Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 23:03 14-07-2022

Մի՛ մոռացեք՝ հոգի ունեք տալու…

Թեման, որին ուզում եմ ստորև անդրադառնալ, անասելի կարևոր է բովանդակային ու խորքային ընկալման տեսանկյունից: Հայաստանը հայտնվել է մի իրավիճակում, երբ արժեհամակարգի սահմանումը, իրերի ու երևույթների վերագնահատումն ու վերաժեվորումը մարտունակ բանակ ունենալուց ու զինական արսենալի արդիականացումից առավել առաջնային կարևորություն են ստանում:

Մեր երկիրն, ըստ իս, սկսել է նմանվել լիովին հյուծված, անկողնուն գամված այն մորը, որն այլևս ի զորու չէ փակել խաղամոլ զավակների ունեցած, երկրաչափական պրոգրեսիայով աճող պարտքերն ու փրկել գրավատներին «պահ տրված» նրանց ապագան: Պարուրած ցավն իր մեջ խեղդելով՝ արդեն տևական ժամանակ է, ինչ նա զավակներից գաղտնի է պահում իր իրական վիճակը: Մնում է պարզել՝ նա այդպես է վարվում՝ ճարահա՞տ՝ քաջ գիտակցելով իրեն օգնելու զավակների անզորությունը, թե՞ ավանդական դարձած կեղտոտ սպիտակեղենը (հասկանալ՝ իրականությունը)՝ ուրիշներից ծածուկ պահելու «թասիբից» ու ամոթից դրդված: Թեպետ դա այնքան էլ էական չէ, մեկ է՝ երկու դեպքում էլ վիճակը մնում է անմխիթար: Հիմա լինենք անկեղծ ու պատասխանենք էական նշանակություն ունեցող մի շարք հարցերի:

Մենք իսկապե՞ս ուզում ենք կազդուրվել, երկիր ու պետություն ունենալ: Մենք ցանկանում ենք, որ մեր սերունդներն ապրեն կանխատեսելի, երաշխավորված ապագա ունեցող երկրո՞ւմ, թե՞ առերևույթ ազգային, իրականում, սակայն, օտար երկրի որովայնում հանգրվանելիք «անվտանգ» տարածքում: Ի վերջո, մենք ցանկանո՞ւմ ենք ազատվել բոլոր կողմերից մեզ պաշարած տարաբնույթ ցավերից, ձերբազատվել դարեր շարունակ իբրև ճիշտ ներկայացված ստի՞ց, թե՞՝ ոչ: Եթե այո, ուրեմն պիտի աուդիտի ենթարկենք, վերագնահատենք ամեն ինչ՝ մեր պատմությունից, հավատից սկսած, բարոյական արժեքներով վերջացրած: Ցանկալի արդյունքի հասնելու համար, սակայն, իրականացվելիք սելեկցիան պիտի լինի խիստ արդարամիտ: Օրինակ՝ պիտի պարզենք, թե ինչ և ում նկատի ունի մեր հարազատ ժողովուրդը՝ «Բախտ բաժանողի աչքերը քոռանա» ասելով… Ի դեպ, Հայաստանում լույս ընծայված «Առածանի»-ում էլ ավելի զարհուրելի անեծքների կհանդիպեք: Պիտի շիփ-շիտակ պատասխանենք, թե որքանով է հարիր այսօրինակ «բարեմաղթանքը» քրիստոնությունն առաջինը ընդունած երկրի «հավատավոր» բնակչին: Մենք իսկապե՞ս աստվածավախ ժողովուրդ ենք, ինչպիսին ներկայանում ենք աշխարհին, թե՞ մեզ ավելի սրտամոտ ու հոգեհարազատ է սալմաստեցի խաչագողերի գոյաբանական կենսակերպը: Մենք մեղքի գիտակցում ունեցո՞ղ, թե՞ «ամոթ-աբուռով» առաջնորդվող ժողովուրդ ենք: Ո՞րն է, ի վերջո, մեզ համար հիշատակվածներից նախապատվելին: Հետաքրքիր է պարզելը նաև, թե մեր երկրում դարեր շարունակ կառուցված, ճարտարապետական առումով հիացմունքի տեղիք տվող եկեղեցիները որքանով են նպաստել մեղսագործության նվազմանն ու մերձավորի հանդեպ կարեկցական վերաբերմունքի սերմանմանը, հանդուրժողականության ու արդարամտության գերակայության հաստատմանը: Նաև պարզել է անհրաժեշտ՝ մեր հոգևոր այրերը հովվություն արե՞լ են իրենց հոտերին, բացատրե՞լ են իրենց «գառնուկներին»՝ հանցանքներից ու զանցանքներից զերծ մնալու, Հայաստանն իբրև սեփական տուն ընկալելու կարևորությունը: Հարկ է պարզել նաև՝ դժվարագույն պահերին նրանք արտահայտե՞լ են իրենց հստակ դիրքորոշումը, խառնակ ժամանակներում՝ հանրային խմորումների ժամանակ, ստանձնե՞լ են նրանք շանթարգելի դերը: Վեհարաններում կլորիկ գումարների դիմաց կասկածելի կենսագրության տեր օլիգարխների մեծադիր նկարները կախելուց զատ այդ միջոցներից կազդուրման կարոտ հայոց բանակի համար մասնահանում կատարե՞լ են, թե՝ ոչ, հեռուստատեսությամբ հեռարձակված հաղորդումներում ներկայացված, սովից ու ցրտից սրթսրթացող ու քնել չկարողացող փոքրիկներին գեթ մեկ անգամ այցելե՞լ են:

Ի դեմս հայ հասարակության մտածող հատվածի՝ հանրությունը պարտավոր է գտնել «Ինչո՞ւ հայերին վերջին երկու հազար տարում այդպես էլ չի հաջողվում պետություն ստեղծել» թնջուկի պատասխանը: Կամ ասենք՝ ի՞նչն է բնականոն զարգացման փոխարեն ներսում և դրսում անվերջ մեղավորներ ու թշնամիներ փնտրելու պատճառը: Ի վերջո, ո՞րն է համընդունելի ու ընդօրինակելի երկիր դառնալու բանալին: Մենք պատեհ ու անպատեհ բոլոր առիթներով խոսել ու խոսում ենք մեր առանձնաշնորհյալության, մեր «արժանիքներին» վայել պետություն ունենալու թաքնված երազանքի մասին, այդպես էլ չպատասխանելով՝ «Կարո՞ղ ենք արդյոք տիեզերական հանդուրժողականության տրամաբանության շրջանակներում ստեղծել այնպիսի երկիր, որը հավասարապես իրենցը կհամարեն նաև այլազգիները»: Երկիր, որի լինելիության առհավատչյան կդառնա համակեցության խորհուրդը:

Հ.Գ. – Ու որպես վերոշարադրյալի կարևորության հավաստում, իբրև փորձաքար՝ կարելի է նախ կառավարությունից, ապա նոր միայն հայտնի օլիգարխից տեղեկանալ՝ թույլատրելի՞ է արդյոք ՀՀ բնության հուշարձանների ցանկում ընդգրկված Հատիս լեռան տարածքում մեծածավալ շինարարություն իրականացնելը, թե՝ ոչ: Նրանցից հոդաբաշխ պատասխան չստանալու դեպքում էլ իրավունք վերապահել նույն հարցն ուղղել Տեր Աստծո՝ բանից անտեղյակ միամորիկ որդուն…