Ներքին 4 տարի առաջ - 17:40 06-06-2022

Փորձենք ՀԱՊԿ մեխանիզմները դարձնել առավել արդյունավետ՝ ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու համար. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստի մասնակիցներին՝ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ վարչապետը նշել է, որ այս տարի նշվում է ՀԱՊԿ ստեղծման 30-ամյակը, ինչը կարևոր իրադարձություն է: «Բազմիցս ենք նշել, որ սա լավ հնարավորություն է իմի բերելու արդյունքները, վերլուծելու մեր ձեռքբերումները, բացթողումները, քայլերը, թե ինչով և ինչպես կարող ենք ավելի արդյունավետ դարձնել մեր կազմակերպությունը: Այս համատեքստում, իհարկե, Խորհրդարանարական վեհաժողովի խորհրդի դերը հնարավոր չէ գերագնահատել, քանի որ ՀԱՊԿ փաստացի այն քաղաքական պլատֆորմն է, որտեղ բոլոր այս հարցերը պետք է քննարկվեն:
Կարծում եմ՝ խորհրդարանական ֆորմատը ստեղծում է դրա համար առավել լայն հնարավորություններ: Վերջին անգամ մենք այս ֆորմատով հանդիպել ենք 2019 թվականին, դրանից հետո տեղի են ունեցել շատ մեծ փոփոխություններ աշխարհում՝ կորոնավիրուսի հետ կապված, բացի այդ իրավիճակը մեր տարածաշրջանում և ընդհանրապես աշխարհում բավականին լարված է: Կարծում եմ՝ սա շատ կարևոր հարթակ է, որպեսզի կիսվենք ապագայի մեր տեսլականով և փորձենք ՀԱՊԿ մեխանիզմները դարձնել առավել արդյունավետ՝ ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու համար:
Սա այն թեմաներից մեկն է, որը շատ կարևոր է և՛ մեր երկրի, և՛ ընդհանարպես կազմակերպության համար: Որպես նախագահող պետություն՝ մենք այս խնդիրը համարում ենք մեր նախագահության առաջնահերթություններից մեկը և հույս ունեմ, որ մեզ կհաջողվի այդ հարցի շուրջ գալ կոնկրետ որոշումների»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վյաչեսլավ Վոլոդինը շնորհակալություն է հայտնել վարչապետին ջերմ ընդունելության համար և նշել, որ խորհրդի նիստը հնարավորություն է տալիս մշակել որոշումներ և զարգացնել հարաբերությունները երկրների միջև: «Վեհաժողովը թույլ է տալիս ներդաշնակեցնել օրենսդրությունները, մշակել մոդելային օրենքներ: Երբ խոսում ենք օրենսդրությունների ներդաշնակեցման մասին՝ առաջին հերթին դա վերաբերում է ահաբեկչության, էքստրեմիզմի դեմ պայքարին, ռազմաքաղաքական համագործակցությանը, խաղաղապահ ուժերի գործունեությանը և այլ հարցերի»,- ասել է պարոն Վոլոդինը՝ հավելելով, որ խորհրդի նիստի աշխատանքները սովորաբար սկսում են ՀԱՊԿ-ն նախագահող երկրի առաջնահերթությունների քննարկումներից:
Այնուհետև հանդիպմանը մտքեր են փոխանակվել ՀԱՊԿ մեխանիզմների զարգացման, Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձևավորված սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի գործունեությանը, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, Ադրբեջանում մինչ օրս պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ քաղաքացիական անձանց վերադարձի ուղղությամբ իրականացվող քայլերին: Վերջինիս հետ կապված վարչապետը կարևորել է միջազգային հանրության աջակցությունը:

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան

Ձեզ գուցե հետաքրքրի