copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:57 08-06-2022

Արամ Սիմոնյանի դեմ ամենամեծ դավաճանությունը․ մի հրամանի պատմություն

Այսօր մահացել է Երևանի պետական համալսարանի նախկին ռեկտոր, ԵՊՀ հայագիտական հետզոտությունների ինստիտուտի տնօրեն Արամ Սիմոնյանը։ Համալսարանում հիմա էլ հիշում են պաշտոնավարման ընթացքում Սիմոնյանի արձակած մի հրաման, որ իր ոճով նման չէր հրամանի ու առանձնանում էր հուզականությամբ ու զգացմունքայնությամբ։ Այդ հրամանով Սիմոնյանն աշխատանքից ազատում էր իր երբեմնի ընկերոջը՝ համալսարանի պրոռետոր Գեղամ Գևորգյանին։

Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ հիմնադիր Կարեն Հեքիմյանը Oragir.news-ի հետ զրույցում պատմեց, որ պատմության մեջ թեևս միակ դեպքն էր, երբ գործատուն աշխատակցին գործից հեռացնում էր դավաճանության հիմքով կամ ավելի ստույգ՝ անվստահության հիմքով, որի պատճառը դավաճանությունն էր։

«Երևի 2019-ի գարնանը՝ մարտին, ես տեսա մի հրամանի նախագիծ, որը պետք է ստորագրեր Արամ Սիմոնյանը, ու շատ զարմացա հրամանի ոճից։ Սովորաբար հրամանները լինում են իմպերատիվ ոճի՝ զերծ հուզականությունից ու զգացմունքայնությունից։ Ես շատ զարմացա, որ նման ոճով էր գրված այդ հրամանը՝ «անվստահություն հայտնել», «դավաճանություն» և այլն։

Հետո Արամ Սիմոնյանից հետաքրքրվեցի, թե ինչու է էդպես, ի վերջո, դա հրամանի կազմման էթիկայի խախտում էր։ Սիմոնյանը պատասխանեց, թե՝ հասնում է իրեն։ Այդ հրամանով էլ Գևորգյանն աշխատանքից հեռացվեց։ Հետո պարզվեց, թե ինչն էր դավաճանությունը։ Օդում կախված լուրեր կային, որ այն, ինչ խոսում էին համալսարանում, Գեղամ Գևորգյանը գնում ու հաղորդում էր այլ տեղերում, որտեղ պետք չէր հաղորդել, մասնավորապես՝ իշխանության ներկայացուցիչներին»։

Հեքիմյանը պատմեց, որ հետագայում Գևորգյանը դատի տվեց համասարանին ու Արամ Սիմոնյանին։ «Ամբողջ պարադոքսը կայանում էր նրանում, որ Գևորգյանը դատի էր տվել Սիմոնյանին ու ԵՊՀ-ին, բայց դատական գործերը երկար էին տևում, ու ինչ-որ պահի արդեն Գեղամ Գևորգյանը ռեկտորի պաշտոնակատար էր, ու ստացվում էր, որ Գևորգյանն իրեն էր դատի տվել։ Դատարանը Սիմոնյան Արամի մասով որոշում կայացրեց գործը կարճել, բայց Գևորգյանին հաջողվեց համասարանից որոշակի գումար ստանալ՝ որպես փոխհատուցում ստանալ, որը մոտ 13 մլն դրամ էր։Այսինքն՝ ինքն իրենով այդ գումարը դուրս գրեց համալսարանից ու ստացավ այն։

Սիմոնյան Արամը բավական անկեղծ մարդ էր, նա չէր կեղծում իր մտքերը ու այն, ինչ մտածում էր, կարող էր նաև գրել անգամ իրավական ակտերում»։

Նշենք, որ Գեղամ Գևորգյան որպես ԵՊՀ ռեկտոր պաշտոնավարեց 2019-2021թթ-ին, հիմա նա համալսարանի պրոֆեսոր է, բայց նախկինում մատուցած ծառայությունների համար արդեն գործող ռեկտորից բազմաթիվ պարգևներ է ստացել, այդ թվում՝ ֆիքսված կայանատեղի իր մեքենայի համար ԵՊՀ հետնամասում։

Մենք փորձեցինք կապ հաստատել Գեղամ Գևորգյանի հետ՝ պարզելու համար, թե արդյոք նա հասցրել էր հաշտվել իր երբեմնի ընկերոջ՝ Արամ Սիմոնյանի հետ, սակայն Գևորգյանը մեզ անգամ հնարավորություն չտվեց հարց հնչեցնել․ երբ ասացինք, որ իրեն լրագրող է անհանգստացնում, Գևորգյանը պարզապես անջատեց հեռախոսը։

Ամենից շատ դիտված