Մշակույթ Ավելին 4 տարի առաջ - 21:04 22-05-2022

Արվեստի մեջ քթածակ պիտի ունենալ...

Այսօր ֆրանսահայ մեծ երգիչ, շանսոնիե, երգահան, բանաստեղծ, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է։

«Արվեստի մեջ քթածակ է պետք ունենալ»,- ասում է մեծն Շառլ Ազնավուրը ու իր հուշերում պատմում, թե ինչպես ու ում նախաձեռնությամբ փոխեց իր հայկական քիթը։

«Էդիթ Պիաֆի ընկերուհիներից մեկը` անունը Ռեն, Նյու Յորքում ուներ մի պատկերասրահ և... վերին Բելվիլի ահավոր առոգանություն։ Նրա հետ մի բաժակ բան էինք խմում, երբ հանկարծ սևեռուն նայեց ինձ ու ասաց.

«Գիտես, սիրուն աչքեր ունես, բայց լավ կլինի քիթդ փոխես»։ Էդիթն իր հերթին զննեց ու հավանություն տվեց։

Բայց ի՞նչ էր պատահել իմ քթին, կտուցին, դնչին, պնչին, սապատին, մասնավոր ի՞նչ ուներ դա։ Եթե այն ինձ չէր խանգարում, ինչո՞վ էր խանգարում ուրիշներին։ Դա իմն էր իմ սեփական քիթը, վերջակետ ու վերջ։ Վերին մասում մի քիչ փոս ընկած, մի քիչ առաջ ցցված, մի քիչ փակում էր դեմքս, մարդկաnց խանգարում տեսնել, որ երբեմն ժպտում եմ, գուցե թե հասակիս համեմատ մի քիչ խոշոր, սակայն խիստ օգտակար էր բազում պետքերի համար` ասենք հոտոտել օդը, բույրերը, խոհանոցի բուրմունքները... Այն ուրիշ էր այո ու ինձ անհատականություն էր հաղորդում։ Այն Սիրանոյի քիթը չէր, ոչ էլ Պինոքիոյի կամ Կլեոպատրայի, այն իմն էր ու մերոնց քիթը, ոչ հրեայի, ոչ բուրբոնի, այլ հայկական քիթ։

«Ես մի վիրաբույժ գիտեմ, որ հրաշքներ է գործում,- վերսկսեց Ռենը։ Դա մի կարգին իդիշ է, ոնց որ ես, և չնայած շատ է փնտրված, վստահ եմ , որ մերոնքականի համար, գին կգցի»։

«Սակայն, ես հրեա չեմ»,- պատասխանեցի նրան։ Մի պահ զարմացած նա ավելացրեց. « Դրա մասին դու մի ասա նրան, վերջիվերջո շալվարիդ մեջ չի վիրահատություն անելու»։
«Ասենք թե մեկ է, միջոց չունեմ»։
«Կարիերայիս համար դա լավ բան կլինի,- միջամտեց էդիթը։- Հետո էլ ես եմ վճարում քթիդ համար»։

Ժամադրություն վերցրեցի հրաշագործ Իրվինգ Գոլդմանի մոտ, որն ինձ ներկայացրեց Հոլիվուդի աստղերի նկարների մի ալբոմ` վիրահատությունից առաջ և հետո, այնուհետև հաջորդ շաբաթվա համար ժամադրություն նշանակեց կլինիկաններից մեկում։ Վիրահատության նախօրյակին, «Վերսալում» հավաքվել էինք ֆրանսիական մի ռեստորանում, մեկ էլ գիշերվա կեսին, եր արդեն լավ խմել էինք, Էդիթը հանկարծ ողբ կապեց` ասելով. «Ինչ իմանաս, գուցե՞ սխալվում ենք։ Չէ՞ որ քիթդ երբեք քեզ չի խանգարել, որ աղջիկները հավանեն քեզ... Ես, բոլոր դեպքերում, քեզ սիրում եմ, ինչպես կաս»։

Իսկապես, կասկածի պահը չէր, մի քանի ժամից մտնելու էի վիրահատարան։ Բավական խռովված, այնուամենայնիվ գնացի հավելուկս վստահելու սքանչագործ վիրաբույժի ձեռքերին և հաջորդ օրը դուրս եկա կլինիկայից, վիրակապը քթիս, որը կարող էի տպավորություն թողնել, թե կռիվ եմ արել... Մի քանի օր անց, վիրակապով բարդված, միայնակ Փարիզ գնացի։

Պայմանավորվել էինք, որ վերադարձին պետք է գնայի Էդիթին դիմավորելու։ Երկու շաբաթ հետո, օդանավակայանում խառնված էի ընկերների, երկրպագուների, լուսնակարիչների ամբոխին։ Իզուր էի ջանում Էդիթի դիմաց հայտնվել, նա իսկույն շուռ էր գալիս մեջքով։ Չափազանց ջղայնացած իմ համառությունից, լսեցի, թե ինչպես է ասում ընկերներին.

«էս ճիճուն ո՞վ է, որ շուրջս է պտտվում»։
«Ես եմ»,- պատասխանեցի։

Նա նայեց ինձ, հետո պոռթկաց իր ամեհի քրքիջով. «Եթե ձայնդ չլսեի, երբեք չէի ճանաչի»։

Այդ պարզ գործողությունը փոխեց իմ կյանքը։ Ես խիստ գոհ մնացի այդ անդամահատությունից, որը զգալիորեն փոխելով կիսադեմս, ինձ թույլ տվեց մտածել, թե կարող եմ վերջապես ուրիշների համար գրածս սիրային երգերից մի քանիսը ինքս կատարել»։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

14:55 Մանվել Սարիբեկյանը մոլորվել ու հայտնվել էր Ադրբեջանում. նրան ներկայացրել էին՝ որպես դիվերսանտ, խոշտանգել, սպանել
14:34 Փաշինյանի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման ռիսկի պատճառով հանձնաժողով է ստեղծվել
17:59 Ժամերով հերթ ենք կանգնում, բժիշկներն էլ քմահաճույքով են աշխատում․ ահազանգ
15:53 Շիրակի մարզում «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել. վարորդը տեղում մահացել է
18:46 Թագադրվելուց կարճ ժամանակ անց՝ ողբերգական մահ․ ռոդեոյի 22-ամյա թագուհուն հարվածել է կայծակը
18:19 Երևանում՝ «MG» սուպերմարկետի մոտ, հրդեհ է բռնկվել վագոն-տնակում․ այն վերածվել է մոխրակույտի
19:42 Երևանում ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ Bentley-ում հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
11:49 Արտարժույթի շուկայի այսօրվա պատկերը․ դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները