copy image url
Մշակույթ 2 ամիս առաջ - 19:57 23-02-2024

Դարերի մեջ դու կմնաս որպես Մասիս սարն աներեր․ այսօր հայագետ Կարապետ Մելիք-Օհանջանյանի ծննդյան օրն է

«Ով գեթ մեկ անգամ շփվել է նրա հետ, չի կարող երբեւէ մոռանալ այն լույսը, որը բխում է այս մարդուց, այն պայծառությունը, որ ճառագում է նրանից եւ մասնահատկությունն է Արվեստագետի, ոչ թե սառն ու անհաղորդ Գիտնականի:

․․․․Նրա բազմաթիվ եւ իրարից շատ տարբեր աշակերտները գիտեն, որ ուղղակի, հենց այնպես, հնարավոր չէ նրա մոտ սովորել: Նրա մոտ սովորելու համար հարկավոր է ունենալ որդիական հավատարմություն եւ անսահման նվիրում. ուղղակի աշակետ լինելն անիմաստ է, պետք է նրա որդին դառնալ…»,- իր ուսուցչի՝ Կարապետ Մելիք-Օհանջանյանի մասին ասել բանաստեղծ Պարույր Սևակը:

Այսօր բանասեր, հայագետ-արևելագետ, թարգմանիչ Կարապետ Մելիք-Օհանջանյանի ծննդյան օրն է։



Մեծ է Օհանջանյանի ներդրումը էպոսագիտության ասպարեզում։ Նա մեծանուն հայագետ Մանուկ Աբեղյանի հետ հաջողությամբ իրականացրել է «Սասնա ծռեր» էպոսի գիտական հրատարակությունը` երեք մեծադիր հատոր, որ հայ բանասիրության ծանրակշիռ հիմնաքարն է: Տակավին 1932թ. ալաշկերտցի ասացող Մանուկ Թորոյանից գրի է առել էպոսի մի նոր տարբերակ: Ընդհանուր առմամբ` գրի է առել «Սասնա ծռերի» ութ նոր պատում, ռուսերեն է թարգմանել «Սասնա ծռերի» տասը ընտիր պատում` ընդարձակ ուսումնասիրությամբ եւ հարուստ ծանոթագրություններով: Ոչ միայն թարգմանել, այլեւ խորացել է «Սասնա ծռեր» էպոսի փիլիսոփայության, մարդկային փոխհարաբերությունների, գրական, գեղարվեստական նկարագրության մեջ:

1937 թվականի հուլիսի 25-ին Կարապետ Մելիք-Օհանջանյանին ձերբակալում են իբրև դաշնակցական ընդհատակյա կազմակերպության կենտկոմի անդամ, որն ակտիվ աշխատանք է կատարում խորհրդային կարգերի դեմ զինված ապստամբություն բարձրացնելու, խորհրդային իշխանությունը տապալելու և դաշնակցական ազգային-բուրժուական կառավարությունը վերականգնելու նպատակով։ 1941 թվականին նա դատապարտվել է 5 տարվա ազատազրկման։



Եթե չլինեին հալածանքի, անվստահության այդ անլուր ու մութ տարիները, ով գիտե, թե ինչ նոր մենագրություններ, գիտական բնագրեր ու թարգմանություններ կունենայինք Կարապետ Մելիք-Օհանջանյանի հեղինակությամբ: Նա անցավ չարչարանաց մի ճանապարհ, որ ճաշակեցին Գուրգեն Մահարին, Վաղարշակ Նորենցը եւ շատ ուրիշներ, բայց ի տարբերություն շատ-շատերի` կարողացավ վեհ մնալ, շարունակել մի կյանք, որն իսկապես հայ բանասիրությանը, միջնադարյան մեր գրականությանը նվիրվելու հրաշալի օրինակ է:

Ռուբեն Զարյանը, որ եղել է Մելիք-Օհանջանյանի ուսանողը, հիշում է՝ նա ոչինչ մոտավորապես կամ ի միջի այլոց չգիտեր։ Ինչ գիտեր՝ գիտեր։ Եվ գիտեր հաստատ ու հիմնավոր։ Նրա պատրաստությունը լայն էր, բազմակողմանի։ Կենդանի հանրագիտարան․ ի՞նչ միայն չգիտեր։ Խառնվածքը բեւռն էր, համակրությունների և հակակրությունների մարդ էր։ Եթե չէր սիրում՝ չէր սիրում, արտահայտում էր իր վերաբերմունքը պարզ, որոշակի՝ առանց նայելու դիրքին, պաշտոնին, հեղինակությանը։ Պահում էր իրեն այնպես, ասես կորցնելու ոչինչ չուներ։

Պարույր Սևակն իր սիրելի ուսուցչին բանաստեղծություն է նվիրել․

Դու դեռ արթուն, իմ ուսուցիչ,
Որպես Դավիթն` հայոց պաշտպան,
Եղիշեի քնարն առած`
Կարդում ես դու հայոց մատյան`
Հայոց մատյան ողբերով լի.
Ընդվզումով, գոռ մարտերով` հզորազոր,
Ով ուսուցիչ, հանճարով լի,
Քո աշակերտը քո շնչով է ապրում ցարդ:
Դարերի մեջ դու կմնաս,
Որպես Մասիս սարն աներեր,
Արաքսի պես դաշտն ոռոգող,
Դու հայոց դաշտ պերճ, բարեբեր:
Թե իմ դաշտում անունս մնա,
Կուզեմ քեզ մոտ հանգիստ նիրհել
Ոչ սին փառք ես դու տենչացել,
Այլ սրտեր ես դու ջերմացրել: