Երևան +10°
copy image url
Ներքին Արտաքին Միտք 2 շաբաթ առաջ - 20:30 29-04-2024

Խնդիրը Երևանում է․ ինչ անել, որ Տավուշի պայքարը չձախողվի

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Դեռևս ապրիլի 19-ին հայնտի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը համաձայնել է կատարել Բաքվի հերթական պահանջը և հանձնել Տավուշի մարզի 4 ոչ անկլավային գյուղերը։ Մինչ իշխանությունները և վերջիններիս քարոզիչներն այս զիջումը փորձում են ներկայացնել որպես մեծ ձեռքբերում, հանրության գիտակից հատվածը հասկանում է, որ գյուղերի հանձնումից հետո Տավուշի մարզի անվտանգային ճարտարապետությունը պարզապես փլուզվելու է։

Այս օրերին Տավուշի բնակիչները ոտքի են կանգել՝ նպատակ ունենալով վիժեցնել գյուղերի հանձնումը։ Տավուշցիներին են միացել նաև բազմաթիվ հասարակական ու քաղաքական գործիչներ, ովքեր կարևորում են տեղում ապակենտրոն գործողությունների իրականացումը՝ կարծելով, որ նման կերպ հնարավոր կլինի հասնել հաջողության, և ոչ միայն գյուղերի հանձնում կասեցնել, այլև հեռացնել իշխանությունից հեռացնել Նիկոլ Փաշինյանին ու իր գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։

Տավուշում ծավալվող ապակենտրոն պայքարն այս պահի դրությամբ կարելի է հաջողված համարել, քանի որ ոստիկանական ուժերին չի հաջողվում կոտրել բնակիչների դիմադրությունը, իսկ իշխանությունները չեն կարողանում ավարտին հասցնել գյուղերի հանձնման գործընթացը։ Միևնույն ժամանակ իշխանությունները կարծես այլևս չեն տիրապետում իրավիճակին, ինչի վկայությունը ոստիկանական աննախադեպ բռնություններն են, որոնց հետևանքով օրերս մարմնական վնասվածք էր ստացել նաև Oragir.News-ի լրագրող Անի Ներկարարյանը։

Չնայած Տավուշում անցկացվող ապակենտրոն և ապաքաղաքական ցույցերը չափազանց կարևոր նշանակություն ունեն, ամեն դեպքում չափազանց կարևոր է, որ դրանք կապիտալիզացվեն Երևանում և հանգեցնեն քաղաքական կոնկրետ զարգացումների։ Որքան էլ տավուշցիներին աջակցելն ու տեղում բողոքի ակցիաներ իրականացնելը կարևոր է, քաղաքական խնդիրը Երևանում է՝ Հայաստանի Հանրապետության կառավարության շենքում, որտեղ էլ այն պետք է հանգուցալուծվի։

Այս համատեքստում պետք է արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ, որին ենթարկվում ու աջակցում են երկրի բոլոր ուժային կառույցները, ոչ մի քաղաքական ուժ ի զորու չէ միայնակ պայքարել։ Ուժայինների աջակցությունից բացի Նիկոլ Փաշինյանին սատարում են նաև իշխանությանը կից գործող քարոզիչների խմբերը, ովքեր այս օրերին լրատվամիջոցների տաղավարներից չեն հեռանում՝ փորձելով հանրությանը համոզել, որ Տավուշի գյուղերի հանձնումն այլընտրանք չունի, իսկ այս որոշմանը դեմ պայքարողները վայելում են Մոսկվայի անվերապահ աջակցությունը։

Կարծում ենք, որ ստեղծված իրավիճակում բոլոր քաղաքական ուժերը, ովքեր իսկապես ցանկանում են, որ Հայաստանի Հանրապետությունն ազատվի Փաշինյանի իշխանությունից և ստեղծված աղետալի իրավիճակը հաղթահարելու հնարավորություն ունենա, պետք է մի կողմ թողնեն բոլոր ներքին տարաձայնությունները, համախմբվեն և իրենց բոլոր ռեսուրսներն օգտագործեն՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունից ազատվելու համար։ Այլ կերպ ասած ընդդիմադիրները պետք է պայքարեն ոչ թե իշխանության գալու, այլ նախևառաջ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար, քանի որ հակառակ դեպքում վերջինս հերթական անգամ կխաղարի ընդդիմադիրների ներքին տարաձայնությունները, կկարողանա պահպանել սեփական իշխանությունը, իսկ հանրությունը հուսահատության մեջ կընկնի։

