Ասում են, թե ցանկացած հրեա համոզված է, որ Իսրայելից բացի` ցանկացած այլ երկրում ինքը կլինի պետության ամենաապահովված ղեկավարը, քանի որ բացի երկիրը ղեկավարելուց՝ նաև կշարունակի մի քիչ էլ դերձակություն անել։ Նույնպիսի որոշակի համոզմունք է առաջանում, որ հայոց պատմության ամենաապահովված ԱԺ փոխնախագահը կարող է լինել Վարդենիս – ՔՊ – ՀՀԿ – ՔՊ – Վարդենիս շրջագծով քաղաքական գործունեություն ծավալած Թագուհին։ Նա դրա համար ունի բոլոր անհրաժեշտ հատկությունները։ Հարկ եղած դեպքերում թուք ու մուրը իր վրա ընդունելուց և մեկ-մեկ Ալենին փոխարինելուց բացի` նա նաև կողքից կշարունակի իր կարիքներն ապահովել լրատվության, տարբեր բնույթի միջնորդությունների, ստույգ հայտնի կոնկրետ մարդու իրավունքները պաշտպանելու, ապակուսակցական և ապաքաղաքական բազում այլ միջոցներով։
Սա, իհարկե, միայն այն դեպքում, եթե ՔՊ-ականներին հրահանգեն դակել ԱԺ կանոնակարգ օրենքով խորհրդարանական ընդդիմության համար սահմանված ԱԺ փոխնախագահի տեղը թափուր չթողնելու որոշումը։ Այո՛, եղել են ու կան մարդիկ, ովքեր ունակ են կարիերա անել բոլոր իրավիճակներում և ամեն իշխանության օրոք։ Թեև, թավշյա ամբողջատիրության սահմանած պայմաններով ու վարչակալության օրոք կարիերա կարող են անել եզակիները. բացառապես փոքրաթիվ ՔՊ-ականները ու սրանց հարակից սորոսականները, տարաբնույթ փոքրամասնություններն ու աղանդավորները, նաև օլիգարխները, որոնց վզներին դրված է այս բոլորին սնելու բեռը։ Այսինքն՝ թավշյա կադրային բանկը արդեն իսկ սնանկ է և վաղուց տառապում է կադրային դեֆիցիտով։
Դրածո վարչակալը կադրային քաղաքականություն, որպես այդպիսին, չունի։ Ինչպես որ չունի քաղաքականություն՝ ընդհանրապես, և կադրային բանկ ու ռեզերվ` մասնավորապես։ Ե՛վ արտաքին, և՛ ներքին քաղաքականություն նրան թելադրում են` հարևան ու օտար թշնամի երկրներից, արևմտյան որոշակի կառույցներից ու կենտրոններից, դեսպանատներից։ Կադրեր «ընտրելու» գործում նրան ուղղորդում են տեղական «գռզոներն» ու «լֆիկները»։ Ինքը` վարչակալը, այնքան սահմանափակ է իր պատկերացումներում, այն աստիճան դիլետանտ է պետակառավարման ոլորտում, որ նրա՛նք են պարբերաբար ուզած ձևի ու չափի «կուտեր տալիս» իրեն, ում, ինչպես թյուրիմացաբար ինքն է կարծում, «վզներին դրել է»։
Հիմա արդեն մի քանի սենսացիաներ բեմադրելուց ու դրանք ձախողելուց, հմուտ մուտիլովչիկ ու պրոֆեսիոնալ խաբեբա կադրեր կորցնելուց հետո, բոլորը տեսան ու համոզվեցին, որ «կուտ տալը» ու «վզին դնելը» դարձել է պետական քաղաքականություն, բայց դա անել կարողացող և վարչակալին ու իրենք իրենց անհրաժեշտով ապահովող կադրերի սուղ պակաս կա։ Հիմա մենք չունենք բանակ ու արտաքին գերատեսչություն, իսկ սա նշանակում է, որ չունենք պետություն։ Եթե ունենք վարչակալ, սա դեռ չի նշանակում, որ ունենք կառավարություն։ Եթե ունենք պաշտպանության նախարար ու արտգործնախարար, սա դեռ չի նշանակում, որ ունենք բանակ ու դիվանագիտություն։
Իսկ հիմա եկեք պատկերացնենք, թե ինչ կլինի, եթե իրաբանությանը թեթև հպված իր կատարածուին գլխավոր դատախազ նշանակելուց հետո իրենց հարգող իրավաբանները հրաժարական տան։ Տարփողվող քաղաքական ճգնաժամը ինչ մետաստազներ կստանա, եթե ընդդիմադիր պատգամավորները հրաժարվեն իրենց մանդատներից։ Հրաժարվեն անխտիր բոլորը, թիմով, առանց բացառության բոլորի ստորագրություններով հաստատված մեկ համատեղ, միասնական քաղաքական հայտարարությամբ։ Հավատացած եմ, որ սա նախադեպ կստեղծի ու ցույց կտա, որ հնարավոր է ողջ համամասնական ցուցակով հրաժարվել մանդատներից։ Ինչ կլինի, եթե ընդդիմության մարտական անցյալ ունեցող ղեկավարները զինված ջոկատներ կազմեն ու գնան երկրի սահմանը պաշտպանելու։
Թեև ինչպես համաշխարհային փորձն է նաև հաստատում, ոչ մի կոալիցիա կամ նախընտրական դաշինք երբեք ամուր չի լիում և մասնատվում, պառակտվում է շահերի առաջին իսկ բախումից։ Երբ տեսանելի լինի, թե մանդատից հրաժարված ամեն մեկն ինչպես է շարունակում կամ ընդհատում իր քաղաքական ուղին, սա ցույց կտա, թե իրականում ովքեր էին իրար հետ դաշինք կազմել, ու ով ինչ նպատակ ուներ։ Նաև թույլ կտա նույն սխալը երկրորդ անգամ չկրկնել բոլոր նրանց, ովքեր մեկ անգամ փոցխին կանգնելուց հետո միակ ճիշտ հետևությունն են անում։ Չէ որ դեռ անհաշվելի արտահերթ համապետական ընտրություններ կան առջևում։
Ստացվում է, որ դարձյալ ինքնալուծարվելու հարկադրանքի առաջ հայտնված ԱԺ-ի փոխնախագահ դառնալը ոչ մի բան էլ չի ապահովում, բայց շատ բաներ լուրջ վտանգել է արդեն։ Այո՛, ռեժիմի քաղաքական հոգեվարքը ու խորհրդարանական ճգնաժամը հղի է հերթական արտահերթ ընտրություններով։ Իսկ անորոշության տեսությունը հուշում է, որ անորոշ միջավայրում որքան մի տարրի մասին իմացածը որոշակիանում է, նույնքան էլ մյուս տարրերի մասին տեղեկություննեն են անորոշ դառնում։ Մինչդեռ, մեզ որոշակիություն է անհրաժեշտ։
-
Գևորգ Հարությունյան
-
փիլիսոփա
-