Ներքին Խոսք 4 տարի առաջ - 20:01 07-07-2022

Խախտումները եղել են, կան ու կլինեն. ԳԹԿ մամուլի խոսնակը՝ Փաշինյանի հայտարարության մասին

Կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով ընդունելության քննությունների մասին, նշել է. «Նկատե՞լ եք, որ Հայաստանում ընդունելության քննություններն անաղմուկ են անցնում: Պատճառներից մեկն այն է, որ տարկետման ինստիտուտը չկա: Դրանով հետաքրքրությունն էականորեն նվազել է: Մենք նախորդ շրջանի փորձից գիտենք, որ շատերը բուհ ընդունվում էին ոչ թե կրթության նկատառումներով, այլ տարկետման իրավունքից օգտվելու նկատառումներով: Մեր աշխատանքի կարեւոր հատված է երկու ֆունդամենտալ խնդիր լուծել. մեկը ընդունելության քննությունների օբյեկտիվ համակարգ ունենալն է, երկրորդը գիտական թեզերի պաշտպանության թեման է, որտեղ էլի ունենք խնդիրներ: Այս ուղղությամբ որոշակի աշխատանք արված է»։

Պարզելու համար, թե արդյո՞ք համակարծիք են մասնագետները Փաշինյանի այդ հայտարարությանը, Oragir.news-ը կապ հաստատեց ԳԹԿ մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը հետ։

Մեզ հետ զրույցում Գրիգորյանն ասաց․ «Մարդ քննություն է հանձնում, և բնականաբար իր ակնկալիքները միշտ ավելի բարձր են լինում՝ անկախ նրանից, թե ինքը որքանով է պատրաստ դրան, և բնականաբար, երբ իր ստացած բարձր գնահատականը չի լինում, մտածում է, որ գուցե բողոքարկի, և հնարավոր է՝ բարձրանա, որ չբարձրանա էլ, հաստատ չի իջնի։ Այսինքն՝ տարբեր նկատառումներով, տարբեր դրդապատճառներով քննական գործընթացի անխուսափելի մաս է բողոքարկումը։ Բողոքարկումներ լինում են, հնարավոր է, մանավանդ, որ աշխատանքները ստուգում է համակարգիչը»։

Ըստ Գրիգորյանի՝ քննությունների ամբողջ պատմության ընթացքում դիմորդը միշտ փորձում է ավելի բարձր գնահատականներ ստանալ տարատեսակ ձևերով. «Ոտքին են գրում, երկար կիսաշրջազգեստ են հագնում, գուլպայի մեջ ինչ-որ բաներ են թացնում, դե հիմա արդեն տեխնոլոգիաները կատարելագործվել են, ու հնարամիտ են ուսանողները, դա մի օրվա բան չի, երկու օրվա բան չի, դրանք միշտ եղել են, և որպեսզի օբյեկտիվությունը պահպանվի, որպեսզի մեկը չօգտվի նման բաներից, մեկ ուրիշը բարձր ստանա, կամ մեկ ուրիշը ցածր ստանա այն պատճառով, որ դրանցից չի օգտվել, փորձում ենք կանխել։ Հնարավորինս փորձում ենք կանխել օգտվելը։ Հնարավոր է, որ ինչ-որ մեկը կարողանում է հնարամտություն ցուցաբերել, հեռախոսից օգտվել կամ ինչ-որ ծածկաթերթիկ տանել։ Դրանք ուղղակի ոչ թե որպես աղմկոտ դեպք ենք ներկայացրել, այլ որպեսզի կանխենք հաջորդ քննություններին իրենց օգտվելու փորձերը, որպեսզի իրենք հասկանան, որ պետք չէ դա անել։ Դիմորդի մոտ մի բան գտնում են, անկախ նրանից՝ ինքը հասցրել է օգտվել, թե ոչ, արձանագրություն են կազմում և դադարեցնում քննությունը։ Այսինքն՝ մարդ ուղղակի այդ տարի հնարավորություն չի ոնենում բուհ ընդունվելու համար, որովհետև ավելի հեշտ տարբերակ էր ընտրել։ Առհասարակ կան, եղել են ու կլինեն խախտումներ»։

Անդրադառնալով այն մտքին, որ «անաղմուկ են անցել» քննությունները, Գրիգորյանն ասաց. «Ես չեմ կարող ասել, թե ինչ նկատի ունի ինքը, երբ ասում է, որ անաղմուկ են անցել ընդունելության քննությունները։ Քննություններն իրենց ընթացքով, ինչպես որ նախատեսված են, ընթացքում փոքր-մոքր անակնկալներով ընթանում են նորմալ քննական գործընթացով։ Ինչ նկատի ունի աղմուկով կամ անաղմուկ՝ դա գուցե իրենից հարցնեք։ Շպարգալկաները, ամբողջ մարմնին փաթաթված լարերը, փոքր մագնիսները՝ ականջի մեջ տեղադրվող, բացարձակ աղմուկ չեմ ընկալում, պարզապես ասում եմ՝ նման բաների մասին բարձրաձայնում ենք, նույնիսկ առանց դպրոցը նշելու, պարզապես նրա համար, որ հաջորդ քննությանը մարդիկ նկատի ունենան ու չգնան նման քայլի, որովհետև իրենց հանում են դուրս»։

Գրիգորյանի խոսքով՝ քննությունից հետո դիմորդը ընդհանրապես հնարավորություն ունի բողոքարկելու համար միասնական քննությունների առաջին փուլում, իսկ հիմա երկրորդ փուլն է՝ բանակից զորացրվածների, արտերկրի դպրոցների շրջանավարտների և հարգելի պատճառով բացակայածների համար. «Մարդիկ կային, օրինակ, ջրծաղիկի դեպքեր կար, կամ մարդ կար, ով քննաշրջանի ընթացքում վատ էր զգացել իրեն, քննությունն ընդհատել են, իրենց համար է։ Ամեն քննությունից հետո բողոքարկումներ են լինում, մասնագետները նայում են, երբեմն փոխվում է գնահատականը, իսկ որոշ դեպքերում չի փոխվում», - եզրափակեց Գրիգորյանը։