Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 16:00 20-06-2022

Դարղալուն քեզ փեշքեշ, Փաշինյան ջան

Փաշինյանի ավտոշարասյունը Դեղձուտի դպրոց գնալիս պետք է անցներ Դաշնակցության երիտասարդ լիդերներից Գերասիմ Վարդանյանի (ով երկու ամսով կալանավորված է)՝ կենտրոնական փողոցի վրա գտնվող տան դիմացով։ Ավելորդ միջադեպերից, վարչապետի շարասյունը փակ ճանապարհի առաջ հայտնվելուց խուսափելու նպատակով միջոցառման կազմակերպիչները Գերասիմ Վարդանյանի մոր հետ անարդյունք բանակցություններից հետո առաջնորդին դպրոց են ուղեկցել կից նեղ փողոցներով, գրունտային ճանապարհով։ Մի քանի ընտանիքի հաստատակամ դիմադրություն, ու ստիպված են եղել «ետնամուտքով» գյուղ մտնել։ Էական չէ, թե ինչու են զիջողության գնացել։ Էականն արդյունքն է։

Այգեզարդ գյուղում, որ դարձյալ Արտաշատի շրջանում է, վարչապետին դիմավորող մի երկոտանի դիմել է նրան, թե «բարով ես եկել մեր գյուղը, Դարղալուն քեզ փեշքեշ, Փաշինյան ջան»։ Դարղալուն գյուղի հին անունն է, որ փոխվել է 1949 թ․-ին։ Շրջանի գյուղերի հին անունները բնակիչների խոսակցականում գործածական են եղել մինչև 70-ականների կեսերը։ Միանշանակ է, որ այս երկոտանու գոյության օրոք Դարղալու բառը գրեթե չի գործածվել։ Ինչո՞ւ ուրեմն, այդ պահին սա հիշեց Դարղալուն ու փեշքեշեց Փաշինյանին։ Հավանաբար էկրանին տեսել է, որ Փաշինյանը Էյվազլու է ասում, հայկական բնակավայրերը թուրքական կամ պարսկական ներկայացնում ու որոշել է այսկերպ հաճոյանալ առաջնորդին՝ ոչ միայն գյուղի անունը այդկերպ արտաբերելով, այլև մի բան էլ ավել՝ այն փեշքեշելով սրան։

Հոգեբանի մեկնաբանությամբ՝ երկրի առաջնորդը մարդկանց կողմից ընտանիքի հոր հետ է ասոցացվում, և այն, ինչ կարելի է, ինչ անում է տան հայրը, կարելի է նաև մյուս անդամներին։ Նույն կերպ, ինչ անում է երկրի ղեկավարը, շարքային քաղաքացին մտածում է, որ դա է ճիշտը ու կրկնում։ Հետևաբար հոգեբանի տեսանկյունից այդ դարղալեցին (ոչ այգեզարդցի) ընդամենը կրկնօրինակում էր Էրմենիստանի ղեկավարին, ինչը տրամաբանական է։

Օրերս ծանոթներիցս մեկը, որը վերջին 25-30 տարիներին նախարարության բարձր պաշտոնյա էր, շրջապատում՝ հեղինակություն, քաղաքական անցուդարձի շուրջ զրույցում փորձում էր պնդել, որ «անկլավները իրենց հողերն են, պտի հետ տանք»։ Երբ իրականում «իրենց», այլոց փողերն են, որ ինչ-որ կերպ մտնում են էդ պաշտոնյաների գրպանները, նրանք երբեք չեն շտապում հետ տալ, բայց հողերը, որ մի քանի հազարամյակ մերն էին ու մերն են, շատ բարեհաճ, պատրաստակամ են հետ տալու։ Նույն Այգեզարդ գյուղում մեկ-երկու տարի առաջ հարազատ եղբայրները մեկմեկու հողի սահմանից մի մետր անցնելու համար իրար բահ ու քլունգով ծեծել էին, հայտնվել դատարանում, դատվել։ Այստեղ արդեն անձնական շահն էր սրբություն սրբոցը։

Նույնն է գրեթե ամենուր։ Ցանկացած շենքի բակ ոչ ոքինը չէ, ու կարելի է անխնա աղտոտել։ Նույնը բարձրահարկերի մուտքերում․ ինչի ասես, կհանդիպես։ Մինչդեռ բնակարանում արդեն իդեալական մաքրություն է, որովհետև «բնակարանն իմն է», շենքի բակը՝ ոչ։ Առավել ևս քաղաքն ու երկիրը։ Հայ մարդն իրեն երկրի տեր ու այդ երկրի համար պատասխանատու չի զգում, ինչպես այդ երկրի դե ֆակտո ղեկավարը։ Իրենը տունն է ցանկապատից ներս, բնակարանը, մեքենան, իր հողը։ Դրանից այն կողմ անձնական հետաքրքրություն չունի։ Ցավոք, այդ կերպ հայրենիքի զգացողությունն է խեղված, ինչպես Փաշինյանի պարագայում։

Ինքը հայրենիքի զգացողություն չունի, իրեն երկրի տեր, տիրոջ իմաստով չի զգում։ Ինքը իր հոգեբանությամբ տեր է տնօրինելու իմաստով։ Նույնը վերաբերում է դարղալեցիներին ու իմ բարեկամ պաշտոնյային։ Ինչ մնում է Գերասիմ Վարդանյանին ու իր հարազատներին, իրենց պարագայում հստակ մտայնություն է իշխում․ մեր գյուղն է, մեր փողոցն է, մեր բակն է, ու սրա տերը մենք ենք, ու ոչ մեկը, այդ թվում և ինչ-որ վարչապետ չի կարող մեր բակով անցնել, որովհետև սա մերն է։ Մոտեցումը գուցե և մի քիչ տղայական է, այդուհանդերձ, տիրոջ զգացողություն կա։ Իսկ դարղալեցին ու հանրապետության գուցե և տասնյակ հազարավոր դարղալեցիներ պետք է՝ այգեզարդցի են, պետք է՝ դարղալեցի, պետք է՝ գյուղը կփեշքեշեն, պետք չէ՝ չեն փեշքեշի։ Շատ նեղն էլ ընկան՝ թուրքին ու ազերիին կարող է և աղուհացով դիմավորել։ Ունենք, չէ՞, պատմական փորձը։ Հետևաբար երիցս ճիշտ է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը իր գնահատականներում և ոչ միայն հարթավայրի բնակիչների առումով։