Երևան +10°
copy image url
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 17:24 07-06-2022

Պետությունը պետք է գյուղատնտեսությանը մոտենա որպես ազգային անվտանգության բաղադրիչի, այնինչ գյուղատնտեսական բյուջեին կոպեկներ են տրվում․ Արթուր Խաչատրյան

Լիլիթ Հարությունյան

Լրագրող

Գյուղացիները չգիտեին, որ պետք է հողը մշակեն։ Գյուղատնտեսության նախարարության գործառույթը խորհուրդ տալը չէ, դրա համար խորհրդատվական ընկերություններ կան։ Այս մասին oragir.news-ի հետ զրույցում ասաց գյուղատնտեսության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով ամիսներ առաջ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի արած այն հայտարարությանը, որ գյուղացիներին խորհուրդ էր տալիս, խնդրում հող մշակել:

«Նախ, սկսենք նրանից, որ ցանքատարածությունները գնալով կրճատվում են, և երկրորդ, պետք է լինի կոմպլեքս գյուղատնտեսական քաղաքականություն։ Նույն Վահան Քերոբյանը մինչև այդ էլ ասում էր գյուղատնտեսությամբ պետք է զբաղվի գյուղացիների 10 տոկոսը, հիմա հակառակ բանն է պնդում»,- ասաց Խաչատրյանը՝ ավելացնելով․ «Պետությունը պետք է գյուղատնտեսությանը մոտենա որպես ազգային անվտանգության բաղադրիչի։ Այս ամենին կենսակերպի և տարածքային զարգացման պրիզմայի միջոցով պետք է նայել։ Օրինակ՝ Եվրամիության գյուղատնտեսության քաղաքականությունը 3 նպատակ ունի․ 1-ին՝ գյուղատնտեսությամբ զբաղվողների եկամուտի աճ, 2-րդ՝ պարենային անվտանգություն, 3-րդ՝ գյուղական համայնքների պահպանում և համաչափ զարգացում։ ՀՀ- ում այս կառավարությունը, ցավոք, չի անում որևէ բան այդ ուղղությամբ։ Արդեն մի քանի տարի է՝ գյուղատնտեսությունը անընդհատ ընկնում է։ Այս տարի 2021, 2020թթ․-ի համեմատ, ըստ էության, անկում է ապրել։ 22-ի առաջին եռամսյակը 21-ի առաջին եռամսյակի համեմատ անկում է ապրել։ Ունենք պարենային ապրանքների խայտառակ գներ, այս իշխանությունները դա փորձում են հիմնավորել համաշխարհային բարձր գներով, բայց հաշվի չեն առնում, որ տեղական արտադրանքի գներն ավելի են աճել, քան թե շատ ներկրվող ապրանքների գները, և սա պայմանավորված է նրանով, որ պետությունը ընդհանրապես չի դոտացնում գյուղատնտեսությունը»։

Պատասխանելով մեր այն հարցին, թե այս պահին ինչ խնդիրների առաջ է կանգնած գյուղատնտեսությունը, գյուղացու համար խնդիր չի՞ առաջացնում արտադրած գյուղմթերքի իրացումը, Խաչատրյանն ասաց. «Գյուղացին բազմաթիվ խնդիրներ ունի, և այդ խնդիրներից եթե մի քանիսը առանձնացնենք, դրանցից մեկն էլ իրացման խնդիրն է։ Վաճառքի հետ կապված՝ նրանք մի քանի խնդիր ունեն, չնայած դա այս պահին այդքան էլ սուր չի զգացվում, բայց շուտով կզգացվի՝ կապված ճանապարհների տարանցման, դեպի Լարս ուղևորափոխադրման, բեռնափոխադրման հետ կապված դժվարությունների հետ կարող են խնդիրներ առաջանալ։ Իսկ քանի որ դրսից եկած թուրքական ապրանքները ավելի էժան են, քան հայկական, դրա մասին մենք շատ երկար ժամանակ ասում էինք, այո՛, եթե սահմանները բացվեն, այն, ինչ որ գալիս է Թուրքիայից կիսալեգալ, երբ սկսի լեգալ գալ, մեր գյուղատնտեսությունը շատ լուրջ խնդիրներ կունենա»։

Անդրադառնալով Թուրքիայի վարած գյուղատնտեսական քաղաքականությանը՝ Խաչատրյանն ասաց. «Թուրքիան՝ որպես պետություն, շուրջ 30 տոկոսով դոտացնում է իրենց գյուղատնտեսական արտադրանքը։ Տնտեսության զարգացման և համագործակցության անդամ երկրներից երևի ամենամեծ դոտացիա տվող երկրներից մեկը Թուրքիան է։ ՀՀ-ն եթե սրանից մի քանի տարի առաջ ինչ-որ մի բանով օգնում էր գյուղացիներին, ֆինանսավորում էր, ապա հիմա մենք տեսանք, որ ընդամենը մի փոքր իջեցրին պարարտանյութի արժեքը, բայց վառելանյութի արժեքը և սերմնացուի արժեքը չափազանց թանկ է։ Գազն է թանկ, ջուրն է թանկ»։

Իսկ մեր այն հարցին, թե ինչ միջոցներ պետք է ձեռնարկի Կառավարությունը՝ այդ խնդրին լուծում տալու համար, Խաչատրյանն ասաց. «Պետությունը գյուղատնտեսական բյուջեն պետք է մեծացնի, գյուղատնտեսական ծրագրերը պետք է լինեն ավելի թիրախային։ Պետք է մշակվի պետական գյուղատնտեսական քաղաքականություն, օրինակ՝ պետությունը գյուղատնտեսությամբ ի՞նչ խնդիրներ է ուզում լուծի։ Պետք է առաջնահերթությունները հստակեցվեն, և ըստ այդմ՝ պետք է մեծացվեն թե՛ ֆինանսավորումը, որովհետև կոպեկներ են տրվում, և թե՛ գյուղացիներին տրամադրվող ծառայությունները, այսինքն՝ ծրագրերը, որոնք պետությունը, գյուղատնտեսության նախարարությունը իրականացնում է։ Պետությունը պետք է գնա նաև պրոֆեկցիոնիստական միջոցների, այսինքն՝ անհրաժեշտությա դեպքում փակի Հայսատանի շուկան որոշակի երկրներից եկած, որոշակի ապրանքատեսակների համար, օրինակ՝ թուրքական լոլիկի համար»։