Հայաստանի հանրակրթական դպրոցնում իշխանությունները պատրաստվում են թուրքերեն և ադրբեջաներեն ներմուծել։ Այս մասին նշվում է «Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրում»։
Պատմաբան Աշոտ Մելքոնյանը
Oragir.news-ի հետ զրույցում, անդրադառնալով թեմային, ասաց, որ իր կարծիքով՝ սխալ է այդ լեզուների ուսումնասիրությունը դարձնել համատարած։
«Իմ կարծիքը հետևյալն է՝ դրանք պետք է անցնեն մասնագիտական ֆակուլտետներում, տվյալ դեպքում՝ Արևելագիտության ֆակուլտետում, ոչ թե համատարած ադրբեջաներենի և թուրքերենի ուսումնառություն լինի։ Ես նման բան չեմ պատկերացնում, դա ի՞նչ է, այստեղ խոսքը երկրորդ լեզվի մասին չէ, որ համատարած լինի։ Սա անձնական կարծիքն է։ Այդ լեզուները պետք է ուսումնասիրեն մասնագիտական ֆակուլտետներում և ինչու ոչ, նաև հումանիտար թեքումով դպրոցներում»,- ասաց Մելքոնյանը։
ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի դասախոս Գոհար Ներսիսյանի կարծիքով՝ այդ ամենը տանում է թրքացման․
«Ես կարծում եմ, որ դա տանում է թրքացման, պարտված պետության մեջ ի՞նչ թուրքերենի և ադրբեջաներենի ուսուցում։ Այստեղ խնդիրն այն է, որ լուրեր են պտտվում, թե դասավանդողները պետք է այլազգիներ լինեն, և դա է վտանգը։ Իսկ եթե դասավանդողները այլազգիներ չլինեն, և մեր ազգային դաստիարակչական մեթոդները պահպանվեն, լինեն հայ մասնագետներ, պարզ է, որ այդ վտանգը այդքան ակնառու չի լինի։
Ամեն դեպքում, իմ կարծիքը բացասական է այս իրավիճակում, մանավանդ պարտված երկիր լինելով։ Ես կարծում եմ, որ դա վտանգավոր է մեր ազգային ինքնության և գոյության համար, որովհետև ամեն ինչ սկսվում է կրթությունից»,- ասաց Գոհար Ներսիսյանը։
Խոսեցինք նաև հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Հեղինե Ղիմոյանի հետ, որն ասաց, որ դեմ չէ դպրոցներում թշնամու լեզուն ուսումնասիրելուն, բայց այդ դասերը չպետք է ուղեկցվեն ագրեսիայով։
«Առհասարակ, լեզուների իմացությունը ես շատ եմ կարևորում, և ինչպես ասում է ժողովրդական թևավոր խոսքը, «թշնամու լեզուն պետք է իմանալ»։ Ինչո՞ւ ոչ, թող մեր դպրոցներում էլ սովորեն թշնամու լեզուն, ինչպես սովորում են Ադրբեջանում, և առհասարակ, ես ոչ մի լեզվի ուսումնասիրությանը դեմ չեմ։ Բայց կարծում եմ, ճիշտ կլինի, որ դասավանդվի ըստ ցանկության, որովհետև մեր դպրոցներները առանց այդ էլ ծանրաբեռնված են, և շատ դպրոցներում 3-րդ օտար լեզու են ուսումնասիրում, դրա համար լավ կլինի՝ աշակերտները իրենք ընտրեն։
Իհարկե, այդ լեզուների ուսումնասիրությունը չպետք է ագրեսիայով և ազգատյացությամբ ուղեկցվի, ինչպես անում են Ադրբեջանում։ Ես չեմ կարծում, որ այդպես պետք է ընթանա դասապրոցեսը։ Պետք է դրան նայել որպես լեզու և ուսումնասիրել առանց ազգային ոտնահարման, և նրանց արժանապատվությանը ուղղված վիրավորանքների»։
Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, թե տարածաշրջանային երկրների մասով մենք գիտելիքի մեծ բաց ունենք, և այս հարցը պետք է լուծված լիներ շատ ավելի վաղուց, ինքը ուրախ է, որ ռազմավարության նախագծում այդ խնդիրը արդեն դրվել է։