Միտք Ներքին 4 տարի առաջ - 10:10 27-05-2022

Ապագայի երթը կորցնելու բոլոր պատճառները, մեղադրանքներն ու արդարացումներն առկա են

Հասարակությունը մասնատված է ամենաքիչը կամ խոշոր հաշվով՝ հինգ տարբեր քաղաքական հոսանքների միջև՝ լևոնականներ, քոչարյանականներ, սերժականներ, նիկոլականներ և ի վերջո հիգերորդը՝ մի ստվար խումբ, որ մերժում է բոլորին:

Այդ վերջինին՝ հինգերորդին, ոչ այնքան բարեհաճ շեշտադրությամբ անվանում ենք անտարբերներ կամ չեզոքներ: Սակայն դրանք՝ բոլորը, տարբեր թե անտարբեր, սեփական կամքով կամ անկախ իրենց կամքից, ընդգրկված են սևերի ու սպիտակների, հեղափոխականների ու հակահեղափոխականների դեմ առ դեմ կանգնած բանակներում: Հետևաբար մեր երկիրը խրամատ է, ավելի շուտ՝ խրամափոսեր, և մենք մեկս մյուսի վրա ենք կրակում՝ առանց խտրության և խնայելու: Մեր հոբբին, ամենօրյա զբաղմունքը, որից կախվածություն ունենք, միմյանց հոշոտելու մոլուցքն է:

Նման քաոսային ու անուղեծիր շրջապտույտում գուցե դասագրքային ճշմարտություն է՝ պետություն և պետականություն կորցնելու բոլոր պատճառները, մեղադրանքներն ու արդարացումներն առկա են: Մեզանից ոչ մեկը, եթե խելագար չէ, չի ուզում այդ սոսկալի իրականության մեջ հայտնվել: Եվ մեզանից յուրաքանչյուրը փորձում է իր ձևով, իր իմացած միակ ճշմարտությամբ փրկել, կանխել կամ գոնե առկախել նման իրավիճակը, արհավիրքը: Մեկն աղմկելով, մյուսը՝ լռությամբ, երրորդը՝ պայքարի իր համոզված ու անառարկելի միջոցով, մյուսը՝ անտարբեր ձևանալով: Ամեն մեկս յուրովի իր ճիշտն ունի, բայց մենք չունենք ճշմարտություն, մեզ փրկելու ճշմարտությունը՝ մեկը, որ մերն է: Իրականում այդ փրկությամբ սպանում ենք մեզ, շտապեցնում օրհասը մեր կործանման:

Հայրենիքի մասը կամ ամբողջը, պետականություն, պատմություն ու ապագայի երթը կորցնելու համար հատուկ սահմանումներ չկան, բայց կան սահմանված վարքագծեր, որոնց մոլորելու դեպքում դադարում է վարքագրությունը: Ապրել-չապրելու բարակ գիծն է, որ երբեք չպետք է աղոտել՝ շփոթելով դրանց տեղերը: Իրականում բոլորս նայում ենք ինչպես ֆիլմ կամ այդ ֆիլմի հերոսներն ենք, թե ինչպես է կորստյան մատնվում մեր բաժին հայրենիքը: Իսկ մեզանից ով ձեռքը մեկնում է փրկելու, մյուսը չի հավատում այդ ձեռքին և չի վստահում փրկվելու համար իրեն մեկնած ձեռքին: Այդպես մեր բոլորի ձեռքերը օդում կախված են մնում, իսկ հայրենիքը հողի վրա է, և այդ հողը գնում է:


Ամենից շատ դիտված

10:52 Գեղարքունիքի մարզում 2-րդ դասարանի աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվել
20:01 Վանաձորում 25-ամյա վարորդը Ford-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել է․
11:58 Մոսկվայի մարզում հայտնել են անօդաչուների զանգվածային հարձակման մասին
20:37 Ենթադրենք՝ իրենց ասենք՝ գերիներից մեկին մեզ տվեք, որ էս զինվորին տանք, վաղը որ մեզնից զինվոր անցնի, բա մենք ո՞ւմ ենք տալու
13:18 Երևանում և մարզերում առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում
11:40 Մեկ շաբաթում պարեկները Երևանում և մարզերում արձանագրել են ավելի քան 26 հազար խախտում
21:07 Դեռ փաստ չէ՝ ադրբեջանցի զինվորը ուզե՞լ է անցնել Հայաստան, թե՞ մոլորվել է. Նիկոլ Փաշինյան
09:48 Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմում ԱՄՆ հաղթանակի համար «փոքր գին» կլինի Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի ոչնչացումը
12:13 Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Ոսկեվազի դաշտերում. կան վիրավորներ
16:18 Ոտքը կորցնելու վտանգ չկա. ԲԿ-ն հերքում է լուրերը, հարազատները՝ ահազանգում. ինչ է թաքցնում հիվանդանոցը