Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 09:27 15-07-2022

Հաճույք ստանալու և կույս մնալու մաստեր կլասս ԲԴԽ-ից․ ինչպես քաղաքական պատվերը կգցեն դատավորների «ջեբը»

Դատական համակարգում ակտիվորեն պատրաստվում են հուլիսի 27-ին կայանալիք Դատավորների ընդհանուր ժողովին։ Ինչպես ասում են՝ մարտի են ելել կանայք։ Ավելի վաղ հայտնել էինք, որ թեկնածուներից մեկը Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի ավելի քան 25 տարվա փորձառությամբ դատավոր Նաիրա Հովսեփյանն է՝ պատերազմում զոհված հերոսի մայր։ Մեր տեղեկություններով մյուս թեկնածուն Երևանի առաջին ատյանի դատարանի դատավոր Գայանե Մազմանյանն է՝ նախկին նոտար Հայկազ Մազմանյանի դուստրը։ ԲԴԽ-ում գենդերային բալանսը պահելու մտահոգությամբ երրորդ թեկնածուն Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անահիտ Թումանյանն է։

Խնդիրն այն է, որ եթե քվորում ապահովվի, այսինքն՝ ժողովին մասնակցի 120+ դատավոր, ապա ԲԴԽ անդամ կընտրվի նա, ով ստացել է ավելի շատ ձայն։ Այսինքն՝ պայմանանականորեն եթե երեք թեկնածուները ստանան 10,15 կամ 20 ձայն, ապա 20 ձայն ստացածը կդառնա ԲԴԽ անդամ՝ գործուղվելով մոտ 300 հոգանոց դատական համակարգից պաշտպանելու դատարանների անկախությունը։ Բայց կա ավելի կարեւոր խնդիր․ հեռատեսները չեն շտապում ջուրը չտեսած բոբիկանալ, քանի որ անհարմար բան կարող է ստացվել։ Ըստ էության՝ իրավական կազուս է առաջացել․ Վարդազարյանի լիազորությունները դադարեցվել են, բայց նա դեռ իր կռիվը շարունակում է։ Եւ քանի որ լիազորությունների դադարեցման հիմքը՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշումը, կայացվել է նրա հիմնարար իրավունքների խախտմամբ, չի բացառվում, որ ԲԴԽ անդամները մասնագիտական արժանապատվություն դրսեւորեն եւ նոր քննություն իրականացնեն՝ ապահովելով արդար դատաքննության, լսված լինելու իրավունքը։

Խնդիրն այն է, որ Վարդազարյանի գործով վարույթ նախաձեռնած երեք գիտնական անդամները պարզապես պետք է ինքնաբացարկ հայտնեին, որովհետեւ չեն կարող և՛ հարուցել, և՛ դատել, իսկ Գագիկ Ջհանգիրյանը առհասարակ չպետք է մասնակցեր վարույթի քննությանը՝ հաշվի առնելով իր «վզին դրածը»։ Վարույթին մասնակցած երեք դատավորներն էլ իրենց հատուկ կարծիքում նշել են, որ խախտվել են ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի՝ արդար դատաքննության և լսված լինելու իրավունքները, միջնորդության քննության լրիվությունը, օբյեկտիվությունն ու բազմակողմանիությունը, նրա նկատմամբ պետք է կիրառվեր ավելի մեղմ պատասխանատվության միջոց․․․ Պարզ է, չէ՞, որ իրեն հարգող իրավաբանը, որքան էլ ցանկանա իշխանահաճո որոշումներ կայացնել, չի կարող Վարդազարյանի լիազորությունները դադարեցնելու որոշման մեջ խնդիր չտեսնել։

Այս պարագայում շատ հնարավոր է՝ ԲԴԽ-ի եւ նրա անդամների անունը, ստատուսը փրկելու համար Վարդազարյանի դիմումը լիազորությունների դադարեցման որոշումը անվավեր ճանաչելու մասով քննության առարկա դառնա, որոշումը անվավեր ճանաչվի։ Այդպես կստացվի, որ նաև ԲԴԽ-ն ինքնամաքրվեց, արդարադատություն իրականացրեց, իսկ Վարդազարյանը չի կարողանա ՄԻԵԴ դիմել։ Բայց դա ԲԴԽ-ն կարող է անել ընդհանուր ժողովից հետո, ինչպես ասում են, Զատիկից հետո կարմիր ձուն ո՞ւմ է պետք։ Ժողովը կընտրի ԲԴԽ անդամ, Վարդազարյանին կվերականգնեն, բայց ո՞ւմ տեղը, ո՞ւմ փոխարեն, կստեղծեն կոնֆլիկտ նրա եւ նորընտիր անդամի մեջ, էլ չասած, որ Վարդազարյանի նկատմամբ իրականացված քաղաքական պատվերի պատասխանատվությունը կգցեն դատավորների «ջեբը», կհամարվի՝ ԲԴԽ-ականները անկախ են, որոշումը վերացրել են, բայց արդեն նոր անդամ է ընտրված։ Վերջնարդյունքը չի փոխվում․ Վարդազարյանին հեռացնում են ԲԴԽ-ից, այդ կառույցը իբր արդարադատություն է իրականացնում, բայց ուշացած արդարադատությունը արդարադատություն չէ, դա ձեւականություն է, արդարադատությունը պետք է լինի արդար, տեսանելի, բովանդակային, պետք է վերականգնվեն անձի խախտված իրավունքները, մինչեւ խախտումը առկա վիճակը․․․

Այս ամենը դատավորները շատ լավ են հասկանում, բայց փաստորեն ի վիճակի չեն արդարադատություն իրականացնել իրենց համակարգում, կուլ են գնում ԲԴԽ-ի խայծին, պայքարում թափուր տեղի համար՝ չմտածելով հետեւանքների մասին։ Վերջիվերջո, անկախ անձերի նկամամբ վերաբերմունքից, ինչքանով է Վարդազարյանը արժանի իշխանության «հալածանքներին», ինչքանով է արդար, ազնիվ՝ այս ամենը երկրորդային է, այստեղ խնդիրները սկզբունքներն են, դատական համակարգում ձայնագրության հրապարակումից հետո պետք է որ բոլորի համար պարզ լիներ՝ քաղաքական գործընթաց է տեղի ունենում, այդ գործընթացներից ոչ ոք ապահովագրված չէ, եւ այդ գործընթացները այս անկայուն երկրում կարող են արագ փոխվել։ Հետեւաբար ո՞վ կցանկանար լիներ Վարդազարյանի տեղը, երբ տասնյակ գործընկերներ ոչ միայն զորակցություն չեն հայտնում, այլեւ շտապում են նրա թափուր տեղի համար մարդ ընտրել՝ ոտատակ տալով արդարադատությունը։ Ստացվում է, որ այս մարդիկ նույնիսկ միմյանց նկատմամբ չեն կարողանում արդար գտնվել, հանրությունը ինչպե՞ս կարող է արդարադատություն ակնկալել։