Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրի դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ` վաղը հրատապ նիստ է հրավիրվել, որտեղ քննվելու է ՔԿ նախկին ղեկավար Աղվան Հովսեփյանի խափանման միջոց կալանքը փոփոխելու հարցը։
Oragir.news-ի հետ զրույցում նրա պաշտպաններից Աննա Մանթաշյանն ասաց, որ հրատապ նիստը պայմանավորված է Հովսեփյանի առողջական վիճակի վատթարացմամբ. «Նրա մոտ հայտնաբերվել է հիվանդություն, ինչը անհամատեղելի է կալանքի հետ։ Կյանքին վտանգ է սպառնում։ Նրա մոտ շաքարային դիաբետ է` ծանր աստիճանի։ Հիվանդությունը ներառված է կառավարության որոշած ցանկի մեջ` որպես կալանքի հետ անհամատեղելի հիվանդություն։ Այդ հիմքով մենք միջնորդություն էինք ներկայացրել դատարան, որ հրատապ նիստը անցկացվի, ու խափանման միջոց կալանքը փոփոխվի։ Դատարանը հրատապ նիստ հրավիրելու միջնորդությունը բավարարել է»։
Պաշտպանը ավելացրեց նաեւ, որ նախատեսվում էր, որ հունիսի 28-ին Հովսեփյանը դուրս էր գրվելու ԲԿ-ից, սակայն վիճակը վատացել է, նրա մոտ առաջացել են նաեւ անոթային լուրջ խնդիրներ։
Հիշեցնենք` Հովսեփյանը մեղադրվում է ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փողերի լվացման և այլ չարաշահումների մեջ։