Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 15:19 06-06-2022

Սրանցը առավելագույնը խուժան արաղի մշակույթն է

Ընդամենը 5-6 րոպե շրջելուց հետո հայացքով մեկ դիմացս հառնեց մանկությանս օրերին հայտնի «գրադուսնիկ» Վաղոն, որ, մեղմ ասած, հարբեցող էր ու իր «գրադուսը» տեղը պահելու յուրօրինակ լուծում էր գտել։ Մի տիկ (այծի մորթուց տոպրակ, որում ջուր կամ գինի էին լցնում) ուներ, որն առավոտները թևի տակ տալով՝ խաղող մշակող գյուղ էր մտնում՝ որպես օղու գնորդ։ Գյուղացիք ցույց էին տալիս օղի ունեցողների տները, սա էլ այցելում էր, ներկայանում, ապրանքը գնահատելու համար որտեղ մի, որտեղ նաև երկրորդ բաժակ արաղը փորձում: Մի տեղ օղուց հոտ էր առնում, լավ չէր քաշվել, մեկ այլ տեղ գրադուսն այն չէր․․․ Կեսօրից հետո արդեն Վաղոս «ծիրան-ծիրան» շորորալով կա՛մ տուն էր հասնում, կա՛մ ճամփեզրին՝ որևէ ծառի տակ, քուն մտնում։

Սարյան փողոցում վաղոները հարյուրներով էին։ Շատերը՝ սոլիդ հագուկապով, շատերը՝ շքեղ, թանկարժեք մեքենաներով, ու չհասկանալով, ենթագիտակցորեն իրենց «աղքատությունը» ծածկել էին այդ մեքենայի կամ հագուկապի տակ։ Որոշներն էլ իրենց պաշտոնների կամ ինտիլիգենտի կեցվածքի տակ, մինչդեռ իրականում, բալզակյան բնորոշմամբ, իսպանական աղքատության ներկայացուցիչներ էին՝ ստահակներ, «թագավորներ» ու «տաղանդավորներ», որ ոչ այս, ոչ այն, եկել էին գինի խմելու։

Նույն գինու փառատոնի ընթացքում Դեմիրճյան-Պռոշյան խաչմերուկում կարմիր ու գույնզգույն բերետավորները զենքի կիրառմամբ իրենց հայրենակիցներին էին ջարդում բառիս բուն իմաստով՝ խտրականություն չդնելով տարիքի, սեռի ու ոչ մի բանի մեջ։ Վաղոները այդ ջարդերից ընդամենը մի քանի հարյուր մետրի վրա, կրակոցների ձայները լսելով հանդերձ, լուրջ դեմքերով գինու համտես էին անում, հայկական գինեգործության թանգարանում (տեղադրված նույն տարածքում) գլուխները տմտմբացնելով ականջալուր լինում այն մասին, որ աշխարհի ամենահին 6 հազարամյա գինեգործարան հնձանը գտնվում է Վայոց ձորում, ու Հայաստանը աշխարհում գինեգործության օրրանն է։ Տնօրեն-մեկնաբանին բնականաբար արգելված էր ասել, որ Վայոց ձորը մտնում է Սյունիք աշխարհի մեջ, որն այս օրերին փորձում են մեզանից խլել։ Նա այդ մասին լռում էր։ Դա շատ լավ գիտեին նաև գինեսերները, բայց դա նրանց բոլորովին չէր ու չի հետաքրքրում։

Չի հետաքրքրում նաև այն, որ Դեմիրճյան-Պռոշյան խաչմերուկում և գրեթե ամենուր փորձում են «ջարդել» նույն այդ Սյունիքը պաշտպանելու ելած աղջիկ երեխաներից մինչև 70-80 տարեկան ծերերին։ Այդ ինքնաներշնչված «էլիտան» եկել էր իր քիմքին հարիր գինի խմելու։ Նրան այլ բան, առավել ևս հայրենիքը, չէր հուզում։ Ժանտախտը, որ կործանման եզրին է հասցրել այս երկիրը, սրանց բերել էր խրախճանքի, որպեսզի այս թշվառները նախ մի կուշտ գինի խմեն (աշխարհում մեռնել կա), իսկ հետոյի համար կարողանան մարդաշատ միջավայրում ասել, թե․ «Արցախի Կատարոյի գինին էն չի, ոնց որ տտիպությունը մի քիչ շատ ա, հլը թող Հայաստանում արտադրվածը ըլնի, կհասկանանք՝ ինչ ա», կամ էլ «Տուշպան առաջվանը չի, ոնց որ արոմատը կորցրած լինի»։

Թե չէ հայրենիք, Արցախ, պետականություն․․․ Նայում ես՝ աչքերը գինու բաժակի մեջ են, միտքն էլ էն է, որ մի քիչ ավել լցնի, ու մեկ անգամ ևս համոզվում ես, որ սրանց հայրենիքը գինու շիշն է, փողը, ավտոն, սիրուն տունն ու ամենակարևորը՝ ստամոքսը։ Ի՞նչ Հայաստան, ի՞նչ պետականություն։ Ամենևին։ Քանի Քոչարյանի, Սերժի, Րաֆֆի Հովհաննիսյանի, Վազգեն Մանուկյանի, Եվրոպայի ու Ռուսաստանի կողմնակիցները, հանուն այդ հայրենիքի, հրապարակներում են, իրենք՝ ինտիլիգենտ էս թշվառները, հրապարակներ ոտք դնողը չեն։ Սա էլ սրանց «սկզբունքն է»։

Իսկ գինու փառատոն կազմակերպողները, որ գինեսերներից լավը չեն, բայց «ազգային ավանդույթների պաշտպանի ու զարգացնողի դեր են ստանձնել», հաստատ գիտեն, որ գինին պատրաստում են խաղողից, որը քաղվում է սեպտեմբերի վերջին, հոկտեմբերի կեսերին։ Դրանից հետո հնձանում ողկույզը ջարդում են, թողնում, որ մաճառ դառնա, հետո հասունանա գինու։ Հայերը գինարբուքը սկսում էին ձմեռնամուտին, ոչ թե հունիսի 3-ին, երբ խաղողը նոր միայն ծաղկում է, իսկ իրենք էլ ասֆալտի վրա գինու փառատոն են կազմակերպում։ Եվ ի վերջո ամենակարևորը․ սրանք իրենց սոցիալական ստատուսով ու բարոյահոգեբանական կերտվածքով գինու մշակույթից շատ հեռու են, սրանցը առավելագույնը խուժան արաղի մշակույթն է, ու որքան էլ որ անունը գինու փառատոն է, իրականում ամեն ինչ արվում է ցածր գրադուսի խուժան արաղի, ժողովրդի լեզվով ասած՝ գյանդավի մակարդակով։

Սրանք դրան համապատասխան հոգեկերտվածքի ու մշակույթի կրողներ են, ոչ ավելին։