Երևան +13°
copy image url
Մշակույթ 8 ամիս առաջ - 21:58 15-08-2023

Դու պիտի գաս, և դու պիտի բերես մեր երգը․ այսօր Սիամանթոյի ծննդյան օրն է

«Քերթողահա՛յր, Դու չկաս, բայց գիտեմ, կը հավատամ, որ Դու պիտի գաս, պիտի երևիս մեր բաց աչքերուն առջև` մրրկածուփ քնարը Քու դողդոջյուն ձեռքերուդ մեջ:

Ես կըսեմ ինքնիրենս. եթե Սիամանթոն չպիտի գա իր իսկ կերպարանքով, իր իսկ հասակով, իր իսկ խորացած մանկությամբ, բայց պիտի գա Մեկը, որ անոր Քնարը պիտի բերե իր հետ, անոր սարսափները, զարհուրանքն ու հույսերը: Ես կը հավատամ, որ դու կաս և պիտի հառնես, որովհետև մեր վեհագույն Վիշտը կա:

Մենք լուռ և անկառույց կսպասենք Սիամանթոն, հա´յր: Մենք չենք ուզեր լսել ուրիշ երգեր, մեր աղոթքները և մեր ապշահար ունկնդրությունը չենք շռայլեր ցավագին քնարներու: Մենք կսպասենք, որ Սամանոթոն գա և երգե»,- գրել է Վահան Թոթովենցը Սիամանթոյին նվիրված իր դիմանկարում:

Մահին հաղթեց Սիամանթոն՝ նախ հաղթեց դարի հիվանդությանը՝ թոքախտը հաղթահարելով, հետո հաղթեց իր հավերժությամբ։ Սիամանթոն դարձավ բոլորինս իր անկրկնելի պոեզիայով՝ հոգեվարքի նոտաներից բարձրանալով մինչև վրեժ և հայրենի հրավեր։

Այսօր արևմտահայ եղեռնազարկ բանաստեղծ Ատոմ Յարճանյանի՝ Սիամանթոյի ծննդյան օրն է։



Նրան Սիամանթո է կոչել հայրենի Ակնի Ներսիսյան վարժարանի տեսուչ, մեծ բանահավաք Գարեգին Սրվանձտյանը, երբ Ատոմը քրոջ հետ մասնակցել է Սրվանձտյանի կողմից մշակված քրդական «Սիամանթո և Խջեզարե» ավանդավեպի բեմականացմանը՝ խաղալով Սիամանթոյի դերը։

Նրան զարդարել են «առնական խիզախության փողհար», «նոր շրջանի Նարեկացի», «նոր դարերի մարգարե» պատվանուններով։

«Յարճանյան կերգե սրբազան հուզումը, զոր բռնության դեմ հայ ընդվզումը կազդե մտավորական երազանքներու մեջ գինովցած, բայց և գործել չկրնալեն տառապող իր պատանի հոգիին։ Եվ չեմ գիտեր բան մը ավելի սրտաշարժ, քան այս հիացական ու ցավատանջ կարկառումը երազող հոգվույն դեպի գործին դժնդակ արորին լծված արյունոտ եղբայրներուն դյուցազնական տաժանքը»,- գրել է Արշակ Չոպանյանը։

Ծանր ճանապարհ է անցել Սիամանթոն։ Տակավին երիտասարդ՝ վարակվել էր թոքախտով։ Հիվանդությունը հաղթահարելու համար տեղափոխվում է արևային Փարիզ, սակայն այնտեղ էլ սոցիալական ծանր պայմանների մեջ է հայտնվում։



Շիրվանզադեն իր հուշերում պատմում է Փարիզում ունեցած հանդիպման մասին։

«Մի օր ինձ մոտեցավ մի բավական բարձրահասակ երիտասարդ, 25-27 տարեկան և իր անունը հայտնելով ծանոթացավ ինձ հետ: Անունով այդ երիտասարդը ինձ առաջուց ծանոթ էր և անձամբ տեսնելը մեծ հաճույք էր ինձ համար: Նրա արտաքինը, ձայնը, ձևերը իրապես գրավեցին ինձ, և ես նրան ներկայացրի իմ ռուս բարեկամներին, ասելով.

