copy image url
Մշակույթ Ներքին 1 տարի առաջ - 19:31 19-06-2022

Եթե ուզում ես ուտել «Արջուկ», ձեռք բեր խնայգրքույկ. մի նկարի պատմություն

Ռուս նկարիչ, ռեալիստական բնանկարի վարպետ Իվան Շիշկինի թերևս ամենահայտնի գործը «Առավոտը սոճու անտառում» կտավն է։ Սակայն, քչերը գիտեն, որ նկարի հեղինակները երկուսն են։ 1889 թվականին նկարի միտքը Շիշկինին հուշել է նկարիչ Կոնստանտին Սավիցկին։ Հենց նա էլ նկարել է մայր արջին ու ձագուկներին։

Իվան Շիշկինը անթերի պատկերում էր անտառային յուրաքանչյուր տեսարան, բոլոր մանրամասներով, սակայն մարդիկ ու կենդանիներ նրա գործերում գրեթե չկային։ Հենց այդ պատճառով էլ օգնության է եկել Սավիցկին։ Ի սկզբանե նկարը կոչվում էր «Արջերի ընտանիքը» և արջուկներն էլ երկուսն էին։ Սավիցկին փոխեց դա ու բնականաբար կտավին դրեց նաև իր ստորագրությունը։

Երբ նկարը տարան վաճառական Պավել Տրետյակովին հանձնելու, նա շատ բարկացավ, քանի որ ինքը պատվիրել ու վճարել էր միայն Շիշկինին ու հիմա ստանում է երկու ստորագրություն։ Շիշկինը որպես ազնիվ մարդ չհրաժարվեց Սավիցկու հեղինակային ներդրումից։ Սակայն, Տրետյակովը իր սկզբունքը չխախտելով, նավթով մաքրեց Սավիցկու անունը նկարից։ Վերջինս էլ արժանապատվորեն հրաժարվեց հեղինակային իրավունքից։ Իսկ արջերը շատ երկար ժամանակ վերագրվում էին Իվան Շիշկինին։

Խորհրդային տարիներին շատերի բնակարաններում փակցված էին Շիշկինի «Առավոտը սոճու անտառում» կտավի վերատպությունները։ Մարդիկ այն անվանում են «Սոճու անտառ», «Ծուռթաթ արջեր» կամ «Երեք արջեր»։ Թեև նկարում պատկերված են չորսը։

Այս նկարի տարածման ու հանրայնացման գործում մեծ նշանակություն ունեցան կոնֆետները, որոնք հայտնվեցին հենց այս պատկերով, բայց «Ծուռթաթ արջ» անվամբ։

Կոնֆետների բաղադրատոմսը և փաթեթավորումը հայտնվեց նախահեղափոխական ժամանակաշրջանում, երբ գործարանը կոչվում էր «Էյնեմ»` իր հիմնադրի` գերմանացի Ֆերդինանդ Թեոդոր ֆոն Էյնեմի անունով: Նա մեծ ջանքեր ներդրեց այս արտադրանքի ստեղծման ու գովազդման գործում։

Խորհրդային տարիներին շարունակեցին արտադրել այս կոնֆետները` չփոխելով թղթի դիզայնը։ Ավելին` «Արջուկը» դարձավ ամենաթանկ քացրավենիքը։ 1920-ականներին այս կոնֆետի մեկ կիլոգրամն արժեր չորս ռուբլի։ Նույնիսկ հայտնի լոզունգ կար այդ ժամանակ. “Если хочешь кушать “Мишку”, заведи себе Сберкнижку!” (Եթե ուզում են ուտել «Արջուկ», ձեռք բեր Խնայգրքույկ), որի հեղինակը Վլադիմիր Մայակովսկին էր։ Որոշ ժամանակ, նույնիսկ այս արտահայտությունը տպում էին կոնֆետի թղթի հակառակ կողմում։

Չնայած բարձր գնին շոկոլադե այս կոնֆետը մեծ պահանջարկ ուներ։ Նկարիչ Ալեքսանդր Ռոդչենկոն, նույնիսկ, սա 1925-ին պատկերեց Մոսկվայի «Մոսսելպրոմ» շենքի վրա:

Այնուհետև յուրաքանչյուր գրախանութում սկսեցին վաճառել «Առավոտը սոճու անտառում» կտավի վերատպությունները։ Կոնֆետից ազդված, մարդիկ գնում և այս նկարով զարդարում էին իրենց բնակարանները։ Հետագայում արջուկները հայտնվեցին նաև գոբելենների վրա։

Կարճ ժամանակում «Առավոտը սոճու անտառում» նկարը դարձավ ոչ միայն Ռուսաստանի, այլ ողջ Խորհրդային միության սիրված ու ճանաչված նկարը։ Թեև գրեթե ոչ ոք չգիտեր նկարի իսկական անվանումը։

Իվան Շիշկին և Կոնստանտին Սավիցկի «Առավոտը սոճու անտառում» կտավն այսօր պահվում և ցուցադրվում է Մոսկվայի Պետական ​​Տրետյակովյան պատկերասրահում։

Ֆոտոշարք