copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:24 22-06-2022

Գուցե իրենց համար Ձեր հարցերը «20+» ժանրից են․ Կարեն Հեքիմյանը՝ Ոստիկանությունից ստացած հարցման պատասխանների մասին

Քրիստինե Հովհաննիսյան

Լրագրող

Oragir.news-ը հարցում էր ուղարկել ՀՀ ոստիկանություն՝ խնդրելով պարզաբանել, թե ովքեր կարող են մեքենաների վրա տեղադրել ոստիկանության հատուկ ազդանշաններ, նախորդ մեկ տարվա ընթացքում հատուկ ազդանշանների տեղադրման քանի իրավախախտում է արձանագրվել։

Ոստիկանությունից ստացանք պատասխան, որում ոչ միայն բազմաթիվ վրիպակներ ու սխալներ կան, այլև պատասխաններում բացակայում է հստակություն։ Միաժամանակ հստակ չէ, թե ով է պատասխանել մեր հարցմանը։

Ներկայացնում ենք մեր ստացած պատասխանը՝ առանց խմբագրման․

«Ի պատասխան Ձեր 15.06.2022թ. գրության, կից ներկայացնում ենք պարեկային ծառայության և ճանապարհային ոստիկանության տրամադրած տեղեկատվությունը.

Պարեկային ծառայոէների կողմից 20 թ.+-ի հուլիսի 7-ից մինչև 2022 թ.-ի հունիսի 3-ը արձանագրվել է գերաձայնային ազդանշանների կամ փարոսիկներով տրասպորտային միջոցներով երթևեկելու խախտման -27 դեպք։

Վերը նշված իրավախախտման համար ՀՀ ՎԻՎ ՕՐ.-ի 1231-րդ հոդվածով նախատեսվում է՝ տրանսպորտային միջոցների վրա ստանդարտին չհամապատասխանող (բացառությամբ հակաառևանգման ազդանշանային համակարգի և հավաքների կամ հանրային միջոցառումների դեպքում՝ բարձրախոսների) կամ շարժման ընթացքում դրանք օգտագործելը տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով, ստանդարտներին չհամապատասխանող լուսային և ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումների բռնագրավում։

ՀՀ ՃՈ ՃՊԾ 2-րդ սպայական գումարտակի ծառայողների կողմից 01.01.2021 թվականից մինչև 19.06.2022 թվականն ընկած ժամանակահատվածում՝ հատուկ ազդանշանների կիրառման խախտման 7 դեպք է արձանագրվել»:

Oragir.news-ի հետ զրույցում անդրադառնալով հարցման պատասխանին՝ «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանն ասաց, որ իր բնույթով սա խայտառակ փաստաթուղթ է։

«Հատկապես Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ ես երկար ժամանակ է՝ գրագրություն եմ իրականացնում, ու մինչև վերջերս իրենք շատ նորմալ, պատշաճ ու գրագետ էին պատասխանում։ Բայց այն պահից, ինչ եկել են այս պարեկները, տպավորություն է, որ իրենք անգրագետ են և՛ իրավաբանությունից, և՛ հայերենից։

Նախ ինչ-որ թիվ են ուզել գրել՝ արդյունքում գրել են «20թ+», հիմա դժվարանում եմ ասել անգամ, թե ինչ ժանրից է այս գրությունը, գուցե ոստիկանության համար Ձեր հարցերը «20+» ժանրից են։

Բայց դրանից հետո անիմաստ նախադասությունների շարան է, որը, կարծում եմ, արտագրել են ՎԻՎ օրենքից, բայց անգամ այդ արտագրությունը խիստ անգրագետ էր, ստացվում է «copy-paste» չէին կարողացել նորմալ անել։ Արդյունքում այս տեքստը իրավական որոշակիությունից զերծ է, իսկ իրավական որոշակիությունը օրինական պահանջ է նման տեքստերին»։

Մենք ՀՀ ոստիկանությունից հստակեցրինք, թե ինչ է նշանակում «20 թ+» ձևակերպումը, ասացին, որ իրականում պետք է լիներ 2021թ․։

