությունում նույն անորոշ, անհասկանալի, խառնափնթոր վիճակն է, ինչ որ քաղաքական միջավայրում։ Բայց քանի որ տնտեսությունը ոչ ոքի չի հետաքրքրում, սա «ինքնահոս զարգանում» է, ինչի արդյունքում մի կողմից սննդամթերք արտադրող գյուղացին ձեռնունայն, վարկերի բեռի տակ կքած է, մյուս կողմից քաղաքաբնակի համար կարտոֆիլը հավակնում է «դելիկատես» դառնալ։ Բայց բոլորովին պետք չէ տխրել, որ գնաճը շարունակվելու է, որովհետև, ինչպես ցիտում է «կառավարության դեմքը», դա կյանքի պայմանների լավացման ցուցիչ է։
Աշոտ Խաչատրյան