-Ժամանակակից ամենատաղանդավոր հայ բանաստեղծներից մեկը:

Երիտասարդը շփոթվեց: Բայց նրա խոշոր, պարզագույն աչքերը հոգեկան հաճույքից փայլեցին:

-Ինձ համար թանկ արժե ձեր կարծիքը,- ասաց նա:
Երիտասարդը ռուսերեն չգիտեր, խոսում էր ֆրանսերեն շատ ազատ, թեև ոչ այնքան մաքուր արտասանութեյամբ: Մենք առանձնացանք, և բանաստեղծը սկսեց ոգևորված խոսել Փարիզի մասին:

-Մեր երկրագնդի սիրտն է և ուղեղը,- ասաց նա,- ահ, որքան մեծ է այս աշխարհը գեղարվեստասերի համար և որքան կրթիչ: Եղել եմ ամեն տեղ, դիտել և ուսումնասիրել բոլոր թանգարանները և դեռ երկար, երկար պիտի ուսումնասիրեմ, միայն թե հանգամանքները թույլ տան այստեղ մնալու:

-Անկասկած, նյութական հանգամանքները,- ասացի ես:

-Հարկավ,- ժպտաց երիտասարդը և հառաչեց»:



Հայրենիքում տեղի ունեցողը հանգիստ չէր թողնում Սիամանթոյին։ Ու թեև որոշ ժամանակով կանգ էր առել Թիֆլիսում, եղել նաև Ամերիկայում, անմիջապես վերադառնում է հայրենիք։ Կոտորածների մասին նա շատ բան գիտեր, տարեգրել էր ամենայն մանրամասնությամբ Ադանայի ջարդերը՝ «կարմիր լուրեր» ստանալով սրտակից բարեկամից՝ այդ օրերին իրադարձությունների էպիկենտրոնում գտնվող Զաբել Եսայանից։

Բայց մահվան սառը ձեռքը նաև նրան հասավ․․․
Բանտարկված Սիամանթոն դեռ հույս ուներ, որ Պոլսի երեսփոխաններից մեկի միջոցով պիտի խուսափի պատժից․ ի՜նչ իմանար, որ այս անգամ կոտորածները համընդհանուր էին։ Մահից առաջ մորը՝ Նազելի Յարճանյանին գրել էր․ «Սիրելի՛ մայր իմ
Այսօրվա թղթատարով Պոլիս երեսփոխան Հալաճյան Պետրոս Էֆենդուն մի աղերսագիր ուղարկեցի. անմիջապես եղբայրս տեսնելով այդ մեծահարգ անձնավորության մոտ ուղարկե. հարկ եղած դիմումը թող կատարե և զիս այստեղից մի ժամ առաջ ազատ արձակելու միջոցը գտնե, քանզի աշխարհ գիտե, որ ոչ մի առնչություն չունեմ ոչ քաղաքականությունից և ոչ էլ ուրիշ հանցանքի հետ կապ ունեցող որևէ արարքից, տեղեկություն չունեմ: Մի քիչ հիվանդացա. Անհանգիստ մի լինիք։ Միայն թե Հալաճյան Էֆենդու գնալով դիմումս հետապնդեցեք: Բոլորիդ կբարևեմ»:

Ցավոք, 1915 թվականին նա գտնվում էր այն խմբի մեջ, որին Անկարա քաղաքից ոչ հեռու մի ձորում թուրք խուժանները տանջեցին վայրենաբար` զենքով, բրիչներով, քարերով, կացիններով։ Պատմում են, որ մյուս օրը թուրք բաշիբոզուկները Անկարայի փողոցներում շրջում էին հայ մտավորականների եվրոպական տարազներով։