copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 15:56 20-06-2022

Հանուն բոլորի՝ պետք է մերժել մեկին

Վարչապետ դարձած հանցագործի հրահանգով ամիսներ առաջ վճռաբեկ դատարանը բեկանեց 2008-ի փետրվար-մարտին իր իսկ գործած հանցանքների համար 2010-ին իր նկատմամբ կայացված դատավճիռը։ Նեռն արդարացրեց ինքն իրեն։

Դատարանը արդարացրեց մեկին, ում նենգամիտ սադրանքի ու դրդումների հետևանքով տասը մարդ է զոհվել, ով առնվազն հինգ հազար զինվորի է զոհաբերել և հազարավորներին գերության ու բռնության է դատապարտել՝ «հանուն ոչնչի»։ Ով՝ իբրև վարչապետ, հայտարարել է, որ իր վրեժը ժողովրդից լուծելու է առանձնակի դաժանությամբ` թուրքական պողպատե չագուչով, պատերին ծեփելով, ասֆալտին փռելով, թուրքական, ֆաշիստական ու ինկվիզիտորական միջոցներով։ Բիբլիական ճշմարտություն է, որ «ներումը հաջորդ հանցանքի ստնտուն է»։ Ահա և Ապարանում նեռը հաստատեց, որ այսուհետ իր «թանին թթու ասող» յուրաքանչյուրին էլ չի դատելու, չի էլ տուգանելու, այլ ուղղակի սպանելու է։

Իր իսկ ստվերից վախեցած ու հոգեվարքի մեջ ապրող նեռը փաստացի զինել է իր վարձու գվարդիան ու քաղաքացիական պատերազմ է սկսում ժողովրդի դեմ։ Հիմա, երբ մեր երկրում նեռը անմեղ է ու վարչապետ է, ուրեմն էլ չկա ոչ մի արգելք կամ խոչընդոտ` զինվելու ու ազատորեն հաշվեհարդար տեսնելու` ով ում հետ կամենա։ Եթե թավշե մանդատ ու պաշտոն ունեցողները արդարացնում են ապօրինի պահված մարտական կալաշնիկովից կրակած, երեք մարդ սպանած ու չորսին վիրավորած իրենց աջակից մարդասպաններին, ապա հաստատում են, որ իրենց հանդեպ էլ ուրիշները կարող են նույնն անել ու արդարացվել։ Մարտի 1-ին գործած հանցանքների համար ներում ստացած նեռը ավարտին է հասցնում այն ծրագիրը, որը չկարողացավ անել 14 տարի առաջ. քաղաքացիական պատերազմ է սկզբնավորում։ Սա Հայաստանն ու Արցախը կործանելու, հայությունը վերացնելու թրքական ծրագիրը կատարելու ամենակարճ ճանապարհն է։ Սա փաստ է, որն արձանագրել է Մարկ Թուլիուս Ցիցերոնը. «Բոլոր չարիքների գագաթնակետը քաղաքացիական պատերազմի հաղթանակն է»: Այսինքն՝ նման բան ուղղակի պետք է թույլ չտալ, և դա պետք է անել ամեն գնով, քանի որ ոչ մի նշանակություն չունի, թե ով «կհաղթի». քաղաքացիական պատերազմում ազգը պարտվում է բոլոր դեպքերում։

Հենց սա է սորոսաթուրքերի ծրագրի ու այն իրագործող նեռի նենգ էությունը։ Քաղաքացիական պատերազմ սադրելով` թշնամին և վարձկան նեռը կհրապուրեն և բոլոր ետնախորշերից դուրս կքաշեն ներքին բարբարոսներին` ողջ քաղաքային ու գյուղական ժեխը։ Տարիներ շարունակ ազգային գիտակցությունը կորցրած և ուղեղի մթագնում ապրող այս խառնամբոխը կխրախուսվի և կգործի արտաքին բարբարոսի բոլոր դաժանությունները։ Սա հենց այն է, ինչ այսօր տեղի է ունենում Ուկրաինայում։ Գոնե հիմա յուրաքանչյուր իրեն հայ զգացող մարդ պարտավոր է արթնանալ, ուշքի գալ ու գիտակցել, որ աշխարհն անպատկերացնելիորեն բարդանում է, իսկ մենք անսահմանորեն ու անթույլատրելիորեն պարզունակ ենք դառնում։ Սա է հենց այն ինքնակործանման ճանապարհը, որի եզրին է մեզ մղում թշնամին։

Անօրինականը օրինական դարձնելու ցայտուն օրինակը տվել է օրվա դրածո վարչապետը։ Հիմա նա իր շահերի համար պատրաստ է զոհել բոլորին՝ և՛ իրենից զզվող ժողովրդին, և՛ իրեն երկրպագող կռապաշտներին։ Ստացվում է, որ բոլորն են հիմա նրան խանգարում: Իսկ երբ բոլորը խանգարում են մեկին, ուրեմն այդ մեկն է բոլորին խանգարում: Անգամ ժողովրդավարության բոլոր կանոններն են հուշում, որ ոչ թե հանուն մեկի՝ պետք է անտեսել բոլորին, այլ հանուն բոլորի՝ պետք է անտեսել մեկին: Նեռն արդեն թքած ունի օրենքի, սահմանադրության, ժողովրդավարական համարվող բոլոր արժեքների ու սկզբունքների վրա։ Նրա միակ նպատակը հիմա, երբ չի կարողանում կատարել իրեն նշանակած տերերի պատվերը, նոր տերեր գտնել է։ Իսկ դրա համար նախ պետք է կարողանա պահպանել ժողովրդից խլած ու յուրացրած իշխանությունը։ Առանց իշխանության՝ նեռը ոչ մեկին պետք չէ, ոչինչ է, անպետք է։ Ուստի և նա հիմա ընդամենը ամեն գնով ու ցանկացած եղանակով պահպանում է հակաժողովրդական իշխանությունը` անտեսելով ժողովրդի կամքը ու հրաժարականի պահանջը։ Այս կերպ նա ինքն է իրեն օրենքից դուրս դրել։ Իսկ ով իրեն օրենքից դուրս է համարում, ինքնաբերաբար իրավունք է տալիս բոլորին` իրեն վերաբերվելու համապատասխանորեն, նաև իր նկատմաբ չպահպանելու օրենքի բոլոր պահանջներն ու արգելքները։