Մեղրիի համայնքնապետարանի
պաշտոնական էջը երեկ տեղեկություն էր տարածել, որ «Կարմիր դրոշի» սևծովյան նավատորմի երգի-պարի համույթ»-ը հյուրընկալվել էր Մեղրիի մարզամշակութային կենտրոնում։ Բազմաթիվ քննադատությունների արժանացած միջոցառումը, որի ընթացքում հնչել են ինչպես հին նավաստիների և զինվորների երգեր, այնպես էլ ժամանակակից երգեր Ռուսաստանի և նավատորմի մասին, բացառապես հիշեցնում էր լիարժեք «սովետական» ժամանակաշրջան։
Քանի որ Մեղրիի համայանքնապետ Բագրատ Զաքարյանը «Հանրապետություն» կուսակցության խորհրդի անդամ է, կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը չէր զլացել պաշտպանել սեփական թիմակցին, որի անունը, նման միջոցառում համայնքապետարանում թույլ տալու համար, արդեն երկու օր է՝ շրջանառվում է։ «Հանրապետություն» կուսակցությունն իր
ֆեյսբուքյան էջում պարզաբանել էր, որ գտնում են՝ հարցը ոչ թե այս կամ այն մշակութային միջոցառումը թույլատրելու կամ արգելելու մեջ է, այլ բուն հայ-ռուսական հարաբերությունների հստակեցման անհրաժեշտության, Հայաստանի՝ ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամակցության խնդիրների, որոնց լուծումը հաստատ Մեղրիի համայնքապետի իրավասության շրջանակներում չէ»։
Մանրամասներ պարզելու համար
Oragir.news-ը կապ հաստատեց «Հանրապետություն» կուսակցության անդամ Անի Խաչատրյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց, որ դա ընդամենը երգի-պարի խումբ է, որը շրջայցերի շրջանակներում նաև Մեղրիում է համերգ ունեցել. «Մի քանի օր առաջ անգամ համերգ են ունեցել Կապանում ու էլի ուրիշ համայնքներում։ Ընդամենը համայնքապետարանից թուլտվություն են ուզել՝ տեղ հատկացնել՝ համերգ տալու համար։ Ի դեպ, Մեղրիում կան զորամասեր, որտեղ ռուսական զինվորներ են ծառայում, ու նորմալ է, որ նրանք իրենց զինվորների համար էլ կարող են նման միջոցառում կազմակերպել։ Թե՛ բեմական ձևավորման, թե՛ մնացածի հետ կապված համայնքապետարանը լիազորություն չունի, արձան չի տեղադրվում, որ համայնքապետարանը ձևավորման, տեսքի ու մնացածի հետ կապված որևէ բան քննարկեր։ Ոչ մի քաղաքական ենթատեքստ չկա այդ մշակութային միջոցառման մեջ։ Կարծում եմ, որ համայնքնապետարանը քաղաքական ենթատեքստեր պարունակող ոչ մի մշակութային միջոցառում պետք է թույլ չտա։ Վաղը կարող է լինել ամերիկյան որևէ խմբի կողմից կազմակերպված, կամ հունական, կամ նույնիսկ ցիգանական խմբեր գան, նույնիսկ երգի-պարի ինչ-որ միջոցառումներ անեն, ու նույն կերպ կհատկացվի տարածք ու նույն կերպ կտրվի թույլտվություն ու նույն կերպ կլուսաբանվի համայնքապետարանի էջում։ Իրենք բեմական ձևավորումն ընտրում են մշակույթի տան նկուղներում եղած որևէ կարմիր դրոշի հետ համապատասխան բաներ, այսինքն՝ նկուղներից ինչ գտնում են իրենց անվանը համապատասխան, բեմական ձևավորում են անում, ենթադրում եմ՝ մարզերի մշակույթի տան նկուղներում սովետական, էն թվերից ինչ-որ բաներ երևի կա։ Ինչ վերաբերում է քաղաքապետին, ինքը լրիվ մեր քաղաքական գծի մեջ է։ Ես կարծում եմ, որ սա ողջունելի է, որ քաղաքական ենթատեքստերը, քաղաքական ուղղվածությունները մշակութային միջոցառումների մեջ չենք մտցնում։ Լիքը աստղեր են գալիս, Հայաստանում համերգներ տալիս, թե արտասահմանում համերգներ տալիս, ու մերոնք էլ գնում են այլ երկրներում համերգներ են տալիս, այդ թվում՝ և ՌԴ-ում են համերգներ տալիս»։
Փաստորեն ստացվում է այնպես, որ «Հանրապետություն» կուսակցության անդամները ռուս զինվորների արդեն մեղրեցի են համարում։
Հիշեցնենք, որ Oragir.news-ը թեմայի վերաբերյալ զրուցել էր նաև ԱԻՄ կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանի հետ։