Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 22:00 07-07-2022

Փալաս չդառնալու խորհուրդը

Կանադայի արտգործնախարար Մելանի Ջոլիի՝ օրերս արված թվիթերյան գրառումն այն մասին, որ Օտտավան մտադիր է Հայաստանում, Էստոնիայում, Լիտվայում և Սլովակիայում դեսպանություններ բացել, երևի այլ իրավիճակում ու այլ ժամանակահատվածում այդքան էլ չզայրացներ ու հունից չհաներ խանդոտ ամուսնու դերում հայտնված Ռուսաստանին: Այլ, բայց ոչ ներկա, քանի որ Ուկրաինա ներխուժման և ռուս-ուկրաինական գնալով խորացող հակամարտության պատճառով՝ երբեմնի գերտերությունը հայտնվել է բորոտավորի կարգավիճակում, երբ նրանից երես է թեքել աշխարհի քաղաքակիրթ որակվող հատվածը, երբ նրան հավատարմության երդում տված վասալներից էլ ընդամենը չորսից հինգը, առանձնապես Էրիթրեան է դեռևս հավատում «տիրոջ» կազդուրմանը …

Ռուսական քաղաքական շրջանակներին առանձնապես զայրացրել էր ձեռնարկի հիմնավորումը: «Դիվանագիտական այս ընդլայնումը կօգնի հասցեական արձագանքել անվտանգության հետզհետե մեծացող սպառնալիքներին, ավելի մեծացնել Կանադայի ներգրավվածությունը տարածաշրջանում՝ օգնելով դիմակայել Ռուսաստանի ապակայունացնող գործողություններին»,- հայտարարել էր Կանադայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։ Շախմատային հակաքայլը՝ ՌԴ դեսպանության արձագանքի տեսքով, իրեն երկար սպասեցնել չտվեց: Դեսպանատունը տարակուսելի էր համարել ինչպես նախարարի խոսքի որոշ շեշտադրումներ, այնպես էլ այն, որ G-7-ի անդամ հանդիսացող Կանադայի արտաքին գործերի գերատեսչությունը Հայաստանում դեսպանություն բացելը դիտարկում է «ռուսական ազդեցությանը հակազդելու» համատեքստում։

Դեսպանատան ուշադրությունից չէր սպրդել նաև՝ հայաստանյան որոշ լրատվամիջոցների՝ ձեռնարկը սովորականից ընդգծված ներկայացնելու փաստը։ «Ուշադրություն դարձրինք տեղական ԶԼՄ-ներում հայտնված տեղեկատվությանը՝ Հայաստանի Հանրապետությունում Կանադայի դեսպանատուն բացելու մասին: Ամեն ինչ նորմալ կլիներ, միայն թե տարակուսանք է հարուցում այն, որ համաձայն ԶԼՄ-ների՝ այդ քայլը Կանադայի ԱԳՆ-ի կողմից ակնհայտորեն մատուցվել էր որպես ռուսական ազդեցությանը հակընդդեմ գործողություն: Զարմանալի է պետության նկատմամբ նման բացահայտ ամբարտավան ու արհամարհական վերաբերմունքը, որի հետ կարծես թե պատրաստվում են ամրապնդել երկկողմ կապերը։ Ակամայից մտածում ես, թե նման ուղղվածությունն ինչպես կազդի հայ ժողովրդի բարեկեցության ու անվտանգության վրա»,- ասվում էր դեսպանատան տարածած հայտարարության մեջ։

Անզեն աչքով իսկ երևում է, որ ընդգծված կոպիտ, նկատելիորեն բիրտ արձագանքը ոչ այնքան Կանադային, որքան նրա պարտադրված սիրուց ու ամուր գրկից ձերբազատվել փորձող Հայաստանին էր ուղղված: Ներհայաստանյան քննարկումների առանցքում հայտնված թեման պարզաբանման կարիք ուներ: Ի՞նչ է սա․ Հայաստանի Հանրապետության ներքին գործերին ուղղակի միջամտությո՞ւն, թե՞ Արևմուտք–Ռուսաստան առճակատման հերթական դրսևորում։ Առավել տարօրինակն այն էր, որ Կանադայի արտգործնախարարի հայտարարությանը հակադարձեց ոչ թե ՌԴ արտգործնախարարությունը, այլ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը: Էլ ավելի արտառոցն ու տխուրն այն էր, որ ՀՀ ԱԳՆ-ն այդպես էլ պարզաբանում չպահանջեց Հայաստանին քողարկված սպառնալիքներ ուղղած ՌԴ դեսպան Կոպիրկինից:

Գաղտնիք չէ, որ հոգին ավանդած ԽՍՀՄ-ի վերակենդանացման հույսեր փայփայող Ռուսաստանն անվարան շարունակում է նեոգաղութատիրական նկրտումներ դրսևորել: ՌԴ ղեկավարը վերջերս բացեիբաց հայտարարեց, որ նախկին Խորհրդային Միության տարածքը ՌԴ տարածքն է, հետևաբար՝ Ռուսաստանը հետխորհրդային երկրները դիտարկում է որպես սեփական ազդեցության գոտի։ Ռուսական արջին հենց այս փաստի քամահրումն էր հունից հանել: Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, որ Ռուսաստանի ներկայացուցիչները այդպես բացահայտ են ակնարկում հնարավոր շեղմանը հաջորդելիք ցավոտ հետևանքների մասին: Ռուսական իդեոլոգիայի հայրերից մեկը՝ «Միջազգային եվրասիական շարժման» ղեկավար Ալեքսանդր Դուգինը տարիներ առաջ «վստահություն» էր հայտնել, որ Հայաստանը կմնա Ռուսաստանի ազդեցության գոտում, հակառակ դեպքում, եթե Հայաստանը դեպի արևմուտք քայլ անի, ապա կդադարի գոյություն ունենալ ու կչքվի քարտեզի երեսից։ «Ռուսաստանի հետ բարեկամությունը շատ թանկ բան է, եթե ճիշտ ու ադեկվատ ձևով այն զարգացնես։ ՀՀ ղեկավարություն, ըստ իս, բոլոր հետևություններն արել է»,- «հաթաթա» էր տվել Դուգինը: Կոպիրկինի արձագանքը հարկ է դիտարկել հենց նույն հոլովույթում՝ հավելելով միայն անվիճարկելի մի իրողություն։ Եթե դու փալաս ես, ապա այնքան էլ էական չէ, թե ով է ոտքերը քո վրա մաքրում…