copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 15:07 24-06-2022

Եթե վաղը դարձյալ ընտրություն լինի․․․

Մանդատներից ազատվելու որոշակիացող շարժում է սկզբնավորվում։ Սա էլ հուշում է, որ գործող ԱԺ-ն էլ դարձյալ ժամանակից շուտ կարող է լուծարվել։ Իսկ ով հասցնի մինչ այդ հրաժարվել իր մանդատից, նորը ստանալու ավելի մեծ երաշխիք ու խաղի մեջ մնալու մեկ այլ շանս կստանա։ Այսինքն՝ մեր երկրում դեռ կառավարող դրածո վարչակալը դարձյալ, ևս մեկ անգամ բեմադրելու է փորձարկված սցենարը, որն իրեն ևս մեկ տարի անդարդ կառավարելու երաշխիք է ապահովելու։ Իհարկե, սա այն դեպքում, եթե այս անգամ էլ նրան թույլ տան կրկնել բեմադրությունը, իրենց մասնակցությամբ լեգիտիմացնեն ներկայացումը և այս հերթական քաղաքական ֆարսում էլ նրան «հաղթող» նշանակեն։ Հետևաբար, եթե դրածո վարչակալը համաձայնի դարձյալ կրկնել հերթական արտահերթ ընտրությունների զավեշտը, ուրեմն դա նշանակում է, որ նրան դարձյալ «հաղթելու» երաշխիք են տվել։

Արդեն իսկ տեսանելի է, որ նրա տերերը դարձյալ մեր երկրում որոշումներ կայացնող ու ոմանց «վզին դնող» դեսպանատներին ու ազդեցության գործակալներին հանձնարարել են գործի անցնել։ Տվյալ դեպքում սա նշանակում է, որ դարձյալ ամեն ինչ ու ցանկացած գնով անելու են, որ դարձյալ բախտորոշ ընտրության առջև հարկադրաբար հայտված քաղաքացիները օտարվեն իրականությունից ու պետությունից։

Նույն քաղաքական ֆարսը հերթական անգամ բեմադրելու հետապնդած նենգ «արդյունքը» ստանալու համար քվեատուների անտարբերությունը ու իներտությունը շեշտակի բազմապատկելը անհրաժեշտություն է դառնալու։ Դարձյալ պետք է լինելու քաղաքական անորոշությունը հասցնել աբսուրդի այն աստիճանին, որ ժողովուրդը զզվի իշխանությունը վերաբաժանելու բոլոր գործընթացներից, որքան անտեսի գործող ռեժիմին, այնքան էլ չվստահի նրա ընդդիմադիրներին։ Մի՞թե հիմա հենց դա չեն անում այս ֆարսի արդեն տեսանելի դերակատարները` ամեն տեսակի ու գույնի ջհանգիրյանները, խաչատուրյանները, վանեցյանները, ղազինյանները…

Ըստ այս սցենարի՝ ժողովուրդը չպետք է գիտակցի, որ իշխանության անգամ ամենաճղճիմ ձևերով արվող վերաբաժանումը վաղը որոշելու է իր ապագան, կյանքը ու կենցաղը։ Սցենարիստները գործակալների միջոցով այս անգամ էլ ամեն ինչ անելու են, որ իրենց համար անվստահելի, «ճիշտ» չկողմնորոշված, իր ապագան այլ կերպ տեսնող իրազեկ ընտրողները, ովքեր խիստ գերակշիռ ու որոշիչ մեծամասնություն են, չմասնակցեն ընտրություններին։ Քաղաքական դաշտը ձերբակալություններով կամ ակնհայտ քաղաքական դրդապատճառներով շինծու քրեկան գործեր հարուցելով ամայեցնելու, ծավալվող ռեպրեսիաները ահագնացնելու նպատակը հենց այն է, որ ժողովրդի մեծամասնությունը դարձյալ նստի թախտին ու սպասի իր համար օտարի պլանավորած բախտին։

Իսկ պասիվ, իներտ, անորոշության մեջ խարխափող, լույս վառելու ու շուրջը տեսնելու ցանկությունը կորցրած մեծամասնության բախտը որոշելու համար փողով ու հարկադրանքով ընտրատարածքներ կքշվեն ողջ հինգերորդ շարասյունը, ամեն տեսակի ու գույնի փոքրամասնությունները, լուսանցքայինները, աղանդավորները, ծայրահեղականները, սորոսական ու այլ գրանտակերները, վարձված ակտիվիստ քվեատուները։ Ու այս հավերժ փոքրամասնությունը դարձյալ կստանա մեր ու երկրի ապագան որոշելու երբեք չունեցած իրավունքը։ Այսինքն՝ կկրկնվի այն, ինչ արդեն եղել է նախորդած` 2018-ի ապրիլից հետո տեղի ունեցած թավշյա բոլոր «ընտրությունների» ու «քվեարկությունների» ժամանակ։

Մինչդեռ շատ ավելի հավանական է՝ այնպես պատահի, որ ընտրություններից առաջ կամ հետո ինչ-որ ոչ քաղաքական, միանգամայն «կենցաղային» պատճառներով բոլոր տեսակի մուկուչյանները ու ջհանգիրյանները «զոհաբերվեն», բացահայտվեն սիմոնյանների, խաչատուրյանների, ավինյանների, նաև փաշինյանների օտարերկրյա բանկերում ունեցած հաշիվներն ու արտասահմաններում առկա ունեցվածքը։ Այս սցենարը ևս միանգամայն, շատ ավելի իրատեսական է, եթե ժողովուրդը թոթափի թմբիրը, ոչ միայն արթնանա, այլ նաև արդեն վճռականորեն մասնակցի իր վաղվա օրը, կյանքն ու կենցաղը, ապագան կանխորոշող անխտիր բոլոր տեղի ունեցող իրադարձություններին։ Միայն այս դեպքում օտար սցենարները նորից ու նորից չեն բեմադրվի, իսկ դրածո վարչակալը ուղղակի կզրկվի ընձեռնվելիք վերջին շանսն օգտագործելու հնարավորությունից։

Ձեզ գուցե հետաքրքրի