Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 11:00 25-06-2022

«Կտեր տվող» եւ «վատ կրուտիտներ» հորինող Ջհանգիրյանը․ 10 թեզ՝ ապագա «մեղադրանքի» հիմքում

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը «Հանրային հեռուստաընկերությանը» տված իր հարցազրույցով ոչ միայն չփարատեց հասարակության կասկածները, այլեւ ավելի բարդացրեց իր վիճակը։ Վատ հորինած «կրուտիտները» ավելի շատ վնաս էին Ջհանգիրյանին, քան իրականությունը խոստովանելը եւ պատասխանատվության ենթարկվելը։ Արդ, անշուշտ, Ջհանգիրյանը դեռ կհասցնի վայելել իր եփած «բորշի» համը, նրա ասած առանձին մտքեր դեռ կդառնան հումորի եւ քննադատության առարկա։ Բայց այս պարագայում Ջհանգիրյանի բենեֆիսից 10 ուշագրավ կետ ենք առանձնացրել, որոնց քննարկումը մարդու, պաշտոնյայի, դատավորի, գործչի էթիկական եւ իրավական դաշտում, մեղմ ասած, խնդրահարույց է։

Եւ այսպես, 1-ին․ Գագիկ Ջհանգիրյանը իր հարցազրույց-պարզաբանմամբ լրիվ խճճեց մեզ, հիմա դա ի՞նչ էր՝ քեֆի՞ սեղան էր, հացի՞ սեղան էր, բանակցությո՞ւն էր, թե՞ երեք տղամարդու ինտիմ զրույց։ Ի դեպ, վերջինը ամենավտանգավորն է, մասնակից մյուս տղամարդիկ առնվազն խնդիր կունենան իրենց կանանց հետ։ Եթե բանակցություն էր, ո՞ւմ անունից, ի՞նչ լիազորությամբ եւ մանդատով էր Ջհանգիրյանը բանակցում։ Եթե դա հացի սեղան էր, բա ամոթ չէ՞, որ «ամբողջ կյանքում տղամարդ ապրած» Ջհանգիրյանը հացի սեղանի շուրջ «կտեր է տալիս», հոգեբանական հնարքներ կիրառում։

2-րդ՝ ստացվում է, որ մի կողմից Ջհանգիրյանը «կտեր է տալիս» Վարդազարյանին, որ իր դեմ քրգործեր չեն լինի, որպեսզի հրաժարական տա, բայց մյուս կողմից էլ չէր պատրաստվում պահել խոստումը, դե դա իր լիազորությունից դուրս է։ Բա դասախոսը իր ուսանողին, իր զավակների հասակակցին, իր ընկերոջը եւ գործընկերոջը էդպես «կխաբե՞ր», բա որ Վարդազարյանն էլ մի միամիտ մարդ լիներ եւ կտերը ուտե՞ր։ Իհարկե, պարզվեց, որ Վարդազարյանը ամենեւին էլ միամիտ չէ, կտերը չի կերել, թեև այսօր արդեն էական էլ չէ, լիազորությունները դադարեցված են։ Բայց նորմալ իրավական երկրում մարդուն պատասխանատվություն են ենթարկում հանցանքների եւ զանցանքների համար, ոչ թե դա դարձնում կոմպրոմատ՝ հրաժարական կորզելու համար։

3-րդ, Ջհանգիրյանը անասելի շատ նեղվել է, որ ձայնագրության մասով քննությունը իրականացնում է Քննչական կոմիտեն, ոչ թե Հակակոռուպցիոն կոմիտեն՝ մոռանալով, որ կոմիտեն այլևս նախկին ՀՔԾ չէ՝ բացառապես բարձրաստիճան պաշտոնյաների վերաբերյալ գործեր քննող։ Այնպես որ, այս առումով Ջհանգիրյանի պնդումը մասնագիտական դաշտում խնդրահարույց է։ Իրականում Ջհանգիրյանը շատ կցանկանար, որ ձայնագրության գործը քննվեր Հակակոռուպցիոն կոմիտեում, որի նախագահ Սասուն Խաչատրյանը իր «գրպանի» իրավաբաններից է, վերջինիս եղբայրն էլ ԲԴԽ անդամ է։ Մինչդեռ Քննչական կոմիտեի դեպքում նախագահ Քյարամյանը ուղղակիորեն ենթարկվում է վարչապետին, եւ կանի այնպես, ինչպես Փաշինյանը կասի։ Չպետք է մոռանալ, որ վերջերս Ջհանգիրյանի փեսային պարտադիր-կամավոր հիմունքներով հեռացրին Քննչական կոմիտեից՝ մի քանի քրեական գործերով «կարմիր գծերն» անցնելու համար, եւ նախկինի պես Ջհանգիրյանի «թուրը չի կտրում ՔԿ-ում»։

4-րդ պնդումը վերաբերում է Ռուբեն Վարդազարյանի՝ Ջհանգիրյանին փոխանցած նամակին, որը այդպես էլ չկարդացին ԲԴԽ բոլոր անդամների համար։ Այս առումով Վարդազարյանը պետք է բացահայտի, թե ինչ էր նամակի բովանդակությունը, եթե իսկապես իր դեմ հարուցված գործերը, վարույթները կարճվեին, մի՞թե հանրությունը հնարավորություն չէր ստանա բացահայտելու Ջհանգիրյանի կերպարը։