Անդրադառնալով բացահայտված դեպքերին, ըստ որի՝ պարեկային ծառայությունը 2021 թ․-ի հուլիսի 7-ից մինչև 2022 թ.-ի հունիսի 3-ը բացահայտել է 27 դեպք, իսկ Ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակը բացահայտել է 7 դեպք՝ 1,5 տարում, Հեքիմյանն ասաց՝ թվերի այս կարգի տարբերությունը առնվազն անհասկանալի է։ «Եթե չեմ սխալվում, պարեկները գործում են միայն Երևանում, իսկ Ճանապարհային ոստիկանությունը՝ Հայաստանի ամբողջ տարածքում։ Ստացվում է, որ կա՛մ Երկրորդ սպայական գումարտակը անգործության է մատնված, կա՛մ այստեղ ինչ-որ կոռուպցիոն ռիսկերի հետ գործ ունենք»։

Նա նաև նշեց, որ թեև նշվում է, որ տեղեկատվությունը տրամադրել են պարեկային ծառայությունը և Ճանապարհային ոստիկանությունը, սակայն հասկանալի չէ, թե ով է այս գրառման հեղինակը։ «Ինչ-որ մեկն ամփոփել է այս պատասխանը, չի կարող ամբողջ հասարակայնության հետ կապի և լրատվության վարչություն գրության հեղինակ լինել, ինչ-որ մեկն ամփոփել է այս գրությունը, ու ինձ հասկանալի չէ, թե ով է»։

Այստեղ ամենակարևոր խնդիրն այն է, որ հարցի պատասխանը, թե ովքեր իրավունք ունեն օգտվելու այդ հատուկ ազդանշաններից, այդպես էլ պարզ չի դառնում։ «Վարչական մարմինների առաքելությունը հենց նրանում է, որ իրենք շատ պարզ ու հասկանալի լեզվով պետք է բացատրեին հարցերի պատասխաններն, ու իրենց պատասխաններում պետք է լինի իրավական որոշակիություն, այսինքն՝ իրենք այն աստիճան պետք է բացեին փակագծերը, որ այլևս հարցեր չառաջանան։ Ուզում եմ արձանագրել, որ իրենք, ըստ էության, չեն պատասխանել հարցերի մի մասին։

Եթե ինձ էսպիսի պատասխաններ ուղարկեին, ես կդիմեի Լեզվի կոմիտե, ապա կբողոքարկեի իրենց վերադասության կարգով և կպարզեի, թե ով է սրա հեղինակը, եթե չպարզեի՝ ով է հեղինակը, կենթադրեի, որ Վահե Ղազարյանն է, որովհետև այդ հիմնարկում ով ինչ անում է, պատասխանատուն Վահե Ղազարյանն է»։

Անդրադառնալով տուգանքի չափին՝ նա ընդգծեց, որ նման խախտման համար նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով տուգանքը չափազանց մեղմ պատիժ է։

«Իմ կարծիքով՝ նման բաներ դնում են անդաստիարակ մարդիկ, սա ավելի շուտ բարոյական հարց է, ու այս դեպքում փորձ է արվում փողի միջոցով այդ բացը լրացնել։ Օրինակ՝ ես կողմ եմ, որ այդ շեմը բարձրացվի։ Տեսեք, օրինակ, ամրագոտիով չամրակապվելը կարծեմ էլի 10 000 դրամ է, բայց ամրագոտիով չամրակապվելու խախտումն անապացուցելի է, ու հետո էլ մարդն է որոշում ամրակապվել, թե չամրակապվել։ Չամրակապվելու դեպքում որևէ մեկին, ինձանից բացի, վնաս չեմ պատճառում, դրա համար 10 000 դրամը, կարծում եմ, չափազանցված տուգանք է, բայց բոշերի տեղադրմամբ հասարակությանն է վնաս պատճառվում, հետևաբար այս դեպքում, կարծում եմ, այս չափը պետք է վերանայվի»։