Երևան +21°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:42 08-04-2023

Ներկա իշխանությունները կա՛մ պիտի շարժվեն ժողովրդի ցանկությամբ, կա՛մ պիտի հեռանան, այլ տարբերակ չունեն

Քաղաքական գործունեությամբ զբաղվելով՝ մենք երբեմն հայտնվում ենք փակուղում, երբ հասարակությունը քայլեր չի անում։ Արցախում կանանց մասնակցությամբ ակցիան այն դեպքն է, երբ ցուցադրվեց, որ Արցախում չկան քաղաքական կամ հանրային առանձին դաշտեր։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

«Սթափ քաղաքական ուժերը և հանրությունը նույն կերպ են մտածում։ Այսինքն, բոլորի քայլերը միտված են փոխելու իրավիճակը և ունենալ արժանապատիվ խաղաղություն։ Բոլորը ցանկանում են դուրս մնալ կեղծ օրակարգերից, որոնք, ցավոք սրտի, հայկական երկու պետությունների իշխանությունները հրամցնում են մեր հասարակությանը»,- ասաց նա։

Պատգամավորը շեշտեց, որ հատկապես Արցախում աննկարագրելի կարևորվում է կանանց դերը։ Դա, ըստ նրա, առավել ակնհայտ էր 1990-ականների իրադարձությունների ժամանակ։ «Այդ տարիներին՝ պատերազմի հաղթական ավարտից հետո, բոլորը, նույնիսկ հերոսները նշում են, որ եթե չլիներին հայ կանայք, չլիներ նրանց տոկունությունը և հաստատակամությունը, ամուսնու, եղբոր կամ որդու թիկունքին կանգնելու ուժը, ապա չէինք ունենալու հաղթանակ՝ դա միանշանակ է»,- ասաց նա։

Ըստ մեր զրուցակցի՝ 30 տարի անց էլ, այս մտածողության առումով որևէ բան չի փոխվել։ «Ինչքան էլ, ինչ-որ տեղ նաև մի փոքր շեղել ու թմրեցրել են, բայց դա ոչնչացնել ու վերացնել չի ստացվել։ Սա առաջին դեպքը չէ, երբ կանայք, մայրերը, մանկահասակ երեխաների հետ նման ակցիաներ են իրականացնում։ Նախ՝ սա շատ կարևոր է, որ որպեսզի Հայաստանում մեր հայրենակիցները, կանայք տեսնեն, որ ինչքան էլ դժվար է իրավիճակը, ինչքան էլ մենք ազատ չենք նույնիսկ մեր պայքարի ու հանրային գործունեության, նույնիսկ փողոց դուրս գալու և որևէ ակցիա իրականացնելու հարցում, միևնույն է՝ կանայք գնում են այդ քայլին և, նախ մեր հայրենակիցներին են ուզում անընդհատ հիշեցնել, որ մենք մեկ ենք ու միասնական ենք»,- ասաց նա։

Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ 1988 թվականի Արցախյան շարժումից 35 տարի անց էլ այդ տարիների գաղափարախոսության մեջ միասնականության գաղափարախոսությունը շարունակում է առաջնային մնալ։

«Ինչպես 1988 թվականին մեր նպատակը եղել է միացումը մեր մայր Հայաստանին, այնպես էլ մնացել է։ Այսինքն, մեր 30 տարիների ընթացքում տարվող պայքարի համար զոհվածները զոհվել են հանուն այդ գաղափարի։ Երեկ ակցիա իրականացրած կանայք ևս մեկ անգամ հիշեցրին, որ որևէ բան չի փոխվել և մեր երազանքն ու նպատակը շարունակում է մնալ մեկ մեծ մայր Հայաստան ունենալը, որտեղ Արցախն ու Հայաստանը պարտադիր միասին կլինեն»,- ասաց նա։

Այս առումով, ըստ արցախցի մեր հայրենակցի, երեկվա ակցիան շատ կարևոր էր նաև միջազգային հանրությանը կարևորագույն գաղափարները փոխանցելու առումով։ «Դրանով քայլ արվեց ցուցադրելու, որ մենք կանք, որ մենք այստեղ ենք, գիտակցում ենք, որ չենք ապրում անվտանգ հայրենիքում, բայց մենք չենք էլ պատրաստվում լքել մեր վտանգված հայրենիքը։ ՄԵնք ուզում ենք մեր երեխաներին մեծացնել այստեղ, բայց ոչ այնպես, ինչպես այս վերջին մի քանի տարվա ընթացքում, այլ ամեն բան անելու ենք՝ հաստատելու համար արժանապատիվ խաղաղություն։ Հույս ունեմ, որ այդ հանրությունը խուլ ու համր չի լինի ու գոնե կանանց ու մայրերի այդ կոչն, ինչ-որ մի տեղ հասանելի կլինի»,- ասաց նա։

Ըստ Մետքասե Հակոբյանի՝ հանրության ոտքի կանգնելուն զուգահեռ, ներկա իշխանությունների գործելաոճը մեզ ստիպում է փնտրել ստեղծված խնդիրների լուծման այլընտրանքային տարբերակներ։

«Այս պահին հիմնական գործը, որ մենք անում ենք՝ քննադատությունն է, բայց մենք որևէ անգամ չենք մտածում, թե ինչ կարող ենք անել՝ բացի քննադատությունից։ Արցախում արդեն որոշ ժամանակ է, ինչ հանրությունն ու սթափ քաղաքական ուժերը և՛ Արցախի, և՛ Հայաստանի իշխանությունների օրակարգից լրիվ դուրս ենք գտնվում։ Մենք գիտակցում ենք, որ մենք պետք է ունենանք այլըտրանքային ծրագրեր և մեխանիզմներ՝ այս իրավիճակից դուրս գալու համար»,- ասաց նա։

Հակոբյանն ասաց, որ այդ այլընտրանքային ծրագրերն ու մեխանիզմներն այս պահի դրությամբ գրեթե պատրաստ են։ «Դրանք այժմ պարզապես իմի են բերվում։ Դրանցով արդեն կսկսվեն նաև մեր քայլերն ու գործողությունները։ Դրան զուգահեռ, մենք աշխատել ենք նաև հանրության հետ։ Ունենալ արդեն ստեղծած դիմադրության օջախներ, որոնք պիտի դիմադրեն ի՛ Արցախի, և՛ Հայաստանի իշխանությունների հակահայկական գործողություններին։ Դրանից հետո միայն մենք կխոսենք պայքարի մասին, որովհետև առանց այդ երկու փուլերի չի կարող լինել պայքար»,- ասաց նա։

Oragir.News-ի զրուցակիցը հավաստիացրեց, որ այդ պայքարի մեթոդներն արդեն իսկ առկա են։ Դրանք, ըստ նրա, հնարավոր է իրագործել հայության միասնականության արդյունքում։ «Այդ միասնականությունն Արցախում արդեն իսկ երևում է։ Հենց այդ միասնությամբ պետք է կառուցվի այն մեխանիզմը, որով պետք է շարժվեն ներկա իշխանությունները։ Նրանք պետք է չունենան այլ տարբերակ՝ կա՛մ նրանք պետք է շարժվեն ժողովրդի ցանկությամբ, կա՛մ պիտի հեռանան»,- ասաց նա։