Բացի այդ, ընդդիմադիր քաղաքական ուժերը հանրությանը պետք է հստակ ծրագիր ներկայացնեն, թե իշխանության գալու պարագայում ինչ քայլեր են պատրաստվում իրագործել Տավուշի գյուղերի, անվտանգային մյուս խնդիրների, «Զանգեզուրի միջանցքի» և բազմաթիվ այլ հարցերում, որպեսզի հանրության մոտ հերթական անգամ տպավորություն չստեղծվի, թե սա պարզապես աթոռակռիվ է՝ իշխանության գալու համար։ Իշխանամետ քարոզիչներն ակտիվորեն լծվել են նաև այս թեզի տարածմանը՝ հանրությանը վստահեցնելով, որ ընդդիմության պայքարը ոչ թե հայրենիքի փրկության, այլ իշխանության գալու համար է։

Սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումը նույնպես հանրության համար չափազանց զգայուն խնդիր է, որի վերաբերյալ ընդդիմությունը պետք է իր պատկերացումները ներկայացնի։ Չնայած ներկայիս իրավիճակում առաջնայինն անվտանգային խնդիրներն են, այնուամենայնիվ հանրության մի ստվար զանգվածի համար էլ չափազանց կարևոր է իր կենսապայմանների բարելավումը, ուստի եթե այս ուղղությամբ քաղաքական ուժերի կողմից գործողությունների կոնկերտ և ամենակարևորը իրատեսական ծրագիր ներկայացվի, ապա Փաշինյանին հեռացնելու շանսերը շեշտակի կաճեն։

Այսպիսով՝ անհրաժեշտ է Տավուշում տեղի ունեցող բողոքի ակցիաները կապիտալիզացնել հանրապետության ողջ տարածքում, նախևառաջ Երևանում, որտեղ այս պահի դրությամբ շոշափելի քայլեր չեն ձեռնարկվել։ Ի վերջո Նիկոլ Փաշինյանի հեռացման, նոր իշխանության ձևավորման, ինչպես նաև Տավուշի ու մյուս բնակավայրերի խնդիրը լուծվելու է Երևանում, ուստի մայրաքաղաքում նույնպես պետք է լայնածավալ բողոքի ակցիաներ նախաձեռնել և ամեն գնով թուլացնել իշխանությունների դիմադրությունը, որոնց միակ հենարանը մնացել են ուժայինները։

Ընդդիմության կողմից հաջողելու լավագույն ճանապարհն այն կլինի, եթե վերջինիս անդամները երաշխավորեն, որ Փաշինյանի հեռացումից հետո կձևավորվի վերկուսակցական, տեխնոկրատ՝ բացառապես բոլոր ոլորտների պրոֆեսիոնալներից բաղկացած կառավարություն։ Նման կառավարությունը հաջողելու անհամեմատ ավելի մեծ շանսեր կունենա, իսկ արդեն որոշ ժամանակ անց ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն ու հանրությունը նոր իշխանություն կձևավորի։

Եթե ընդդիմությունը չկենտրոնանա վերոհիշյալ խնդիրների ուղղությամբ և միասնական պայքար ծավալելու փոխարեն կարևորի բացառապես վարչապետի պաշտոնում սեփական թեկնածուի ընտրությունը, ապա տավուշցիների պայքարը կվերածվի հերթական դիմադրության շարժման, իսկ Նիկոլ Փաշինյանը ոչ միանը կպահպանի իր իշխանությունը, այլև առիթը բաց չի թողնի հայտարարելու, որ ինքը վայելում է հանրության ճնշող մեծամասնության աջակությունը և մարդիկ դեմ չեն իր կողմից կատարվող զիջումներին։