Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը: 1991 թվականին՝ անկախության հռչակումից հետո, Սահմանադրությունն ընդունվեց 1995-ի հուլիսի 5-ին, և այդ օրն էլ դարձավ պետական տոն:
Oragir.news-ը կապ հաստատեց սահմնադրագետների հետ՝ հարցնելով, թե որքան են քաղաքացիներն այժմ իրազեկված սահմանադրական օրենքներից, իրենց իրավունքներից, և ինչ սահմանադրական փոփոխություններ են անհրաժեշտ։
Սահմանադրագետ Գոհար Մելոյանը ասաց. «Ցավոք սրտի, կարող ենք արձանագրել, որ այսօր սահմանադրական մի շարք խնդիրների ենք առերեսվում ու ունենք, ըստ էության, սահմանադրական ճգնաժամի մի իրավիճակ։ Հուլիսի 5-ը հռչակված է Սահմանադրության օր և որպես տոն՝ նախկինում ուղեկցվել է շնորհավորական ուղերձներով։ Այսօր դարձել է սովորական, ոչ աշխատանքային օր, որի խորհուրդը մեր հասարակության մեծամասնությունը չի էլ ընկալում և ըմբռնում»։
Մելոյանի խոսքով՝ մասնագետների համար սա ուղղակի առիթ է, որպեսզի վերհանեն այն խնդիրները, որոնք իշխող ուժը թույլ է տվել, որոնք անգամ երևակայության շրջանակներից դուրս են. «Մենք վերջին տարիների ընթացքում ականատես ենք եղել, թե ինչպես են Սահմանադրության հիմնարար սկզբունքները ոտնահարվում, խոսքը նաև իշխանության հակակշիռների և փոխզսպումների մասին է, ամենացցուն օրինակը երկրի գործադիր իշխանության կողմից միջազգային և քաղաքական ռազմական բնույթի պայմանագրերի ստորագրումը, և մի շարք այլ փաստաթղթեր՝ մասնավորապես նոյեմբերի իննի, հունվարի 11-ի միջազգային պայմանագրերի օրինականության սկզբունքի ոտնահարումն է։
Մենք բազմիցս ենք ականատես եղել, թե ինչպես են մի շարք սահմանադրական նորմեր շրջանցվում և խախտվում, ինչի մասին վկայում են մեր երկրում վերջին չորս տարիներին առկա տասնյակ քաղբանտարկյալների առկայությունը, ընդհուպ մինչև հացադուլ հայտարարած քաղբանտարկյալների մահը, ինչի մասին են վկայում հատկապես տեղեկատվության ազատության և հիմնարար իրավունքների խախտումների հետ կապված իշխող ուժի գործառույթները և ԶԼՄ ներկայացուցիչների գործունեությանն ուղղված սահմանափակումները։ Դրանք կարող ենք դիտարկել ռազմական և արտակարգ դրության ժամանակ կառավարության կողմից սահմնաված սահմանափակումների համատեքստում, որի թիրախավորված հատվածը հենց ԶԼՄ միջոցների ու տեղեկատվության տարածման իրականացման հիմնարար իրավունքն է։
Այս ամենի կոնտեքստում գալիս ենք այն եզրահանգման, որ վերջին չորս տարիներին հասարակությունը բավականին ներքաշվել է քաղաքական պրոցեսներում, և ցավալի է, որ մարդիկ հենց քաղաքական հայացքների ու քաղաքական նպատակահարմարության կոնտեքստում են մեկնաբանում օրենքների նորմերը։ Մենք հաստատված կերպով ունենք երկակի ստանդարտների և ընտրովի արդարադատության իրավիճակ հանրապետությունում, որի զուտ քաղաքական առակայությամբ է պայմանավորվում սահմանադրական նորմի մեկնաբանումը, ինչը լրջագույն վտանգ և ողբերգական է մեր պետության համար, և ինչը բնավ հարիր չէ ժողովրդավար և իրավական պետություններին։ Մեր պետությունում, եկեք արձանագրենք, որ մի շարք անվտանգային խնդիրներին զուգահեռ՝ նաև լրջագույն վտանգի ներքո է իրավական անվտանգությունը։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչ փոփոխություն կանեինք, դա վերաբերում է նրան, որ մարդիկ ունենան մասնագիտական արժանապատվություն․ իրենց հաջող մեկնաբանման համար անհեթեթ մեկնաբանություններ էին անում։ Իմ գնահատմամբ, հասարակության մեջ այնպիսի թյուր կարծիք է ձևավորվել, որ մեզ բաժին է հասնում լավագույն սահմանադրություններից մեկը՝ ի դեմս 2015 թվականի փոփոխությունների, ինչը բնավ այդպես չէ, որովհետև սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքներին տեսել եմ պրոֆեսիոնալների տաժանակիր աշխատանքը, և հանձնաժողովի անդամները եղել են հետագիծ ունեցող իրավաբան գիտնականներ»։
Արա Ղազարյանն Oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ սահմանադրության մեջ այժմ խնդիրներ չկան, քանի որ 2015 թվականի սահմանադրությամբ մի շարք կարևոր խնդիրներ լուծվեցին. «Երկրորդ բաժնում էլ ավելի հստակեցվեցին մարդու հիմնարար իրավունքների վերաբերյալ դրույթները, այնտեղ ներմուծվեցին մի շարք կարևոր սկզբունքներ, բայց հիմա ֆունդամենտալ փոփոխություն անելու համար չկա խնդիրը։ Եթե նորից փոփոխություն արվի, ապա կոսմետիկ փոփոխություն, հիմնական խնդիրը կիրառության մեջ է, պետական մարմինների կամայականությունների մեջ է։ Սրանում է խնդիրը։ Սահմանադրության մասին մեր քաղաքացիները վատ են տեղեկացված, հաճախ՝ բնակարանի անձեռնմխելիության իրավունքի վերաբերյալ, միաժամանակ եկեք արձանագրենք, որ դատարանները ծանրաբեռնված են, դա նշանակում է, որ մեր քաղաքացիները սիրում են իրենց իրավունքները պաշտպանել»։
Իսկ սահմանադրագետ Վարդան Պողոսյանն էլ ասաց. «Սահմանադրրություն գոյություն չունի, ՀՀ-ում 2000 թվականից սահմանադրական հեղաշրջում է կատարվել, և սահմանադրությունը փոխվել է հակասահմանադրական եղանակով, և բոլոր այն փորձերը՝ իշխանությունների՝ իրենց թերությունները բարդելու Սահմանադրության վրա, պարզապես ծիծաղելի են։ Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա, Սահմանադրությունը կատարելու պահանջ կա, ինչն իշխանությունները չեն կատարում, այսօր գործում է մեկ մարդու կամքը, որը Սահմանադրությանը հակառակ է։ Երբ Սահմանադրությունը փոփոխում են հակասահմանադրական եղանակով, սահմանադրական հեղաշրջում են կատարում, սահմանադրական կարգը տապալվում է, իսկ սահմանադրությունն այն ձևով, որով պետք է գործի, չի գործում»։