Երևան +12°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:25 27-06-2022

Վստահ եմ՝ եղբորս անպայման կանչելու են հարցաքննության, նա եղել է գազալցակայանում. ՔՊ-ական պատգամավորը՝ Ապարանի սպանության դեպքի մասին

«Չի կարելի լսելով միայն մեկ կողմին հայտարարություններ տարածել, որն իմ ընտանիքի հասցեին կարժանանա շատ վատ բառամթերքով»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Մաթեւոս Ասատրյանը՝ անդրադառնալով հունիսի 19-ին Նիգավանի ճանապարհին տեղի ունեցած արյունալի միջադեպին:

Ավետիսյանի խոսքով՝ իր համար շատ ցավալի դեպք է, իսկ ինչ վերաբերում է Ապարանի դեպքերին, չի ուզում խոսել դրա մասին, որովհետեւ իր գրառմամբ արդեն ասել է այն, ինչը պարտավոր է համարել ասելու։

Լրագրողի հարցին, թե ըստ մամուլի հրապարակումների՝ իր եղբայրը եղել է այնտեղ, պատգամավորն արձագանքեց. «Ես կարծում եմ՝ դուք լրագրողներ եք, ոչ թե քննիչներ, թողեք՝ ամեն մեկն իր գործով զբաղվի: Ես հիմա զերծ կմնամ դեպքի մանրամասներին անդրադառնալուց, այդ ամբողջը կթողնեմ քննչական համակարգին: Ո՛չ խոչընդոտենք, ո՛չ էլ նպաստենք: Քանի որ կրքերը բորբոքված են, բոլորիս համար հայտնի է, որ Ապարանը բոլորիս համար եղել է մի մեծ տուն: Այն մարդը, ով գնացել է այդ քային, կարծում եմ՝ ինքն էլ չի ցանկացել դա անել: Ես չգիտեմ՝ ովքեր են, չեմ ճանաչում, բայց Ապարանում ոչ ոք չէր ցանկանա, եւ չկա մի մարդ, որ կարդացնի այդ արարքը։ Ինքս խորապես շահագրգռված եմ, որ այս ամենը բացահայտվի: Ինչով կարողանամ օգնելու եմ, որ բացահայտվի ամբողջ ճշմարտությունը:

Ես ինձ համար տանը նստած՝ ինձ լկտիաբար քաշում են նման հարցերի մեջ: Սարքեցին քաղաքական հարց, որից հետո փորձեցին արդեն այլ մեկնաբանություններով շեղել այս ամենը։ Երկու օր առաջ, երբ ապարանցիները հարցազրույց էին տալիս անհայտ տեղեկություններով, այնտեղ նաև շատ հարցեր քննարկվեցին, հարցեր հնչեցին լրագրողների կողմից իմ եղբոր մասնակցության մասին: Ով առնչվել էր, ինքը դրա պատասխանը տվեց, մնացած առումներով ՔՊ-ական կամ իշխանական, կամ քաղաքական կոնտեքստ դնելը ճիշտ չէ: Միջադեպին ՔՊ-ական չի եղել, իսկ ազգականի հետ կապված՝ այնտեղ եղել են հարյուրից ավելի մարդիկ: Թե ով ինչ առնչություն է ունեցել այդ միջադեպին, թող քննությունը պարզի»:

Ավետիսյանը վստահություն հայտնեց, որ իր եղբորը ևս անպայման կանչելու են հարցաքննության. «Որքանով տեղյակ եմ, բազմաթիվ մարդկանց հարցաքննել եւ հարցաքննում են: Ինձ ասում են, որ պրոցեսն առաջ է գնում, շատ ծավալուն գործընթաց է, եւ դրա հետ կապված՝ մինչեւ հիմա մարդկանց կանչում են հարցաքննության։ Ո՛չ ես, ո՛չ իմ հարազատներից որեւէ մեկը կապ չունեն տվյալ դեպքի հետ»:

Նա խոստովանեց, որ իր եղբայրը եղել է այնտեղ. «Դա գազալցակայան է, բոլորս էլ կարող ենք լինել այնտեղ: Ձայնագրությունը կա, եթե քննչական մարմինը հարկ համարի, կհրպարակի եւ բոլորս կտեսնեք: Այնտեղ ծեծկռտուք չի եղել, առավել ևս իմ եղբոր մասնակցությամբ: Ես չեմ տեսել, լսել եմ այնտեղ ներկաներից եւ հավատում եմ նրանց։ «Ես դա համարում եմ անբարոյականություն՝ խոսել մի բանի մասին, ինչը դրա հետ ոչ մի կապ չունի: Թող քննչական մարմինները պարզեն եւ մոտ ապագայում տեսանելի կլինի, թե ինչից է ծագել միջադեպը:

«Բոլորս էլ ունենք հարազատներ, բոլորս էլ ինչ-որ փուլում ունեցել ենք կորուստներ, ունեցել ենք նաեւ վրեժխնդրության ինչ-որ դրդապատճառ: Հիմա կրքերը բորբոքված են: Մարդիկ հարազատ են կորցրել՝ չիմանալով մանրամասները, ասեկոսեների հողի վրա հնարավոր է ինչ-որ քայլերի էլ գնան։ Ես ճանաչում եմ այդ տղային, ինքը շատ ծանրակշիռ անձնավորություն է: Այն, ինչ այդ մարդուն հասցեագրվում է, ամբողջը համարում եմ սուտ ու անհիմն մեղադրանքներ: Կլինեն մանրամասներ, եւ այն, ինչը ինքն արել է այդտեղ, կհասկանաք, որ լրիվ հակառակ պատկերն է։ Իմ տեսակը ճանաչելով՝ եթե մարդ կա, որ ինձ հետ հարց ունի, իմ տեղը լավ գիտեն, ես գյուղում ապրում եմ, իմ դուռը բաց է: Եթե մեկն ուզում է, թող գա ինձ տեսնի, ոչ թե մտնի ֆեյքով իմ հասցեին կամ իմ ընտանիքի հասցեին հայհոյանք գրի: Ես դրա հարյուրապատիկը ցանկանում եմ իրեն, իր ընտանիքին»:

Նա վստահություն հայտնեց, որ իրավապահ համակարգը ծածկադմփոց չի անելու այս գործը:

Հիշեցնենք, որ հունիսի 19-ին Ապարանից Նիգավան գնացող ճանապարհահատվածում սպանություն էր տեղի ունեցել։