Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 21:34 27-06-2022

Ուրիշների «աչքի լույսը»…

Երկրների, պետությունների, եթե կուզեք, մայրցամաքների թշվառության հիմքերի հիմքը եղել և մնում է տգիտությունը: Դրա ամենավիզուալ օրինակը դեղին մայրցամաքը՝ տարբեր ժամանակահատվածներում քաղաքակիրթ որակված երկրների «բնամթերքի» մատակարարը դարձած Աֆրիկան է: Որքան մեծ է տգետների թվաքանակը, նրանց տեսակարար կշիռը այս կամ երկրում, այս կամ այն միավորման մեջ, այնքան մեծ է վերջիններիս շահագործման, այլ երկրներից ունեցած վասալական կախվածության, ուժեղների հաճկատարը դառնալու հավանականությունը:

Միապետին՝ ցարին վայել վարվելակերպ դրսևորող Վլադիմիր Պուտինը վերջերս ունեցած հրապարակային ելույթում հենց այդ մասին էլ բարբառեց: Նա բացեիբաց հռչակեց գաղութների և բնականոն կյանքով ապրող, այլ երկրներից կախվածություն չունեցող միավորների տարբերությունն ու սահմանագիծը: Ի լուր աշխարհի նա հայտարարեց, որ ժամանակակից աշխարհում երկրները կարող են լինել կա՛մ ինքնիշխան, կա՛մ գաղութի կարգավիճակով, որ միջանկյալ այլ տարբերակներ չկան… Ու սա, որքան էլ մեզ անհաճո լինի, ցավոք սրտի, իրողություն է: Աշխարհաքաղաքական վերջին զարգացումների հետագիծը նույնպես այդ մասին է վկայում: Երկիր մոլորակը հայտնվել է վերաձևումների հերթական փուլում: Աշխարհում մեկնարկել է նոր, իր բնույթով նախորդներից էապես տարբերվող քննաշրջան, որն առանձնանում է պատերազմական թատերաբեմի բազմապլանությամբ: Եթե փոքր ու միջին պետությունների համար սա արժանապատիվ ապագայի համար մղվող ինքնորոշման կռիվ է, աշխարհի քարտեզում արժանապատիվ գոյությունը պահպանելու մարտահրավեր, ապա ի դեմս հարյուրամյակներ շարունակ թույլերին ունեզրկած շնաձկների՝ սա սեփական ժողովրդի աչքին նույն այդ ժողովրդի արյան գնով պարզերես լինելու, իրենց հարատևմանը միտված կենաց-մահու պայքար է: Իսկ ինչպե՞ս կարող է այս մարտահրավերներին դիմակայել բռաչափ Հայաստանը, մարդկային ու նյութական ի՞նչ ռեսուրսների հաշվին:

Գաղտնիք չէ, որ շնաձկների պայքարում կուլ գնացողներն էլի ձկնիկներն են լինում: Պուտինը հենց այդ մասին էլ ակնարկում էր: Ակներև փաստն այն է, որ երկրագունդը թևակոխում է նոր՝ ռազմաքաղաքական ցունամիների շրջափուլ, ու աշխարհաքաղաքական խոշոր խաղացողների ախորժակը գնալով բացվում է, ինչը փոքրիկ երկրներին հասցեագրված հստակ ուղերձ է: Ըստ իս՝ վերջիններիս լինելիության միակ առհավատչյան միասնականությունը կարող է լինել: Հակառակ դեպքում այս կամ այն շնաձկան փորում հայտնվելը կասկածից վեր է:

Ի տարբերություն գիտակից հանրությունների՝ հենց այս վտանգի մոտալուտությունն են անտեսում ու քամահրում տգետները: Նրանց ուռահայրենասիրական կոչերն ու անբովանդակ, մերկապարանոց ու վերամբարձ հայտարարությունները լիովին ապակողմնորոշում են մարդկանց, նրանց զրկում իրավիճակն ու սեփական հնարավորությունները սթափ գնահատելու կարողությունից: Հանուն սեփական բարօրության՝ ազգափրկիչների այդ տեսակը, այլ երկրների հրահրմամբ, իհարկե, պատրաստ է ուզած տիպի արկածախնդրության, հանուն տիրոջ թևատակում հայտնվելու՝ անգամ սեփական ինքնիշխանությունից հրաժարման: Պատեհապաշտ այդ տեսակի համար հաջողության երաշխիքը ոչ թե Հայաստանի երաշխավորված ապագային միտված ամենօրյա, աշխարհի տարբեր կողմերում սփյուռքի մեր հայրենակիցների ակտիվ մասնակցությամբ իրականացվելիք հետևողական աշխատանքն է, այլ իրենց կնքահայրերի «դաբռոն»: Այդ տեսակը չի հանդուրժում արժանապատվություն ունեցողներին, երրորդ ուժի դերակատարությունը բացառողներին, նրա համար յուրայինը տգետ, դատելու և հաշվելու կարողությունից զուրկ, տիրոջ կամքին հլու-հնազանդ ենթարկվողներն են: Նախրի վերածված անկիրթ այդ տեսակն էլ մշտապես իր տան դռները սիրահոժար բացել է 11-րդ, ու դեռ բացելու է 12-րդ ու չգիտեմ էլ որերորդ «ազատարար» բանակների առաջ: Սա է ոբերգությունն ու տգիտության «խերը»…