copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 14:13 06-05-2022

Խելոք կմնաք՝ անտոկոս վարկեր կստանաք, չէ՞՝ ոչնչի հույս չունենաք

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում օրերս մթերող ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել են այս տարվա մթերումների կազմակերպմանն առնչվող հարցեր, գյուղատնտեսական հումքի գնումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքներին առնչվող խնդիրներ։

Մասնակիցները հատկապես «ծանրացել են» խաղողի մթերումների վրա։ «Սրա համար տրամադրվող վարկի չափի հաշվարկում ներառվելու են միայն հումքի գնման այն պայմանագրերը, որոնք կկնքվեն մինչև տվյալ տարվա հուլիսի 1-ը, իսկ պտուղ-բանջարեղենի մթերումների համար՝ մինչև հունիսի 1-ը»։ Այս պայմանն է դրել կառավարությունը։ Մթերողները «մտահոգ» են ժամկետների սղության և նշված ժամանակահատվածում նախորդ տարվա պատրաստի արտադրանքի իրացման ընթացքով պայմանավորված մթերումների կողմնորոշիչ ծավալները պլանավորելու դժվարության առումներով։ Նրանք փաստել են, որ այդ ժամկետներում գյուղացիները ակտիվ չեն արձագանքում պայմանագրերի կնքման գործընթացին, հատկապես պտղի մթերման մասով։ Այդ իսկ պատճառով կարող են անհրաժեշտ քանակով պայմանագրեր չկնքվել։ Ներկայացվել է, որ կնքված պայմանագրերի շրջանակներում կարող են խնդիրներ առաջանալ համապատասխան քանակությամբ բերքի մատակարարման հարցում, ինչը ռիսկեր է պարունակում թե՛ գյուղացիների և թե՛ մթերող կազմակերպությունների համար։ Քննարկվել է նաև պտղի կամ բանջարեղենի առանձին տեսակների դեպքում հավելյալ ծավալներով մթերման առաջարկների հարցը, որի դեպքում դրանք մթերելու համար վարկային միջոցներից օգտվելը կդառնա խնդրահարույց։ Նախարարը «եզրակացրել» է, որ պետք է ձգտել գյուղացիների հետ աշխատել ավելի համակարգված, որպեսզի վերջիններս իմանան, թե ինչ և որքան աճեցնեն։

Սկսենք վերջից․ ի գիտություն նախարարի՝ նշենք, որ բացի 4-5 անուն բանջարեղենից (լոլիկ, պղպեղ, սմբուկ, լոբի, բամիա)՝ վերամշակողների կողմից մթերվող մնացած գյուղմթերքները պտուղ ու հատապտուղներ են՝ խնձոր, դեղձ, ծիրան, խաղող, ազնվամորի և այլն, և դրանց արտադրության ծավալներն արդեն կախված չեն գյուղացիներից։ Իսկ բանջարեղենն էլ գյուղացին մշակում է՝ ելնելով մանրածախ շուկայի առաջնահերթ պահանջից։ Այնպես որ, «գյուղացիական տնտեսությունների հետ աշխատել» ասվածն ընդամենը ոչինչ չասող գեղեցիկ խոսք է, ոլորտից պատկերացում չունեցողի լոզուգային արտահայտություն։ Բայց էականը դա չէ։

Դեռ մեկ ամիս առաջ Oragir.news-ը անդրադարձել է խաղողի մթերումների հարցին։ Այս ոլորտում հանրապետությունում ամենաճանաչված մասնագետներից մեկը՝ Գինու ազգային կենտրոնի տնօրեն Ավագ Հարությունյանը, բազմիցս հայտարարել է, որ ՀՀ-ում տարեկան աճեցվող 150-180 հազար տոննա խաղողից (20-30 հազարը սեղանի սորտեր են) այս տարի շուրջ 100 հազար տոննան չի մթերվելու, քանի որ նախորդ տարիներին մթերվածը դեռ չի իրացվել։ Ավելին, մեր տեղեկություններով՝ դրա մի զգալի մասն անգամ չի շշալցվել։ Ազատ տարրաներ չկան։ Վերամշակողները մեծ ցանկության դեպքում անգամ չեն կարողանալու խաղող մթերել ու այնքան էլ տրամադրված չեն մթերելու։ Այնպես որ, օգտվելով այս խառը իրավիճակից՝ մի քանի տասնյակ կամ հարյուր տոննա «խիստ պայմանագրային հիմունքներով» մթերելուց հետո տասնապատիկ ավել մթերումներ ցույց կտան ու կհայտարարեն, որ այլևս հնարավորություն չունեն։ Սա հին ու լավագույնս հսկված մեխանիզմ է, որ գործում է արդեն 30 տարի։

Հետևաբար մինչև հունիսի կամ հուլիսի 1-ը պայմանագրերի կնքումը, որի հիման վրա պետք է վարկեր տրամադրվեն, հեքիաթների ժանրից է։ Այս տարի, բացառությամբ խաղողի ու խնձորի, ինչպես որ բոլոր վերջին տարիներին, բոլոր մյուս պտուղ-հատապտուղ, բանջարեղենների առումով ընդգծված քչություն, անբավարարություն է լինելու։ Նախարարին ու իր տեղակալներին այդ մասին գործից հասկացողները հաստատ փոխանցած կլինեն։ Հետևաբար պետք չէ մանիպուլյացիաներով զբաղվել, ինչով որ վերջին տարիներին զբաղված է այս կառավարությունը։

Գյուղատնտեսությունը, գյուղացին բացարձակ անտերության են մատնված։ Եթե ամեն ինչ անտեսենք, միայն այս տարվա պարատանյութի, սերմացուի, դիզելային վառելիքի հետ կապված այդպես էլ չլուծված խնդիրները մեկ անգամ ևս ապացուցեցին, որ այս կառավարությունը բացարձակապես անընդունակ է որևէ խնդիր լուծելու։ Հետևաբար, սպասել, որ վերոնշյալների առումով ինչ որ բան կարվի, առնվազն անմեղսունակություն կլինի։ Բայց եթե այս կառավարությունը, թեկուզ պոպուլիստական (ինչն իրենց էությունն է) նկրտումներից ելնելով, ընդունի օրենքի նախագիծը, որը դեռ 2015թ․-ից ԱԺ-ի գզրոցներում է, ապա մթերումների ոլորտում հարցերը շուրջ 70-80%-ով կկարգավորվեն։ Իսկ նախագիծն ընդամենը մի բանի է ուղղված․ մթերողին պարտադրում է ամբողջ մթերածի մնացորդը (տվյալ դեպքում՝ խաղողի փլուշ ասվածը) որոշակի ժամանակահատված պահել հատուկ պայմաններում, որպեսզի ապացուցի, որ մթերումների վերաբերյալ իր հրապարակած թվերը իրոք համապատասխանում են իրականությանը։ Այլապես այս քննարկումները վերամշակողների հետ ընդամենը քաղաքական նպատակ են հետապնդում, այն է՝ վերջիններիս կախվածության մեջ պահել իշխանություններից․ «Խելոք կմնաք՝ անտոկոս վարկեր կստանաք, չէ՞՝ ոչնչի հույս չունենաք»։