Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 23:40 14-07-2022

Հայ-ֆրանսիական բարեկամությունն ունի դարերի պատմություն․ Մհեր Գրիգորյան

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ Ֆրանսիայի դեսպանությունում կազմակերպված միջոցառմանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, փոխվարչապետը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես ասել է.

«Ձերդ գերազանցություն, տիկին դեսպան,

Դիվանագիտական կորպուսի հարգարժան ներկայացուցիչներ,

Հարգելի գործընկերներ,

Թույլ տվեք Հայաստանի կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորել Ֆրանսիայի Ազգային Տոնի կապակցությամբ։

Ավելի քան երկու դար առաջ ֆրանսիացի ժողովուրդը բացեց մարդու իրավունքների և ժողովրդավարական հենքով ապագայի նոր ուղի. դրանից ի վեր Ֆրանսիական մեծ հեղափոխության համամարդկային բարձր արժեքները շատ երկրների համար դարձան օրինակելի ուղեցույց:

Հայ-ֆրանսիական բարեկամությունն ունի դարերի պատմություն. հայերն ու ֆրանսիացիները միասին են եղել իրենց պատմության կարևոր և փորձություններով լի բազմաթիվ շրջադարձերում։ Մենք երբեք չենք մոռանա, որ 20-րդ դարի սկզբին Ֆրանսիան եղբայրական ձեռք մեկնեց ցեղասպանությունը վերապրած տասնյակ հազարավոր հայերին, ովքեր գտան իրենց երկրորդ հայրենիքը:
Մեր երկու երկրների բարեկամությունը կարևոր հիմք դարձավ` հաստատելու բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, ինչպես նաև արդյունավետ ու սերտ համագործակցություն բոլոր առանցքային ոլորտներում:

Մեծարգո դեսպան,

Հայ ժողովուրդը երախտապարտ է Ֆրանսիային Հայաստանի կենսական շահերի և հայ ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանությանը մշտապես ուշադիր և հետամուտ լինելու համար։

Հայաստանը մեծապես կարևորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով Ֆրանսիայի ներգրավումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական և արդար կարգավորման գործընթացում: Առանձնակի շնորհակալություն եմ ուզում հայտնել հումանիտար աջակցության համար, որ ցուցաբերեց բարեկամ Ֆրանսիան Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո:

Պետք է նշեմ, որ հայ-ֆրանսիական բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը զուգահեռ այժմ մենք ջանքեր ենք գործադրում մեր տնտեսական համագործակցության զարգացման ուղղությամբ, ինչին նպաստում է նաև անցյալ տարի ստորագրված 2021-2026 թվականների համար հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզը:
Չեմ կարող չընդգծել հայ-ֆրանսիական հարաբերություններում մշակույթի և գիտակրթական ոլորտում համագործակցության առանձնահատուկ դերը:

Բարձր ենք գնահատում կրթության ոլորտում համագործակցությունը, մասնավորապես առանձնահատուկ ուշադրության է արժանի Հայաստանում գործող Ֆրանսիական համալսարանը: Իր հերթին մեզ համար նաև ոգևորիչ է Փարիզում և վերջերս Լիոնում բացված Թումո կենտրոնների առկայությունը:

Կարևորում եմ նաև ապակենտրոնացված մակարդակով Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորված սերտ համագործակցությունը, որում նշանակալի ավանդ ունի երկու երկրների 30-ից ավելի ՏԻՄ-երի միջև փոխգործակցությունը:

Որպես Եվրոպական միության Արևելյան գործընկերության անդամ՝ բարձր ենք գնահատում Ֆրանսիայի աջակցությունը Եվրոպական միության հետ համագործակցության ընդլայնման գործում:

Ամփոփելով խոսքս ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհավորել Ձեզ՝ տիկին դեսպան, դեսպանության անձնակազմին, Ֆրանսիայի Կառավարությանն ու բարեկամ ժողովրդին այս տոնական օրվա կապակցությամբ՝ մաղթելով բարգավաճում և բարօրություն:
Առիթից օգտվելով՝ ուրախ եմ նաև արձանագրելու, որ այս տարի տոնում ենք հայ-ֆրանսիական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ինչի կապակցությամբ հարատևություն եմ մաղթում հայ-ֆրանսիական բարեկամությանը։

Կեցցե՛ հայ-ֆրանսիական բարեկամությունը»։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին
16:44 Եթե մենք մեր էմոցիաներին տուրք տանք, կարող ա էդ մարդուց շատ քիչ բան մնա. Նարեկ Կարապետյան
19:31 Խոշոր հրդեհ՝ Սևանում. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը