Երևան +17°
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 18:05 18-05-2022

Մի քանի տարի, և թուրքն ամեն ինչ գրավելու է

Երեկ տնտեսագիտության դոկտոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը երկրի այսօրվա տնտեսական վիճակի և 2017թ․-ի միջև համեմատական զուգահեռներ է անցկացրել։ Ըստ նրա՝ այս տարիների ընթացքում երկրի մշտական բնակչությունը պակասել է 12 հազարով՝ 2 մլն 973 հազարից հասելնելով 2 մլն 961 հազարի։ «Մշտական բնակչության թվաքանակի մեջ մտնում են նաև արտագաղթածները, և նշյալ թվերում նրանք կան, չեն հանվել»։ Գիտությունների դոկտորի ներկայացմամբ՝ 2000-2017թթ․-ին երկրում միջինում ծնվել է 40 հազար երեխա, մահացել՝ 25 հազար մարդ։ Վերջին 2 տարիներին հանրապետությունում ծնվում է միջինում 35 հազար երեխա, մահանում՝ 35000-35500 մարդ։ «Վերջին 100 տարիների ընթացքում միայն վերջին երկու տարիներին է, որ բնական աճը բացասական է»,- ասում է նա և շարունակում, որ տարեկան ՀՀ-ում գրանցվում էր 15-17 հազար ամուսնություն։ Ամուսնալուծվում են 3000-3500-ը (20%-ը)։ Հիմա արդեն ամուսնալուծվում են 4500-5000-ը։ Դրանում հսկայական մեծ է հեռուստասերիալների դերը և ընտանեկան բռնությունների դեմ տարվող գերուռճեցված քարոզը, որի սխալ ընկալումն ավելի շատ բացասական հետևանքների է բերում, քան դրական, ու կործանման տանում գաղափարախոսություն չունեցող այս պետությանը։

Պարոն Բագրատյանի ներկայացմամբ՝ վերջին 5 տարիներին աշխատողների թիվը 1 մլն 13 հազարից նվազել է 993 հազարի։ «Մինչդեռ գործող վարչապետը հայտարարում է, որ գրանցված աշխատողների թիվն ավելացել է»։ Ներկայացնում են, որ գործազուրկների թիվը պակասել է։ Այդպես է, բայց ոչ այն պատճառով, որ աշխատատեղեր են բացվել, պարզապես նախկին գործազուրկների մեծ մասը հեռացել է երկրից։ Այդ կերպ արհեստականորեն իջեցնում են գործազրկության մակարդակը։
2018թ․-ին հանրապետությունից արտագաղթել է 5 հազար մարդ, 2019թ․-ին՝ մոտ 7 հազար։ 2020թ․-ին, պայմանավորված քովիդով ու պատերազմով, 42 հազար ներգաղթյալ եղավ։ Անցած տարի՝ 2021թ․-ին, Հայաստանից հեռացել է 74 հազար մարդ։ Այս տարվա առաջին երեք ամիսներին՝ արդեն ավելի քան 8 հազար մարդ։

2018-2021թթ․ ընթացքում եղել է 12․7% գնաճ։ 2013-2017թթ․ գնաճը եղել է ընդամենը 6․3%։ Վերջին 4 տարիներին տնտեսությունն աճել է 11%-ով, տարեկան՝ միջինում 2․7%։ Մինչդեռ վարչախումբը իշխանության գալիս տարեկան 7-9%-ոց աճ էր խոստացել։

Նույն ընթացքում վրացիների ու ազերիների տնտեսություններն աճում են անհամեմատ արագ տեմպերով։ Նրանց ու մեր երկրների բյուջեները արդեն անհամեմատելի են։ Դա նշանակում է, որ մեզ նոր աղետ է սպասում։

Որտե՞ղ է աճել այդ 11%-ը, և ի՞նչ են կարողացել անել այս ընթացքում։ Սրա առյուծի բաժինը խաղերն են, զվարճություններ տողն է, որը 4 տարվա ընթացքում կրկնապատկվել է։ Անցած տարի այս երկրում կատարվել է 7․5 մլրդ դրամի խաղադրույք այն դեպքում, երբ երկրի համախառն ներքին արդյունքն ընդամենը 12 մլրդ դոլար է։ Ավելացել է նաև հանքագործությունը։ Նախկինում սրա արտադրանքը 350 մլրդ դրամ էր, հիմա հասել է 600 մլրդի։ Նախկինում մետաղական հանքաքարն առավելագույնը արդյունահանվում էր 8 մլն տոննա, այս տարիներին արդյունահանվում է 40 մլն տոննա։ Նման արդյունահանման դեպքում առավելագույնը 15-20 տարի, և մոլիբդեն, պղինձ չենք ունենա, կվերջանան։

