Երևան +12°
copy image url
Մշակույթ Ավելին 1 տարի առաջ - 21:09 17-06-2022

«Պոմպեյի վերջին օրը». մի նկարի պատմություն

Մ. թ. 79 թվականի օգոստոսի 24-ին Իտալիայի հարավում գործող Վեզուվի հրաբուխի ժայթքման հետևանքով ամբողջովին ոչնչացվեցին հին հռոմեական Պոմպեյ, Հերկուլանում և Ստաբիա քաղաքները:

Այս դեպքից 18 դար անց ռուս նկարիչ, ակադեմիզմի ներկայացուցիչ Կառլ Բրյուլովը պատկերեց իր հայտնի «Պոմպեյի վերջին օրը» կտավը:

Նկարիչն իր այս աշխատանքը ստեղծել է 1830-1833 թվականներին Հռոմում, և պատահական չէ, որ նկարն իր առաջին հաջողությունները գրանցել է Եվրոպայում։

Ականատեսները պատմում են, որ մարդկանց ամբոխը խմբվել էր հյուրանոցի առջև, որպեսզի կարողանար հանդիպել ու ողջունել հանճարեղ նկարչին: Ասում են, թե շոտլանդացի գրող, պատմաբան Վալտեր Սքոթը՝ ազդված, այս նկարի առջև նստել էր մի քանի ժամ:

Նույն ոգևորությունը տիրել է նաև Ռուսաստանում: Ռուսները ցնծում էին իրենց հայրենակցի՝ արտերկրում ունեցած հաջողությունից։

Հայրենիք վերադառնալուց հետո Բրյուլովի հետ անձամբ հանդիպել է Նիկոլայ 1-ին ցարը, իսկ ժողովուրդը նրան կոչել է «Մեծն Կառլ»:

Իսկ թե ինչո՞ւ էր ռուս նկարչին հետաքրքրել իտալական թեման, մասնավորապես 18 դար առաջ կործանված քաղաքն ու դրա բնակիչները, ունի իր հստակ բացատրությունը։

1828-ին երիտասարդ Բրյուլովն ապրում և աշխատում էր Հռոմում: Դա այն ժամանակահատվածն էր, երբ հնագետներն արդեն սկսել էին Պոմպեյի պեղումները: Հետաքրքրասեր նկարիչը մեկնում է պեղումների վայրը ու տեսածից զարմացած ու տպավորված՝ միանգամից սկսում է իր աշխատանքը:

Բրյուլովն իր այս կտավի վրա աշխատել է ավելի քան 3 տարի, որից միայն 9 ամիսը նվիրել է ստեղծագործելուն, մնացած ժամանակը զբաղվել է նյութերի հավաքագրմամբ:

Այս կտավը գրեթե վավերագրական աշխատանք է: Օրինակ՝ պատկերված վայրը հնարված չէ. Պոմպեյում իրոք կար «Հերկուլանյան դարպասներ» փողոցը, իսկ տաճարի՝ աստիճաններով ավերակները մինչև հիմա գոյություն ունեն:

Բրյուլովն անձամբ ուսումնասիրել էր զոհվածների մասունքները և դրանց հիման վրա ստեղծել էր իր կերպարներին:



Նկարիչը նույնությամբ պատկերել էր նաև շինության փլուզումը: Հրաբուխագետները վստահեցնում են, որ Բրյուլովը պատկերել էր 8 բալանոց երկրաշարժ: Ընդ որում՝ միանգամայն ճշգրիտ: Ըստ մասնագետների` հենց այդպես են փլվում շինությունները ստորգետնյա ցնցումների ժամանակ:



Արվեստաբանները շատ թատերային են համարել այս կտավը: Սակայն հենց այդ թատերայնությունն է փրկում տեսարանը`չափազանց սարսափելի ու սահմռկելի երևալուց: Կտավում իրապես աղետի պատկեր է, պարզապես ներկայացված է շատ գեղագիտորեն: Սա ոչ այլ ինչ է, քան դաժան ռեալիզմով հագեցած գեղեցիկ մի լեգենդ։


Ի դեպ, Բրյուլովն իր կտավում զերծ չի մնացել անձնական թեման պատկերելուց։ Նկարի հիմնական հերոսուհիները նույն դեմքն ունեն, պարզապես նրանք տարբեր տարիքում են ու դեմքի տարբեր արտահայտություններով։ Երկուսն էլ նույն կինն է՝ կոմսուհի Յուլյա Սամոյլևան՝ Բրյուլովի կյանքի մեծ սերը:



Յուլյայի հետ Բրյուլովը ծանոթացել էր Իտալիայում: Նրանք նույնիսկ միասին էին Պոմպեյ գնացել: Սիրավեպը շարունակվել էր 16 տարի: Նրանց հարաբերությունները ազատ էին այնքան, որ Բրյուլովը հասցրել էր այդ ընթացքում ամուսնանալ այլ կնոջ հետ ու երկու ամիս անց բաժանվել, քանի որ պարզել էր, որ ինքն ամուսնացել է իր հոր սիրուհու հետ: Այս սարսափելի լուրն իմանալուց հետո Բրյուլովը կրկին սփոփանք էր գտել Սամոյլևայի գրկում: Սակայն կարճ ժամանակ անց Յուլյան ամուսնացել էր օպերային երգչի հետ: Ամուսնությունը երջանիկներից չէր, քանի որ կարճ ժամանակ անց Յուլյայի ամուսինը մահացել էր թոքախտից: Սրան հաջորդել էր նրա երրորդ անհաջող ամուսնությունը: Երբեմնի գեղեցկուհին կյանքն ավարտել էր թշվառության մեջ:

Կտավում Յուլյա Սամոյլևայից բացի ևս մի իրական կերպար կա: Դա ինքը՝ Բրյուլովն է, որը հենց նկարչի դերում է ու ծածկում է գլուխը վրձիններով ու ներկերով լի արկղով:



3 մետր բարձրությամբ և 6 մետր լայնությամբ այս մոնումենտալ կտավն ունի բազմաթիվ կերպարներ և դետալներ, որոնց միջոցով հնարավոր է պարզել հին հռոմեական մշակույթը, կենցաղն ու ապրելակերպը։

Բրյուլովի «Պոմպեյի վերջին օրը» մեծակտավ այս ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Սանկտ Պետերբուրգի Ռուսական պետական թանգարանում: