Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 23:38 23-06-2022

Մենք հո խավարասե՞ր չենք, որ պետք է ապրենք այս պայմաններում․ շենքի բնակիչ

Լիլիթ Հարությունյան

Լրագրող

«Ապրիլի կեսերին եկել են, ներկայացրել փաստաթուղթ, որ քաղաքապետարանից թույլտվություն ունեն, շինհրապարակ են ստեղծել ու, սկսեն շինարարությունը։ Մենք՝ շենքի բնակիչներով, դուրս ենք եկել, դժգոհել»- այս մասին Օragir.news-ի հետ զրույցում ասաց Նորաշեն 4 շենքի բնակիչներից մեկը, ով դժգոհում է երկու նորակառույց շենքերի արանում սկսած շենքի շինարարությունից։

Տարածքում գտնվող երկու շենքերի բնակիչներն ասում են, որ այդտեղ տեղափոխվելիս չեն իմացել, որ իրենց շենքերին այդքան մոտ շենք են կառուցելու։ Բնակիչներն ասում են, որ տարածքում սյուներ են եղել, և իրենց ունեցած նախնական տեղեկատվության համաձայն՝ այդ սյուները պետք է ապամոնտաժվեին։ Բնակիչները ասում են, որ երբ շենքերը վերջնական կառուցվի, հնարավոր չի լինելու պահել հրդեհային անվտանգության կանոնները, քանի որ երկու կողմերից շենք է, և այդ շենքերում կան սենյակներ, որոնց հնարավոր է մոտենալ միայն այդ նոր կառուցվող շենքի տարածքից։

Բնակիչները նաև փաստում են, որ շինարարության ընթացքում, երբ ցանկացել են նորակառույց շենքի հիմքերը ամրացել, փլուզում է տեղի ունեցել շենքի կողքին։ Շինարարության մեկնարկից ի վեր հարևան շենքի բնակիչները անընդհատ բողոքներ են ուղղել քաղաքապետարան։

«Քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանդության տեսչական մարմին ենք ահազանգել, եկել են, ուսումնասիրություն են արել, հուլիսի 1-ով ստուգում են իրականացրել, եկել փորձաքննություններ, չափումներ են արել և մոտ 20 խախտում են արձանագրել, ուղարկել են քաղաքապետարան, որ կասեցվի շինարարությունը, մինչև ստուգումը ամբողջությամբ ավարտվի, որոշում կայացվի, իսկ որոշումը կարող է լինել նաև ցուցումի տեսքով, որ այդ շինարարությունը առհասարակ չեղարկվի»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց հարևան շենքի բնակիչներից մեկը, ով այդպես էլ չցանկացավ ներկայանալ։

«Առանց հանրային քննարկաման դնելու և առանց հարևան բնակիչներին իրազեկելու շենքի շինարարություն են սկսել, մենք բնակարանը ձեռք բերելուց և՛ քաղաքապետարանից, և՛ թաղապետարանից ճշտել ենք, որ այստեղ շենք չի կառուցվելու։ Իրենք անընդհատ փաստարկներ են բերում, որ Սովետի ժամանակներից կառուցվել է, պատը-պատին է նայել, պատուհան պատուհանին չի եղել, իսկ հիմա մի մետր հետավորության վրա նրանք փակում են իմ ամբողջ լուսավորությունը, 4 պատուհաններս ամբողջությամբ փակում են։ Լուրջ անվտանգային խնդիրներ կան այստեղ, հնարավոր չի գազաֆիկացված շենքում մի մետր հեռավորության վրա շենք կառուցել, քանի որ պայթյունի դեպքում դոմինոյի էֆեկտով ամբողջ շենքերը փլուզվելու են»,- ասաց կառույցին հարևան շենքի բնակիրներից մեկը։

«Ես մտածում եմ, որ ոչ ոք չի ուզի, որ իրենց տանից մեկ մետր հեռավորության վրա փակեն իրենց լույսը, օդը, մենք հո խավարասե՞ր չենք, որ պետք է ապրենք այս պայմաններում, այսինքն՝ մենք լույսի ու արևի կարիք չունենք, մեզ մոտ լույսը կրճատված է 0,23 րոպե, այսինքն՝ մենք իրավունք չունենք լույս ունենալու»,- ասաց շենքի բնակիչը։

Բնակիչները Նաև ասացին, որ վերջերս տեղի ունեցած հարցազրույցներից մեկում Երևանի քաղաքապետը անձամբ է անդրադարձել կառուցվող շենքի շինարարությանը՝ ասելով, որ կառուցապատողը թույլ է տվել ակնհայտ խախտումներ և կանգնած է լիցենզիան կորցնելու վտանգի առաջ։