Երևան +18°
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 21:41 27-05-2022

Կառավարի՛ր խաղաղությամբ…

Հայկական թասի՜բ, հայի արժանապատվությո՜ւն, հպարտ քաղաքացի՜…

Հայ-հա՜ա՜յ… Ա՛յ տա․ կասեր հայկական սիրված կինոֆիլմի հերոսներից մեկը, տեսնես ով(քե՞ր) են սրանք սահմանել, հը՞… Եթե այս սահմանումներն իրականում կան, իրականում գործում են ու չափելի են, ապա ինչո՞ւ է Հայաստանը զավեշտական պատմության մեջ հիշատակվող Մոնղոլիայի նման անկախ, ումից ոչինչ էլ կախված չէ, կամ էլ, ասենք, Աֆղանստանի նման չեզոք, որը չի խառնվում անգամ իր ներքին գործերին… Եթե այդ սահմանումները գործում են ու մենք նրանց իսկապես տեր ենք, ապա ինչու է հեռուստահաղորդումներում ծավալվող հանրային դիսկուրսներում (հիմնականում ռուսական հեռուստաալիքներով հեռարձակվող) Հայաստանի ունեցած վարկն ու կշիռը մշտապես զրոյացվում: Ինչո՞ւ են Հայաստանի ներկային ու ապագային վերաբերող հարցերը մշտապես ուրիշները (հասկանալ՝ Պուտինը, Բայդենն ու Ժան Միշելը) որոշում: Ստացվում է, որ անզուսպ ցանկության դեպքում անգամ, մենք չենք էլ կարող իմանալ՝ մեր քո՞ւնն է տանում, թե՞ անոթի ենք… Այդ դեպքում ի՞նչ պիտի անենք մենք ու ինչպես պահենք մեզ:

Տրամաբանությունը հուշում է, որ եթե արտաքին «ֆրոնտում» մենք անելիք չունենք մեր «կարճահասակության» պատճառով, ապա պիտի հետաքրքրությունների վեկտորը փոխենք դեպի ներքին կյանք: Ենթադրաբար՝ համապետական նշանակության ամեն ինչ պիտի ծառայեցվի հենց այդ նպատակին: Եթե սկսելու է այս տրամաբանությունը գործել, ապա մեզ մոտ ամեն ինչ հնարավոր է էապես փոխվի, դառնա ավելի պարզ ու հասկանալի: Ընտրատեղամասերն, օրինակ, կարող են վերածվել յուօրինակ պոդիումների, որոնցում անցկացվելիք շարաերթերում (դեֆիլեներում) էլ կհայտնաբերվեն «ազգընտիրները»: Ընտրություններ կոչվող համապետական միջոցառման ընթացքում էլ, հաշվի առնելով նախընթաց փորձն ու հայկական «դրվածքը», կկարևորվեն ոչ թե շարային երթով պոդիումով անցնող թեկնածուների կողմից ներկայացվելիք ծրագրերի բովանդակությունն ու երկրի ապագային վերաբերող տեսլականները, այլ բեմահարթակում հայտնվածների արտաքին հմայքն ու աչքաբացության աստիճանը…

Ասում են՝ հանրային որոշակի շրջանակներում ընթացող քննարկումների ժամանակ կարծիք է հնչել, որ ազգընտիրների իդեալական կազմ ունենալուն մեծապես կարող է նպաստել ազգային առանձնահատկությունների կարևորումն ու նրանց ներմուծումը համապետական գործընթաց:

Ստորև անդրադառնամ այդ առաջարկներից մեկին, որում, ըստ իս, կա տրամաբանության մեծ չափաբաժին: Առաջարկի հիմքում ընկած է հայերիս կողմից ընդունված դիապաշտության կարևորման գործոնը: Հուղարկավորության օրթոդոքսալ կարգ, «ցավից» գլուխները կորցրած մեքենաների խուռներամ հոսք ու «կորստյան ցավն» առարկայացնող ազդանշանային լալագին կաղկանձ, սևազգեստ թամադաներ, թաղման «օրգանական» շարունակություն քելեխի բարեգործական էությունը արժանվույնս գնահատողներ, կարտոֆիլախառն խաշլամայի հրամցման ճշգրիտ պահ… Ընդհանուր ցավ, «ամոքիչների» կայացած ինստիտուտ, տրտմած օջախ, ընտանիք, հայկական բակ, Հայոց աշխարհ... «Մի տնից չենք, նույն հալից ենք» ընկալման կոնստատացում ու «խորքային» ըմբռնում…

Եթե ասվածին հավելվի նաև անցավորների հանդեպ հայկական առածանիներում թևավոր խոսքերի միջոցով անմահացված մեր վերաբերմունքը, ամեն ինչ առավել քան հասկանալի կդառնա: Թերևս գաղտնիք չէ, որ մենք՝ հայերս, ողջերից առավել մեռածներին ենք սիրում. «Գնա մեռի, արի՝ սիրեմ…» , «Անցավորների ետևից կամ լավ, կամ՝ ոչինչ… »: Ոչ ոք թերևս չառարկի, որ հանգուցյալների հարազատները նույն այդ հանգուցյալների շիրմաքարերի կանգնեցման համար անհրաժեշտ գումարները երբեք չեն տրամադրել ու երբեք չեն էլ տրամադրի, ասենք, հանգուցյալի շնորհալի թոռնիկների ուսման ծախսերը հոգալուն: Հայաստանում, ինչպես միշտ, հանրային կշտամբանքից ունեցած վախն ու ամոթն են հաղթել կյանքի շարունակականության էությունը գիտակցող առողջ բանականությանը: Ինչևէ: Ունենք այն, ինչ ունենք…Մենք մեզնից հեռու փախչել չենք կարող: Իսկ եթե այդպես է, ապա թերևս իրավացի են ընտրական գործընթացում «նոու հաու» կիրառելու կողմնակիցները, որոնք առավել քան համոզված են, որ կիրառվելիք մեթոդը ունենալու է լակմուսի թղթի նշանակություն: Վկայաբերելով վերոբերյալ թևավոր խոսքերում բարձրաձայնված ճշմարտությունը, նրանք նաև վստահեցնում են, որ իդեալական ղեկավար կազմ ունենալու համար պետք է ստեղծվի իդեալականին մոտ մահախոսականի կաղապար: Մահախոսականում շարադրված դիֆերամբներին թեկնածուների առավելագույնս համապատասխանությամբ էլ կընտրվի լավագույնը (լինի դա նախագահ, վարչապետ, թե պատգամավոր) …

Հանճարեղ է, այնպես, չէ՞…