5-րդ պնդումը վերաբերում է ձայնագրության հրապարակման հարցին, Ջհանգիրյանը նշել է, թե Վարդազարյանը այն չի տրամադրում, մինչդեռ Վարդազարյանը հայտնել էր, որ այն կտրամադրի՝ պայմանով, որ վարույթը վերսկսվի եւ դռնփակ դատական նիստում այն լսեն, քանի որ այլ անձանց մասին հատվածներ կան։ Ամեն դեպքում մեծ հարց է՝ ում շահերից է բխում կամ ում է վնասում ձայնագրության ամբողջական հրապարակումը։

6-րդ պնդումը՝ Ջհանգիրյանն այնքան անկեղծ էր իր հարցազրույցում, այնքան վատ էին հորինված «կրուտիտները», որ կարծես նրա դեմքով խոսեր Վարդազարյանի փաստաբանը եւ հաստատեր, որ այո՛, քաղաքական հետապնդման հետ գործ ունենք։ Էթիկայի կանոններից խոսող եւ դրա համար ներողություն խնդրող Ջհանգիրյանը հաղորդման ժամանակ ոտատակ է տալիս մարդկային էթիկան, դատավորի, պաշտոնյայի վարքագծի կանոնները՝ սկսած իր փողոցային, կիսագողական բառապաշարից մինչեւ երեխային ապտակելու բռնության քարոզը։ Այսինքն՝ եթե դու տանը ապտակում ես երեխայիդ, հայհոյում կնոջդ ներկայությամբ, ընկերներիդ հետ քեֆի սեղանի շուրջ «խաղեր տալիս», հայհոյանքով խոսում ինստիտուտների, համակարգերի, մարդկանց մասին, մի՞թե պատմուճանը հագնելուց հետո դու դառնում ես «սուպերկուլտուրական» արարած եւ կարող ես դատապարտել ատելության խոսքը, բռնությունը։

7-րդ պնդումը՝ Ջհանգիրյանի ամենավատ «կռուտիտը» թերեւս ինքն իր վզին դնելու մասին էր, իբր իր ճիտին պարտքն է համարել դատական բարեփոխման ընթացքը, դատաիրավական բարեփոխումների մարտիկ է։ Այս խոսքերը լսելիս անգամ եփած հավի ծիծաղն է գալիս, ինչպես ասում են՝ դե երդվի, պարո՛ն Ջհանգիրյան, Մատաղիսի գործը վկա, հոկտեմբերի 27-ը, զինծառայողների սպանության գործերը, էլ ո՞րն ասենք, էլ որը․․․ Դատաիրավական բարեփոխումներից տանձն ու խնձորը խոսեն՝ ավելի լուրջ եւ ծրագրային է, քան Ջհանգիրյանի դեպքում։

8-րդ պնդումը՝ թեև Ջհանգիրյանը պնդում է, թե դատավորի վարքագծի կանոններ չի խախտել, բայց անգամ հարցազրույցի ժամանակ խախտում է այն՝ որակավորումներ հնչեցնելով նախորդ «ռեժիմին», «որից տուժել է, որից հազիվ է էս ժողովուրդը փրկվել», որի վերադարձը չի ցանկանում՝ այդպիսով ցուցադրելով իր քաղաքական նախընտրությունները։ Մինչդեռ Վարդազարյանից ազատվելու պատճառն այն է եղել, որ «մեր դատական համակարգն ամբողջությամբ խրված էր քաղաքական պրոցեսների մեջ, որին ԲԴԽ նախագահը երբեք դեմ չի արտահայտվել»։ Սյուռ է, չէ՞, իսկ հիմա արդեն դատական համակարգի անկախության երաշխավորը համարյա հրեշտակային թևերով ապաքաղաքական Ջհանգիրյանն է։

9-րդ պնդումը, Ջհանգիրյանը հարցազրույցի ժամանակ ուղիղ հաստատում է, որ ԲԴԽ նախագահին հրաժարականի դիմում գրել պարտադրելը հեշտ բան չէր, նոյեմբերի 9-ի գիշերվա հայտնի հայտարարությունը «լավ հիմք» էր՝ հրաժարականը պահանջելու, բայց մինչեւ Ջհանգիրյանը հասավ ԲԴԽ, վարույթ հարուցելու ժամկետը արդեն բաց էին թողել, հետևաբար նոր առիթ էին փնտրում, որը և եղավ հայտնի հարցազրույցը։

10-րդ պնդումը վերաբերում է ձայնագրության հիմքով իր կալանավորմանը, չէ՞ որ մի ձայնագրության հիմքով արդեն մի քանի ամիս է՝ Ավետիք Չալաբյանը անազատության մեջ է։ Ջհանգիրյանը այստեղ ստում է՝ ասելով, որ Չալաբյանի գործով ձայնագրությունը դատարանի որոշմամբ է արվել, իսկ իր գործով՝ ապօրինի։ Այստեղ էլ սխալվեցիք, պարո՛ն Ջհանգիրյան, ընդ որում՝ Չալաբյանի ձայնագրությունը պարզապես «ծաղիկներ» է Ջհանգիրյանի ձայնագրության համեմատությամբ։

Ահա այն հիմնական հարցերը, որոնք նորմալ երկրում քննարկման առարկա կլինեին և կդրվեին Ջհանգիրյանի մեղադրանքի հիմքում՝ րոպե առաջ ազատվելով նրանից։

Ձեզ գուցե հետաքրքրի