Ինչ վերաբերում է 11% աճի ֆինանսական կողմին, ապա երկրի պետական պարտքը 3․2 տրիլիոն դրամից հասել է 4․4 տրիլիոն դրամի։ Աճել է 2․5 մլրդ դոլարով։ Նույն ընթացքում մեր ՀՆԱ-ն աճել է ընդամենը 1 տրիլիոն դրամով։ Եթե մենք վերցրել ենք 100 դոլար պարտք, ապա դրա դիմաց մեր տնտեսությունն աճել է ընդամենը 88 դոլարով, ու մենք անընդհատ պարտք ենք մնում։ Անկախ Հայաստանի պատմության ընթացքում նման դրսևորումներ չեն եղել։ Նախկինում եղել է տարի, երբ 100 դոլար պարտքի դիմաց ՀՆԱ-ն աճել է 300 դոլարով։

Այս պայմաններում, որ այդքան տարադրամ է մտել Հայաստան, ԿԲ նախագահը թողնում է, որ դրամն արժևորվի՝ դառնալով 1 դոլարի դիմաց 440։ Սխալ է։ Ավել է եկել մոտ 160 մլն դոլար։ Պետք է այդ գումարը դրվեր շինարարության մեջ, կամ ինչ որ ծրագիր իրականացվեր, աշխատատեղեր ստեղծվեին, ռազմական նպատակներով օգտագործվեր և այլն։

Մենք մեր ունեցած հիմնական տնտեսական ցուցանիշներով աշխարհից հետ ենք 3 անգամ։ Զարգացած աշխարհից հետ ենք 8 անգամ։ Հայաստանն աշխարհի երեսին չաշխատող թարախապալարի է վերածվել։

Ցուցանիշները վատացել են ոչ միայն տնտեսության ոլորտում։ 2017թ․-ին ունեցել ենք 20 հազար իրավախախտում, 2021թ․-ին՝ 30 հազար։ Նույն ընթացքում սպանությունները ավելացել են 30%-ով, մեծ թափով ավելանում են ինքնասպանության դեպքերը։ 7 տարի առաջ մենք ինքնասպանության ցուցանիշներով անհամեմատ լավ էինք վրացիների համեմատ և համարվում էինք ուրախ ժողովուրդ։ Հիմա մենք ինքնասպանությունների մակարդակով գերազանցում ենք այնպիսի դեպրեսիվ երկրների, ինչպիսիք են Լիտվան, Ֆինլանդիան, Հարավային Կորեան։ 10 հազար բնակչի հաշվով մեզանում 22 մարդ է մահանում ավտովթարներից, Գերմանիայում՝ 3 մարդ, Բելառուսում և Ուկրաինայում՝ 10-12 մարդ։ Կհետևի, որ մեզանում այս առումով ինչ-որ բան այն չէ։ Բայց երբևէ այս ու նման հարցերի պետական մակարդակով անդրադարձ, վերլուծություն, քննարկում չկա։ Կնշանակի՝ խնդիր չեն տեսնում։

Այսպես գեղավարի շարժվելով՝ երկիրը ոչ մի տեղ չի գնա։ Մի քանի տարի, և թուրքը ամեն ինչ գրավելու է։ Կան բազմաթիվ հասարակ լուծումներ, երբ ընդամենը մեկ-երկու պարզ քայլերից հետո տնտեսությունը սկսում է մեծ թափով աճել։ Մինչդեռ զբաղված են իրենք իրենց պարգևատրելով․ տարեկան 150-200 մլն դոլար է հատկացվում դրան։ Մարդը պետք է ստանա մի աշխատավարձ, իրենք ստանում են մի աշխատավարձ, մի պարգև։ Սրանք Հայաստանից սարքել են երկիր, որը ոչ ոքի պետք չէ և միայն հոգս է պատճառում հարևաններին։

«Մենք շատ ծանր վիճակում ենք հայտնվել, բայց այնպես չէ, որ լուծումներ չկան»,- ասում է Հրանտ Բագրատյանը։