copy image url
Միտք 2 տարի առաջ - 21:51 02-02-2022

Սահմանամերձ (և ոչ միայն) գոտում անշարժ գույքի գնանկում է․ Քերոբյանի բանաձևով դա՞ էլ է կյանքի լավացման նշան

Հանրապետությունում բնակարանների գների առումով հասկանալիորեն ամենաթանկը Երևանն է։ Այստեղ Կենտրոն համայնքում 1 քմ-ի միջինացված գինը 2021թ․-ին կազմել է 633 հազար դրամ։ Անշարժ գույքի բարձր գների առումով հանրապետության երկրորդ քաղաքը Ծաղկաձորն է։ 2021թ․-ին այստեղ 1 քմ բնակմակերեսի միջին գինը կազմել է 294․7 հազար դրամ։ Սա հանրապետության միակ քաղաքն է, որտեղ 2021թ․-ին, նախորդի համեմատությամբ, 1 քմ-ի գինն աճել է 12 հազար դրամով։ Այս քաղաքում գները հավասարազոր են Երևանի Ավան, Նոր Նորք վարչական շրջանների բնակարանների գներին։

Երևանից բացի՝ հանրապետության ընդամենը երկու քաղաքում է, որ բնակարանների գները 1 քմ-ի հաշվով անցնում են 200 հազար դրամի սահմանագիծը։ Երկրորդն Աբովյանն է, որտեղ 1 քմ-ի արժեքը կազմել է 204․3 հազար դրամ։ Բնակարանների գների առումով Կոտայքը հանրապետության ամենաթանկ մարզն է։ 2021թ․-ին այստեղ բնակարանների գներն աճել են․ Աբովյանում՝ 9․5%-ով, Հրազդանում՝ 8%-ով, Բյուրեղավանում՝ 4․2%-ով։ Մարզի քաղաքներից միայն Հրազդանում (74․7 հազար) և Չարենցավանում (88․9 հազար) է, որ 1քմ-ի արժեքը ցածր է հարյուր հազարից։

«Ավելի թանկ» մարզ կարելի է համարել Արարատը, որտեղ «ամենաէժան» քաղաքն Արարատն է՝ 1 քմ-ն 100․400 դրամ։ 2020թ․-ին՝ 94 հազար էր։ Մարզում, թերևս պայմանավորված Երևանին մոտ լինելու հանգամանքով, միշտ ամենաթանկ քաղաքը եղել է Մասիսը։ 2021թ․-ին Արտաշատում 1 քմ-ի գներն աճել են 14․2 հազար դրամով՝ հավասարվելով 140 հազարի, մինչդեռ Մասիսում այն կազմել է 135 հազար։

Արմավիրում ամենաթանկ քաղաքը Վաղարշապատն է։ 1քմ-ն 169 հազար դրամ է, որը Աբովյանից հետո հանրապետությունում չորրորդն է։

Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ 2021թ․-ին վերոնշյալ երեք մարզերում գտնվող և ոչ մի քաղաքում բնակարանների գների անկում չի գրանցվել։

Հանրապետության «ամենաարժեքավոր» քաղաքներից է նաև Աշտարակը (141 հազար դրամ)։

Անցած տարում Գեղարքունիքի մարզի բոլոր քաղաքներում էլ բարձր գնանկում է արձանագրվել։ Մարզի «ամենաթանկ» քաղաքը Մարտունին է, որտեղ 5․5% գնանկումից հետո 1 քմ-ի արժեքը կազմել է 101․4 հազար դրամ։ Վարդենիսում եղել է 8%-անոց գնանկում՝ հավասարվելով 45․7 հազարի, Ճամբարակում՝ 14%-անոց։

Գյումրիում արձանագրված ամբողջ 9%-անոց գնաճից հետո բնակմակերեսի 1 քմ-ի արժեքը հավասարվել է 111 հազար դրամի։ Նույնը Վանաձորում․ 10․4%-անոց գնաճ ու 1 քմ-ի միջին գինը կազմել է 90 հազար դրամ։ Լոռվա մարզում հետաքրքիրն այն է, որ Սպիտակում 1 քմ-ն գրեթե 6 հազարով թանկ է Վանաձորից։

2021թ․-ին Սյունիքի հինգ քաղաքներում էլ գներն ընկել են։ Սիսիանում՝ գրեթե 6%-ով, Մեղրիում՝ 5%-ով, Գորիսում՝ ավելի քան 4%-ով, Կապանում՝ 2% և Քաջարանում՝ 2․4%-ով։ Գնանկումից հետո Գորիսում 1 քմ-ն վաճառվել է 140 հազար դրամով, Կապանում՝ 113․4 հազարով, Մեղրիում՝ 101․6 հազարով, Քաջարանում՝ 97․6 և Սիսիանում՝ 81․5 հազար դրամով։

Վայոց ձորի մարզի երկու նախկին շրջկենտրոնները, գտնվելով հարևանությամբ, էապես չեն տարբերվում իրարից, մինչդեռ Եղեգնաձորում բնակարանների գների 6․3%-անոց անկումից հետո անգամ 1 քմ-ի հաշվով ավելի քան 33 հազար դրամով թանկ են Վայքի գներից։ Այս մարզում միայն Ջերմուկում է, որ պակաս քան 1%-անոց գնաճ է արձանագրվել։

Ինչ մնում է Տավուշին։ Իջևանն ու Դիլիջանը հանրապետության ամենաթանկ քաղաքների շարքում են։ Վերջին տարում այս քաղաքներում գներն աճել են, Դիլիջանում 3․2%-ով, որից հետո այստեղ 1 քմ-ի գինը հասել է 125 հազարի, Իջևանում՝ 0․2%-ով ու 1 քմ-ի գինը կազմել է 123․6 հազար դրամ։ Մինչդեռ Նոյեմբերյան, Բերդ և Այրում քաղաքներում արձանագրվել է համապատասխանաբար 2․2, 7․5 և 10%-անոց անկում։

Ներկայացված պատկերից պարզ է դառնում, որ հանրապետության սոցիալ-տնտեսական ակտիվությունը շարունակում է մեծ արագությամբ կենտրոնանալ Երևանում ու մերձ երեք մարզերում։ Հանրապետության բնակչության այն մասը, որն ի վիճակի չէ հաստատվելու մայրաքաղաքում ու վերոնշյալ երեք մարզերում, ֆիզիկական անվտանգության առումով հեռանկարը տեսնում է Լոռու ու Գյումրու տարածաշրջաններում։ Երրորդ՝ սահմանամերձ բոլոր այն գոտիներում, որտեղ սահմանային ընդհարումներն ու ադրբեջանցիների վայրագությունները կարող են անպատիժ շարունակվել, անշարժ գույքի ընդգծված գնանկում է։ 2021թ․-ին դեռ որոշակի դրական ակնկալիքներով սպասողական վիճակ էր, այն առումով, որ ի վերջո իրավիճակը կկարգավորվի։ Առաջիկայում եթե սահմանամերձ գոտում իրավիճակը չհանդարտվեց, անշարժ գույքի գների կտրուկ ու տևական անկում է սկսվելու։ Անշարժ գույքի շուկայում, այդ թվում՝ Երևանում ու հանրապետության կենտրոնական մարզերում գները ձևավորվելու են՝ պայմանավորված սահմանային զարգացումներով։

Աշոտ Խաչատրյան