Երևան +10°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:31 24-06-2022

Ամեն հարցազրույցի մեջ վարույթի հիմք չեմ փնտրելու, Ջհանգիրյանի հարցազրույցն այդ ասպեկտով չեմ լսել․ Գրիգոր Բեքմեզյան

Քրիստինե Հովհաննիսյան

Լրագրող

Oragir.news-ը ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանից հետաքրքրվեց, թե արդյոք ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի երեկվա հարցազրույցում առկա է դատավորի կողմից բարեվարքության կանոնների խախտում կամ դատական համակարգի գործունեությանը միջամտության փորձ։

Բեքմեզյանն ասաց, որ չի մտածել այդ մասին․ «Եթե չեմ մտածել, նշանակում է՝ չեմ տեսել, ուշադրություն չեմ դարձրել ու այդ ասպեկտով հարցազրույցը չեմ լսել, ճիշտն ասած»։

Ճշտող հարցին, թե այսինքն՝ կարգապահական վարույթի հիմք չի տեսնում, նա պատասխանեց, որ ամեն հարցազրույցի մեջ վարույթի հիմք չի փնտրելու։

Դիտարկմանը, թե շատերը հարցազրույցում խոստովանություն են տեսնում առ այն, որ Ջհանգիրյանի առաքելությունը, այն ինչ «իր վզին դրված է», այն է, որ դատարանները սկսեն կալանք տալ՝ Բեքմեզյանն արձագանքեց, որ այդպես չի հասկացել Ջհանգիրյանի ասածը։

«Ես ավելի շատ հասկացա, որ ինքը մտահոգություն է հայտնում այն մասին, որ այն ժամանակ դատական համակարգին մեղադրում էին, որ դատարանները դիտավորյալ բոյկոտում են և մերժում են կալանքներ տալը։ Ավելին, որոշակի պետական պաշտոնյաներ գործնական հանդիպումներում հարց էին տալիս մեզ, թե ինչ են անում դատավորները, ինչու են հանցագործներին բաց թողնում։ Ես իրենց պատասխանել եմ, ու գործընկերներս նույնպես ասել են, որ եթե կան խախտումներ և դատավորները օբյեկտիվ ու օրինական չեն աշխատում, ապա արդարադատության նախարարը պետք է վարույթներ հարուցի, ԲԴԽ-ն էլ քննի։ Քանի դեռ վարույթներ չկան, ԲԴԽ-ն այլ պատասխան չունի, քանի դեռ չկա վարույթ, բոլոր դատավորները արդար են և անմեղ։ Նման խոսակցություն եղել է։ Նման գործերով 1-2 դեպք եղել է, բերել են գործերը ԲԴԽ, ԲԴԽ-ն քննել է ու մերժել։ Այդ ժամանակ պարոն Ջհանգիրյանը ԲԴԽ անդամ էր, ու որևէ միջամտություն չկար»։

Դիտարկմանը, թե ինչպես ստացվեց, որ հատկապես քաղաքական ենթատեքստ ունեցող գործերով կալանքի միջնորդությունների բավարարումները կտրուկ ավելացան, երբ Գագիկ Ջհանգիրյանը նշանակվեց ԲԴԽ նախագահի պաշտոնակատար, ստացվում է՝ երբ Վարդազարյանն էր ԲԴԽ նախագահ, արդար չէին դատում, Ջհանգիրյանի նախագահության օրոք սկսեցին արդա՞ր դատել, նա պատասխանեց, որ գնահատական չի կարող տալ, դատարանները արդա՞ր են, թե՞ արդար չեն։

«Ավելին, ես չեմ կարող գնահատական տալ՝ պարոն Ջհանգիրյանի նշանակումից հետո՞ է դա տեղի ունեցել, թե ոչ։ Մենք նաև վիճակագրություն չունենք, թե արդյոք կալանքի գործերը իսկապես ավելացել են, թե նվազել։ Ես վստահ եմ, հուսով եմ, որ եթե դատավորի գործողությունները հակաօրինական են, ապա այդ դատավորի գործերը պետք է գան ԲԴԽ։ Քանի որ մենք դեռ չունենք գործ, որ դատարանը որևէ մեկի ապօրինի կալանավորել է, ես չեմ կարող ասել, որ ինչ -որ խախտում է եղել»։

Նա նաև հիշեցրեց, որ 2021 թ-ին ստեղծվեց միջդատական վարույթի վերահսկողությամբ զբաղվող դատավորների ինստիտուտը։ «Մարդիկ նրանց անվանում են «կալանք տվող դատավորներ», ես այդպես չեմ ընդունում, դրանք դատավորներ են, որ վերահսկողություն են իրականացնում միջդատական վարույթի նկատմամբ։ Այդ դատավորները սկսեցին այդ գործերով քննություն իրականացնել, ես չեմ կարող ասել՝ համընկել է, թե չի համընկել, բայց նման ապացույց, որ ասենք, որ կալանավորման դեպքերը շատացել են կամ, որ ինչ- որ մեկի մատը դրանում խառն է ԲԴԽ-ից, ես նման չեմ տեսնում»։

Դիտարկմանը, թե այդ դատավորների նկատմամբ էլ վերաբերմունքը միանշանակ չէ, նա ընդգծեց, որ եթե կա վերապահում, ապա կա իրավական գործընացների հնարավորություն։ «Իրականում հարցն այն չէ, կալանքները շատ են տալիս, թե քիչ, կարևորն այն է՝ իրավական է, թե իրավական չէ որոշումը»։

Հարցին, թե արդյոք ձայնագրության մեջ բարեվարքության կանոների խախտման կամ դատական համակարգի նկատմամբ միջամտություն չկա, երբ Ջհանգիրյանը «կուտ էր տալիս» կամ համոզում էր Վարդազարյանին հրաժարական տալ, նա նշեց, որ քանի որ այս հարցը կապվում է բուն ձայնագրության բովանդակության հետ, ինքը չի կարող այդ հարցին պատասխանել, քանի դեռ ամբողջ ձայնագրությունը չի լսել։

«Ե՛վ պարոն Ջհանգիրյանի ասածից, և՛ ձայնագրության այն հատվածից, որ մեզ հրամցրել են, ամբողջական պատկերացում հնարավոր չէ ստանալ, թե ի վերջո խայծն ինչում է կայանում, ի վերջո, այդ խայծը ուղղակի համոզե՞լ է, թե՞ ճնշում է։ Դրա համար, երբ ամբողջական հարցազրույցը լսենք, հասկանանք, նոր միայն կարող ենք այդ հարցին պատասխանել»։

Ճշտող հարցին, թե ստացվում է, որ այս պահին կարգապահական վարույթի հիմք ԲԴԽ-ում չեն տեսնում, նա պատասխանեց, որ երեկվա հարցազրույցի հետ կապված խնդիր չի տեսնում։ «Սպասում ենք պարոն Վարդազարյանի արձագանքին՝ ամբողջական ձայնագրությունը տրամադրելու վերաբերյալ։ Միայն դրանից հետո խորհուրդը որոշում կկայացնի»։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի