copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 17:59 09-06-2022

Ամբողջ սահմանամերձ գոտում հազիվ 200 հազար մարդ է բնակվում

Հրապարակվել է «ՀՀ բնակչությանը թիվը 2022թ․ ապրիլի 1-ի դրությամբ» տեղեկագիրը, համաձայն որի՝ հանրապետությունում ապրում է 2 մլն 961 հազար 600 մարդ, որոնցից 1 մլն 93 հազար 200-ը բնակվում են Երևանում։

Նույն ԱՐՄՍՏԱՏ-ի տվալներով՝ 2018թ․-ի ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանի բնակչության թիվը կազմում էր 2 մլն 969 հազար 900 մարդ, որոնցից 1 մլն 77 հազար 600-ը բնակվում էր մայրաքաղաքում։

Փաստացի վերջին 4 տարիներին ՀՀ բնակչությունը նվազել է 8 հազար 300 մարդով։ Նույն ընթացքում Երևանի բնակչությունն աճել է 15 հազար 600-ով։

Այս պարագայում նպատակ չկա քննարկելու վիճկոմի հրապարակած տվյալների հավաստիությունը։ Հաշվի չենք առնում այն հանգամանքը, որ վերջին երկու տարիներին արդեն բնական աճի բացասական հաշվեկշիռ ունենք, որ արցախյան պատերազմում 5 հազար զոհ ունեցանք, որ անցած տարի միայն հանրապետությունից հեռացել է ավելի քան 70 հազար մարդ։ Մյուս կողմից էլ բնակչության թվի վերաբերյալ տվյալները քիչ թե շատ արժանահավատ են լինում մարդահամարի արդյունքում, որը մեզանում իրականացվել է 2011թ․-ին։ Այնպես որ այս պարագայում ավելի մեծ է հավանականությունը որ ներկայացված վիճակագրությունը տոկոսային առումով կարող է երկնիշ թվի շեղում ունենալ։ Բայց այս պարագայում մեր հետաքրքրություն շրջանակը այլ հարթությունում է։

Համաձայն հրապարակվածի՝ 2022թ․-ի ապրիլի 1-ի դրությամբ 58․3 հազար մարդ ապրում է Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանում, 87․6 հազար մարդ՝ Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանում, 79․6 հազարը՝ նույն մարզի Մասիսի տարածաշրջանում, 133․7 հազարը՝ Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանում, 111․5 հազարը՝ Կոտայքի մարզի Կոտայքի տարածաշրջանում։ Փաստացի, մայրաքաղաք Երևանում ու սրան հարակից մի քանի բնակավայրերում, որ կազմում է շուրջ 600-700 քառակուսի կմ (29․800-ից) ապրում է հանրապետության բնակչության կեսից ավելին։

Շուրջ 1 մլն մարդ ապրում է Շիրակի, Լոռու, Արմավիրի, Գեղարքունիքի, Արարատի, Վայոց Ձորի, Տավուշի մարզերում՝ սահմանամերձ գոտուց համեմատաբար հեռու հատվածներում։
Գեղարքունիքի մարզի Ճամբարակի հատվածում ապրում է 13․1 հազար մարդ, մարզի Վարդենիսի տարածաշրջանում՝ 37․3 հազար մարդ, 134․5 հազար մարդ էլ ապրում է սահմանամերձ Սյունիքի մարզում, 26․8 հազար մարդ Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում, շուրջ 25 հազար էլ Իջևանի սահմանամերձ գոտում։ Արդյունքում Ադրբեջանի հետ սահմանային գոտու բնակչությունը կազմում է պակաս քան 250 հազար մարդ, որը կազմում է հանրապետության բնակչության պակաս քան 10%-ը։

Մինչդեռ Սյունիքի տարածքի մակերեսը 4506 քառ․ կմ է, որ հանրապետության ընդհանուր տարածքի 15․1%-ն է։ 2019 թ․-ին այստեղ ապրում էր 137․6 հազար մարդ, որը կազմում էր հանրապետության ընդհանուր բնակչության 4․6%-ը։ Ճամբարակի բնակչությունը կազմում է հանրապետության ընդհանուր բնակչության 0․4%-ը։ Սրա ընդհանուր մակերեսը կազմում է շուրջ 700 քառ․ կմ, որ հանրապետության ընդհանուր տարածքի 2․3%-ն է, Վարդենիսի տարածաշրջանի մակերեսը կազմում է 1150 քառ․ կմ, որ հանրապետության ընդհանուր տարածքի 3․8%-ն է։ Բնակչությունը 37․3 հազար է (հանրապետության բնակչության 1․2%-ը)։ Նոյեմբերյանի տարածաշրջանի մակերեսը կազմում է 538 քառ․ կմ (հանրապետության ընդհանուր տարածքի 1․8%-ը)։ Բնակչությունը կազմում է հանրապետության ընդհանուր բնակչության 0․9%-ը։

Իջևանի շրջանի ընդհանուր մակերեսը կազմում է 1336 քառ․ կմ, որ հանրապետության ընդհանուր տարածքի 4․4%-ն է։ Այստեղ ապրում է 47 հազար մարդ (հանրապետության ընդհանուր բնակչության 1․6%-ից պակաս)։

Փաստացի հանրապետության բնակչության 50-55%-ը կենտրոնացել է մայրաքաղաք Երևանում ու սրան կից երեք-չորս մարզերի՝ երևանամերձ, մինչև 20-25կմ հեռավորության վրա գտնվող բնակավայրերում, ինչպես արդեն նշվեց, 600-700 քառ․ կմ կամ ընդհանուր տարածքի 2-3%-ի վրա։ Բնակչության ավելի քան 35%-ը՝ Երևանից քիչ ավելի հեռու, Արարատի մարզի հարավում, Վայոց Ձորում, Արմավիրում, Արագածոտնում, Լոռու և Շիրակի մարզերում, որ ընդհանուր մակերեսով կազմում է հանրապետության ընդհանուր տարածքի շուրջ 65-68%-ը։ Բնակչության հազիվ 7-8%-ը ապրում է Ադրբեջանին սահմանամերձ գոտում, որ կազմում է հանրապետության ընդհանուր տարածքի ավելի քան 30%-ը։ Բայց սա էլ ամբողջը չէ։ Ընդունված կարգի համաձայն՝ հրապարակվում է փաստացի տվյալ տարածքում գրանցված բնակչության թվաքանակը, մինչդեռ իրականում սահմանամերձ այդ հատվածներում գրացվածների շուրջ 20-25%-ը, եթե ոչ ավելին (բնակիչների, գյուղապետերի ներկայացմամբ), վաղուց Երևանում են կամ հանրապետությունից դուրս։ Հետևաբար ստացվում է, որ այսօր ամբողջ սահմանամերձ գոտում հազիվ 200 հազար մարդ է բնակվում, և վերջին տարում հատկապես այդ հատվածներից արտագաղթի տեմպերը խիստ ակտիվացել են։ Հասկանալիորեն այս իրավիճակը մեկ օրում կամ մեկ տարում չի, որ ստեղծվել է, բայց որ վերջին մեկ-երկու տարիներին զարգացումները սրընթաց տեմպերով խորացել են, ակնառու է։ Փաստ է նաև, որ Կառավարությունը բառիս բուն իմաստով չտեսնլու է տալիս այս իրավիճակը և բացարձակապես որևէ ծրագիր չի ընդունել սահմանամերձ գոտու հայաթափումը կասեցնելու ուղղությամբ։ Մինչդեռ նման տեմպերով շարունակության դեպքում ընդամենը մի քանի տարուց անմարդաբնակ սահմաններ ենք ունենալու և հովիվ ու նախարապահ չի լինելու, որ գոնե թուրք-ազերիների առաջխաղացման դեպքում տեսնի ու պատկան մարմիններին տեղյակ պահի։